Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման Ալ Թանին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման, տարածաշրջանային լարվածության նվազեցման և երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փուլային շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Նախատեսվող համաձայնությունը ներառում է Հորմուզի նեղուցում ժամանակավոր համատեղ ծովային միջանցքի ստեղծում և նեղուցի ականազերծման համատեղ ծրագրի իրականացում։
Ալ Թանին ընդգծել է հարևան երկրների ինքնիշխանության և ծովային նավարկության ազատության հարգման անհրաժեշտությունը՝ կարևորելով լարվածության նվազեցման և տարաձայնությունների երկխոսության միջոցով կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շարունակությունը։
Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կատարին՝ լարվածության նվազեցման և երկխոսությանն աջակցելու ուղղությամբ շարունակվող նախաձեռնությունների ու դիվանագիտական ջանքերի համար։
Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին ավելի վաղ հայտնել էր, որ Ալ Թանին օգոստոսի 27-ին այցելելու է Թեհրան՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և ԱՄՆ-ի ու Իրանի միջև երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերը քննարկելու նպատակով։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, իր հերթին, նշել էր, որ այցը տեղի է ունենում Իրանի և Կատարի երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման շուրջ խորհրդակցությունների շրջանակում։

