Հիմնադիր խորհրդարանը՝ Ժիրայր Սէֆիլյանի հետ Գյումրիում նախատեսված հանդիպումը խոչընդոտելու մասին

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով:

Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մեժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը «Ժառանգություն» կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք անցկացնելու մասին:

Այնուհետև՝ երբ «Ժառանգությունը» մեր խնդրանքով պաշտոնապես հրաժարվել է իր հավաքն անցկացնելուց, քաղաքապետարանը մերժել է մեր իրազեկումը վերանայելու դիմումը, պատճառաբանելով, որ նույն տեղում և նույն ժամին կազմակերպվում է մանկապատանեկան միջոցառում, ինչի համար քաղաքապետարանը համապատասխան խնդրանքով նախապես դիմել էր Ժառանգություն կուսակցությանը:

Մինչդեռ Ժառանգության հավաքի իրազեկումը ներկայացրած Արմեն Մարտիրոսյանը մեզ պաշտոնապես հավաստիացրեց, որ այդպիսի դիմում չի ստացել:

Կատարվածը փաստում է, որ Գյումրիի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չեն և իրականում ռեժիմի ցուցումով միտված են Շարժման քայլերը խափանելուն: Մասնավորապես՝ մեր միջոցառումը քաղաքական բնույթ ունի, ուստի պետք է առաջնահերթություն ունենա որևէ այլ, այդ թվում՝ մշակութային միջոցառման նկատմամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թատերական հրապարակում նախատեսված միջոցառման մասնակիցները երեխաներ են, Գյումրեցիների և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կազմակերպվում է այլ վայրում՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակում՝ ժամը 16:00-ին»:

 

Տեսանյութեր

Լրահոս