Բաժիններ՝

Ինչ առավելություններ ունի տնական հացը

Վերջին տարիներին մարդիկ նախընտրում են խանութից գնած հացը, և քչերն են տանը հաց թխում: Իսկ տնական հացը մի շարք առավելություններ ունի՝

1. Այն բնական է և էկոլոգիապես մաքուր: Հացը, որ ես նախկինում խանութից էի գնում, 6-7 օրվա ընթացքում թարմ և փափուկ էր մնում: Իհարկե, սա սպառողի տեսանկյունից լավ է, բայց եթե խորհենք, առանց քիմիական նյութերի օգտագործման բնական բաղադրիչներից պատրաստված հացը չի կարող այդքան երկար թարմ մնալ: Երբ հացը քո ձեռքերով ես պատրաստում, կարող ես վստահ լինել, որ այն ոչ մի ավելորդ քիմիական նյութ չի պարունակում, այլ միայն բնական, թարմ մթերքներ:

2. Այն օգտակար է և համեղ: Տանը կարելի է թխել իսկապես օգտակար հաց, օրինակ՝ տարեկանի ալյուրից և կտավատի սերմերի, վարսակի փաթիլների և հացահատիկային թեփի հավելումներով: Խանութում այդպիսի հաց չեք գնի, իսկ եթե գնեք էլ՝ բավականին թանկ: Եվ բացառված էլ չէ, որ այն այդքան էլ համեղ չի լինի: Տանը ես սովորել եմ վերը նշված բաղադրիչներով և համեմի սերմերի հավելումով տարեկանի հաց պատրաստել, և այն իսկապես համեղ է ստացվում, իսկ խանութից գնված տարեկանի հացը ես երբեք չեմ կարողացել ուտել:

Արժե՞ ևս մեկ անգամ էլ հիշեցնել, որ հացահատիկային թեփով տարեկանի հացը, ի տարբերություն սպիտակի, ոչ միայն վնասակար չէ, այլև միանշանակ օգտակար է, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և սննդային բջջանյութ:

3. Դա հեշտ է: Կարծիքներ կան, որ հաց թխելը շատ բարդ է, և բավական է մի բան այնպես չանել, ինչպես բաղադրատոմսում է նշված, և փափուկ հացի փոխարեն կստացվի պինդ և ոչ համեղ բլիթ: Բայց սա ճիշտ չէ: Այս ամիս ես շատ տարբեր հացեր եմ թխել և ճշգրտորեն հետևել եմ բաղադրատոմսին միայն սկզբում՝ վախենալով, որ եթե բաղադրիչներից որևէ մեկը պահանջվածից մի քանի գրամով պակաս լինի, ոչինչ չի ստացվի: Հետագայում ես նոր և նոր բաղադրիչներ եմ ավելացրել, նոր բաղադրատոմսեր եմ փորձել, փոխել դրանք, և ոչ մի «չստացված» հաց էլ չի եղել: Ճիշտ է, տոմատով պատրաստվածը տարօրինակ համով հաց էր, որը կարող է ոչ բոլորին դուր գալ… բայց փաստ է, որ նույնիսկ այն շատ էլ լավ էր «ստացվել»:

Ի դեպ, հատուկ հաց թխող ջեռոցի առկայության դեպքում հաց թխելը կրկնակի հեշտ է. պետք է պարզապես դրա մեջ լցնել բաղադրիչները և մոռանալ դրա մասին, իսկ մի քանի ժամ հետո պատրաստի հաց կստացվի:

4. Այն բազմազան է: Սուպերմարկետում, որտեղ ես նախկինում հաց էի գնում, առաջարկվում է բավականին մեծ ընտրություն, սակայն ինձ միայն մեկն էր դուր գալիս, ուստի մենք ամիսներ շարունակ միայն դա էինք ուտում: Հիմա մեր սեղանին ամեն օր նոր հաց է լինում՝ սպիտակ, տարեկանի, ձիթապտուղներով և նույնիսկ տոմատով:

5. Այն թանկ չէ: Տնական հացի ինքնարժեքը գրեթե երկու անգամ քիչ է խանութի հացից, եթե, իհարկե, ալյուրը մեծածախ կետերից վերցնեք, թեկուզ 10 կգ պարկով:

Վրեժ Հովսեփյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս