Բաժիններ՝

30 բան, որ պետք է դադարել անել սեփական անձի հետ

1. Դադարեք ժամանակ անցկացնել ոչ ճիշտ մարդկանց հետ։ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ժամանակ անցկացնեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզնից քամում են բոլոր հյութերը։ Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ դուք լինեք նրա կյանքում, ապա նա կհոգա ձեր հարմարավետության մասին։ Դուք չպետք է պայքարեք նրա կողքին տեղ ունենալու համար։ Հիշեք, որ իսկական ընկերները նրանք չեն, ովքեր ձեր կողքին են, երբ դուք առանց այդ էլ բարձունքում եք, այլ նրանք, ովքեր ձեր կողքին են մնում, երբ ձեր գործերը լավ չեն։

2. Դադարեք փախչել սեփական խնդիրներից։ Հանդիպեք դրանց երես առ երես։ Ոչ ոք չի ասում, որ դա հեշտ կլինի։ Աշխարհում չկա այնպիսի անձնավորություն, որն ի վիճակի կլինի կատարելապես ընդունել ճակատագրի հարվածները։ Մեզնից չի պահանջվում վայրկենապես լուծել բոլոր խնդիրները։ Մեզ համար պարզապես նորմալ է՝ վշտանալ, ցավ զգալ, տխրել, սայթաքել և ընկնել։ Սա է կյանքի իմաստը՝ խնդիրների առաջ կանգնել, սովորել, հարմարվել և, ի վերջո, լուծել դրանք։ Հենց դա է մեզ մարդ դարձնում։

3. Մի խաբեք ինքներդ ձեզ։ Խաբեք՝ ում ուզում եք, միայն ոչ՝ ինքներդ ձեզ։ Մեր կյանքը կարող է բարելավվել միայն այն ժամանակ, երբ մենք մեզ կարող ենք թույլ տալ ռիսկի դիմել, և 1-ին ամենադժվար ռիսկը մեզ համար ինքներս մեզ հետ ազնիվ լինելն է։

4. Վերջ տվեք ձեր պահանջմունքները հետին պլան մղելուն։ Սարսափելի է, երբ կորցնում ես քեզ՝ չափազանց շատ սեր ու հոգատարություն տալով այլոց և մոռանալով սեփական անձի կարևորության մասին։ Ո՛չ, մի՛ անտեսեք ուրիշներին. պարզապես օգնեք նաև ինքներդ ձեզ։

Կարդացեք նաև

5. Մի փորձեք լինել ուրիշի նման: Աշխարհում ամենաբարդ խնդիրներից մեկն անհատականությունը պահել կարողանալն է այն աշխարհում, որն ամեն կերպ փորձում է ձեզ բոլորի նման դարձնել: Միշտ էլ ինչ-որ մեկն ավելի գեղեցիկ, խելացի կամ երիտասարդ կարող է լինել ձեզնից, բայց նա երբեք ձեզ նման չի լինի: Մի՛ փոխեք ձեզ՝ ուրիշներին ուրախացնելու համար: Ու թող ձեզ սիրեն նրանք, ովքեր ձեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կաք:

6. Մի՛ կառչեք ձեր անցյալից: Դուք չեք կարող սկսել ձեր կյանքի նոր գլուխը կարդալ, քանի դեռ չեք ավարտել նախորդը:

7. Դադարեք վախենալ սխալներ գործելուց: Ինչ-որ բան անելն ու սխալվելն ամենաքիչը 10 անգամ էֆեկտիվ զբաղմունք է, քան ոչինչ չանելը: Ցանկացած հաջողություն կրում է նախկին անհաջողությունների հետքերը, և ցանկացած անհաջողություն տանում է հաջողության: Արդյունքում՝ դուք ավելի շատ կզղջաք ոչինչ չանելու, քան անել-սխալվելու համար:

8. Վերջ տվեք մեղադրել ձեզ անցյալի սխալների համար: Մենք կարող ենք սիրել սխալ մարդու կամ նեղսրտել կատարած սխալների համար, բայց եթե անգամ ամեն բան սխալ է ընթանում, մի բան հստակ է. սխալները մեզ օգնում են գտնել ճիշտ մարդկանց: Ինչ էլ որ ձեր կյանքում պատահի, այն ձեզ պատրաստում է ապագայի ևս մեկ քայլի:

9. Վերջ տվեք երջանկությունը գնելու փորձերին: Մեր ուզած շատ բաներ թանկ արժեն, բայց, օրինակ, մեզ իսկապես երջանկություն պարգևող սերը, ծիծաղն անվճար են տրվում: Ուրեմն արժե մտածել՝ ինչն է արժեքավոր ու առաջնային:

10. Դադարեք փնտրել ինչ-որ մեկի՝ երջանիկ լինելու համար: Եթե դուք ինքներդ ձեզնից գոհ չեք, ապա ձեր կողքին գտնվող որևէ մեկն ի վիճակի չի լինի ձեզ լիարժեք երջանիկ դարձնել: Կայունացրեք ձեր կյանքը՝ նախքան այն ինչ-որ մեկի հետ կիսելը:

11. Վերջ տվեք ծուլությանը: Չափազանց երկար մի՛ մտածեք, այլապես դուք խնդիրներ կստեղծեք այնտեղ, որտեղ դրանք չկային: Գնահատե՛ք իրավիճակը և ձեռնարկեք որոշիչ քայլեր: Դուք չեք կարող փոխել այն, ինչին հրաժարվում եք դիմադրել: Ցանկացած առաջընթաց իր մեջ ռիսկի գործոն ունի: Եվ այստեղ կարևոր է հերթականությունը:

12. Մի՛ մտածեք, որ դուք պատրաստ չեք: Ոչ ոք և երբեք իրեն ինչ-որ բան անելու համար 100%-ով պատրաստ չի զգում: Լուրջ հնարավորությունների մեծամասնությունը մեզ ստիպում է մեր հարմարավետության տարածքից դուրս գալ, ուրեմն մենք իրոք կունենանք անհարմարավետության զգացում: Բայց լուրջ արդյունքի հասնելու ճանապարհին կարելի է դիմանալ նաև դրան:

13. Սխալ հիմքերի վրա հարաբերություններ մի՛ կառուցեք: Դրանք պետք է զարգացնել խելքով: Ավելի լավ է մենակ լինել, քան սխալ ընկերախմբում: Պետք չէ շտապել ընտրություն կատարելիս: Եթե ինչ-որ բան պետք է լինի, դա կլինի ճիշտ ժամանակին, ճիշտ մարդու հետ և լավագույն հիմքով:

14. Մի՛ հրաժարվեք նոր հարաբերություններից միայն այն պատճառով, որ նախկինը հաջողված չի եղել: Կյանքում ձեր ճանապարհին պատահող յուրաքանչյուր ոք ունի իր նպատակները: Մեկը ձեզ կփորձի, մյուսը՝ կօգտագործի, երրորդը՝ կփորձի ինչ-որ բան սովորեցնել, սակայն կարևոր է այն, որ նրանցից ոմանք կհայտնաբերեն ձեր մեջ եղած լավագույնը:

15. Դադարեք բոլորի հետ մրցակցության մեջ մտնել։ Մի՛ մտահոգվեք, որ ինչ-որ մեկը ձեզնից հաջողակ է։ Կենտրոնացե՛ք սեփական նվաճումները թարմացնելու վրա։

16. Մի՛ նախանձեք։ Նախանձը ձեր սեփական հաջողությունները գրանցելու փոխարեն՝ ուրիշի հաջողությունները հաշվելու «արվեստն» է։ Հարցրե՛ք ինքներդ ձեզ. «Ի՞նչ ունեմ ես այն ցանկից, ինչ բոլորն են ուզում ունենալ»:

17. Դադարե՛ք բողոքել և խղճալ ինքներդ ձեզ:  Դուք կարող եք չտեսնել կամ չհասկանալ ձեր շուրջը կատարվող ամեն ինչ, և դա կարող է ցավոտ լինել: Բայց դա պատճառ չէ կյանքն անիծելու համար: Ի վերջո, եթե հայացք գցես անցյալի անհաջողություններին, կտեսնես, որ դրանից հետո եղել են նաև դրական միտումներ՝ հանդիպում կարևոր մարդու հետ, կամ հաջողակ շրջան, կամ էլ պարզապես խաղաղ հոգեվիճակի շրջան է եղել: Ժպտացե՛ք: Թող բոլորն իմանան, որ դուք այսօր ավելի ուժեղ եք, քան եղել եք երեկ:

18. Մի՛ ապրեք ձեր կյանքը՝ սրտում ունենալով ատելության զգացում և նեղվածություն: Արդյունքում՝ դուք ավելի շատ ձեզ կվնասեք, քան նրան, ում ատում եք: Ներել՝ չի նշանակում, որ դուք համաձայն եք այն ամենի հետ, ինչ ձեզ հետ արել են: Ներելը թույլ է տալիս հոգեկան խաղաղություն ու ներդաշնակություն ձեռք բերել և ազատվել հոգին կրծող զգացողություններից: Եվ հիշե՛ք՝ պետք է ներեք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ ձեզ, եթե դրա անհրաժեշտությունը կա:

19. Ձեզ թույլ մի՛ տվեք իջեցնել ձեր նշաձողը, ասել է թե՝ ձեզ հարմարեցնել ուրիշների՝ ավելի ցածր մակարդակին:
20. Ժամանակ մի՛ ծախսեք բացատրություններ տալու համար: Ձեր ընկերները դրա կարիքը չունեն, իսկ թշնամիները, միևնույն է, չեն հավատալու ձեզ: Պարզապես վարվեք այնպես, ինչպես իրականում ճիշտ եք համարում:

21. Վերջ տվեք փակ շրջանի մեջ վազելուն: Երբմեն պետք է անել անկանխատեսելի բաներ, որպեսզի ստանաք ավելին, քան ըստ ծրագրվածի ստանում եք:

22. Դադարե՛ք անտեսել մանրուքները: Հիացեք ամենաչնչին բաներով, քանի որ մի գեղեցիկ օր դուք կարող եք հետ նայել ու հայտնաբերել, որ դրանք իրականում մեծ բաներ են եղել. պարզապես դուք անտեսել եք: Ձեր կյանքի լավագույն հատվածը բաղկացած է աննշան և անանուն իրադարձություններից, որոնց միջոցով դուք, հնարավոր է, ժպիտ եք պարգևել մարդկանց, ովքեր ձեզ համար իսկապես կարևոր են:

23. Վե՛րջ տվեք ամեն ինչ կատարյալ անելու ձեր անիմաստ փորձերին: Իրական կյանքը պարգևատրում է ոչ թե պերֆեկցիոնիստներին, այլ նրանց, ովքեր ձգտում են իրենց նպատակների իրականացմանը:

24. Մի՛ գնացեք փոքր դիմադրության ճանապարհով: Կյանքն այնքան պարզ բան չէ, հատկապես, եթե դուք փորձում եք ինչ-որ բանի հասնել կյանքում: Մի՛ ընտրեք հեշտ ճանապարհը. ինչ-որ էքստրաօրդինար բան արեք:

25. Դադարեք ձեզ այնպես պահել, կարծես ոչինչ չի եղել, և ամեն ինչ կարգին է, եթե դա այդպես չէ: Սարսափելի ոչինչ չի լինի, եթե դուք թուլանաք որոշ ժամանակով: Դուք չպետք է միշտ ուժեղ լինեք, և կարիք չկա անընդհատ ապացուցել, որ ամեն ինչ լավ է ընթանում: Պետք չէ մտահոգվել այն բանի համար, թե ինչ են մտածում ուրիշները: Լա՛ց եղեք , եթե դա ձեզ պետք է: Արցունքները լավ սպեղանի են:

26. Ձեր անհաջողությունների համար ուրիշներին մի՛ մեղադրեք: Ձեր երազանքին հասնելու հավանականությունը կախված է նրանից, թե որքան պատասխանատվություն եք կրում դուք ձեր կյանքի համար: Եթե դուք ձեր խնդիրների համար այլոց եք մեղադրում, ուրեմն ձեր կյանքի համար պատասխանատվությունը դնում եք հենց նրանց վրա: Այդ դեպքում դժվար թե հաջողություն գրանցեք ձեր նախաձեռնություններում:

27. Դադարեք լինել ամեն ինչ բոլորի համար: Դա հնարավոր չէ. այդպես դուք «կայրվեք»: Բայց եթե դուք ուրախություն պարգևեք ինչ-որ մեկի, դա կարող է աշխարհը փոխել: Հնարավոր է՝ ոչ ամբողջ աշխարհը, բայց հաստա՛տ կոնկրետ այդ մեկինը կփոխի:

28. Դադարեք անհանգստանալ չափազանց շատ: Դա ձեզ վաղվա դժվարություններից չի ազատելու, միայն կզրկի այսօրվա ուրախությունից: Եթե ուզում եք պարզել՝ արժե՞ տվյալ բանի համար խիստ անհանգստանալ, պարզապես ձեզ հարցրեք, թե դա արդյո՞ք կարևոր կլինի, ասենք, 1, 3 կամ 5 տարի հետո: Եթե՝ ոչ, ապա պետք չէ անհանգստանալ:

29. Մի՛ կենտրոնացեք այնպիսի բաների վրա, որոնց վրա դուք չէիք ցանկանա բևեռվել: Եվ հիշե՛ք՝ միտքը նյութական է: Եթե դուք ամեն օր արթնանաք այն մտքով, որ ձեր կյանքում այսօր լավ բան է լինելու, ապա դա վաղ թե ուշ կլինի:

30. Անշնորհակալ մի՛ եղեք: Անկախ ձեր գործերի՝ լավ կամ վատ լինելուց՝ ամեն օր, արթնանալուն պես, շնորհակալություն հայտնեք Աստծուն ձեր կյանքի համար, որովհետև ինչ-որ տեղ ինչ-որ մեկը պայքարում է ապրելու համար:

Պատրաստեց Գոհար Սավզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս