Կվճարի՞ արդյոք ՌԴ-ն Ադրբեջանին՝ ԵՏՄ անդամակցության դիմաց

Օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հստակեցրել է, թե որն է Ադրբեջանի` ԵՏՄ անդամակցության գինը։ «Բաքուն դրական է վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը։

«Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերվում այդ կառույցին, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա։ Բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև մեր երկրում ավելի քան մեկ միլիոն փախստական կա, մեր տարածքի 20 տոկոսն օկուպացված է։ Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ նույն միությունում լինել և այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել»,- ասել է Փոլադ Բյուլբյուլօղլուն։

Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո։

Ուշագրավն այն է, որ ռուսական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր միացման մասին հարցին, պատասխանել էր.

«Եվրասիական տնտեսական միության մեծ բաղկացուցիչ մաս է Մաքսային միությունը. բռնազավթված տարածքների առկայությունը մեզ թույլ չի տալիս Հայաստանի հետ համագոյակցել միասնական մաքսային միության շրջանակում»։

Նա նաև նշել էր, որ եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, բացվեն սահմանները, եթե կարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները, ապա երբեք չպետք է ասել` երբեք, ակնարկելով, որ հնարավոր է Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը։ Երկու օր առաջ էլ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը Մոսկվայում քննարկել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Հանդիպման ժամանակ Մամեդյարովը հայտարարել էր, որ ԼՂ-ի հիմնախնդիրն արդեն չափից ավելի է հասունացել, և, որ անհրաժեշտ է լուծել այն.

«Կա թեմա, կա խնդիր, անհրաժեշտ է լուծել այն։ Այն արդեն իսկ հասունացել է»։ Մամեդյարովը հասցրել է Լավրովին դժգոհել Եվրոպական միությունից և Ռիգայի գագաթաժողովի միասնական հռչակագրում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումներից։

Սերգեյ Լավրովն իր հերթին` հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է. «Ռուսաստանը, նախկինի նման, իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է դիտարկում հակամարտող կողմերի միջև պայմանավորվածության հասնելուն աջակցելը։ Շարունակելու ենք ակտիվորեն աջակցել փոխընդունելի պայմանավորվածությունների փնտրտուքին»։

Որոշ միջազգայնագետներ չեն բացառում, որ հօգուտ Ադրբեջանի ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում Ադրբեջանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը, հատկապես, երբ լարված են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները, սակայն, ըստ նրանց, հարց է` Ռուսաստանը պատրա՞ստ է Ադրբեջանին «վճարել այդ գինը»։

Alexandr SkakovՄեզ հետ զրույցում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ լուրջ չեն խոսակցություններն այն մասին, թե ՌԴ-ն կկարգավորի ԼՂ հակամարտությունը` հօգուտ Ադրբեջանի` այդ երկրի ԵՏՄ անդամակցության համար։ Նրա համոզմամբ` դեսպանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան դիվանագիտական խաղ, որին Ռուսաստանը չի տրվի։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը խուսափում է ցանկացած ինտեգրացիոն պրոյեկտի միանալուց, դա վերաբերում է և՛ ԵՄ-ին, և՛ ԵՏՄ անդամակցությանը։

«Ադրբեջանն իրեն ինքնաբավ երկիր է համարում և կարծում է, որ իրեն այս կամ այն ինտեգրացիոն պրոյեկտին միանալը ոչինչ չի տա։ Ադրբեջանն իրեն անկախ, լավ երկիր է համարում, մեծ հեռանկարներով երկիր է համարում, որին պետք չեն անդամակցություններ ինչ-ինչ կառույցների։ Ուստի իրականում միանալ ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ԵՏՄ-ին Ադրբեջանը չի պատրաստվում։ Դա Ռուսաստանը շատ լավ հասկանում է»,- ասաց Սկակովը` շարունակելով, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և որպես համանախագահ` հետաքրքրված է հակամարտության արդարացի և ոչ միակողմանի, պարտադրված կարգավորմամբ։

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այն վիճակը, որում այսօր Ադրբեջանն է, թույլ չի տալիս ՌԴ-ին մտածել Ադրբեջանին ԵՏՄ կազմ ներքաշելու ուղղությամբ։ «ՌԴ-ն հետաքրքրված չէ միացնել ԵՏՄ-ին, քանի որ չափազանցված է Ադրբեջանի` սեփական նշանակության զգացումը տարածաշրջանում։ Ուզում եմ հիշեցնել, որ օրերս Ռիգայի գագաթաժողովում Բաքվի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում էին, որ Բաքու-ԵՄ համագործակցության մակարդակն իրենց չի բավարարում, քանի որ Ադրբեջանի հետ համագործակցությունն ավելի ցածր մակարդակի վրա է, քան ԵՄ-այլ երկրներ համագործակցությունը, ասես Ադրբեջանը երկրի կենտրոններից մեկն է։ Ուստի ասել, որ ԵՏՄ-ում նման գործընկեր ունենալու մտքով է հետաքրքրված Ռուսաստանը, սխալ կլինի»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։

sergey minasyanԻր հերթին` «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանն ասաց, որ նման հայտարարություններով հանդես գալը դիվանագետների ամենօրյա աշխատանքն է` կարծիք ձևավորել, սակայն ոչ մի էական զարգացում, փոփոխություն` ո՛չ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ո՛չ էլ ադրբեջանառուսական հարաբերություններում, տեղի չի ունենա։ Թեև Մինասյանը համաձայն է կարծիքներին, որ սկզբունքորեն բացասական մթնոլորտ կա Ադրբեջանի և ԵՄ-ի միջև, բայց դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը կփոխի իր քաղաքականությունը, և դժվար թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում դինամիկան հանգեցնի տեսանելի ապագայում Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների էական փոփոխությունների։

«Տեսանելի ապագայում դժվար է կանխատեսել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Այո, փորձում են դիվանագետները խոսել այն թեմաների մասին, որոնք այդ պահին կարևոր են, և կապել այն հարցերն իրար, որոնք իրենց անմիջական շահերից են բխում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն հարց կապել Ղարաբաղի հետ, բայց որևէ լուրջ զարգացում ակնկալել հանդիպումից կամ անել ինչ-որ հեռու գնացող հետևություններ մեկ կամ երկու երանգներից, սխալ է։ Դա չի փոխի արդեն իսկ ձևավորված ռազմավարական կոնստրուկցիան, որը բավականին երկար ժամանակ գոյատևում է և կշարունակի բավական երկար ժամանակ»,- ասաց Մինասյանը։

Դիտարկմանը, թե կարծիք կա` եթե ՌԴ-ն պարտադրի հակամարտության կարգավորում Ադրբեջանին և Հայաստանին` ի օգուտ Ադրբեջանի, Ադրբեջանը դեմ չի լինի միանալ ԵՏՄ-ին, նա արձագանքեց` ասելով, որ այդ կարծիքները միշտ հայտնվում են հայաստանյան լրատվական դաշտում։ «Ես կարծում եմ` դրանք նույն տեղում են գտնվում, ինչպես նմանատիպ խոսակցություններն այն մասին, թե իբրև թե ռուս-թուրքական գործարքներ են հնարավոր։ Ո՛չ առաջինին եմ հավատում, ո՛չ էլ երկրորդին»,- ասաց Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս