Բաժիններ՝

Մարմնի լեզվի 10 հմտություն, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել բիզնեսում

Յուրաքանչյուր բիզնեսմեն գիտի, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես ասում, այլ՝ ինչպես ես դա ասում: Նույնիսկ, երբ չեք խոսում, միևնույն է՝ դուք դեռ շարունակում եք հաղորդակցվել: Երբ հասկանաք մարմնի լեզուն և, թե ինչ եք ասում դրանով, դուք կարող եք կառավարել այն և ստիպել մարդկանց ձեզ օգնել բիզնեսում: Օգտագործելով այս հմտությունները՝  կխնայեք ձեր ժամանակը, և համոզված եղեք, որ հաջողության կհասնեք:

Պահպանեք զրուցակցի հետ աչքերի «կապը»- Աչքերի մեջ նայելը միշտ էլ համարվել է ազնվության և լավ վարքի նշան: Բայց սա  չի նշանակում, որ պետք է անընդմեջ նայել ինչ-որ մեկի աչքերի մեջ, քանի որ դա կարող է համարվել ագրեսիայի դրսևորում: Եվ քանի որ դուք չեք ցանկանում այդպիսի տպավորություն գործել, խուսափեք դրանից: Համոզվեք, որ ուրիշ կողմ չեք նայում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն իր համար կարևոր բանի մասին է խոսում, այլապես սա կնշանակի, որ դուք անտեսում եք իր կարծիքը:

Ճիշտ կեցվածք ընդունեք- Ուսերն առաջ բերելով և ձեռքերը կրծքի մոտ խաչելով՝ պաշտպանվելու և վախեցած լինելու տպավորություն կստեղծեք: Ուսերը ետ տարեք և հանգիստ թողեք ձեռքերը: Այս կեցվածքը հանգիստ և վստահ լինելու տպավորություն կստեղծի:

Ձեռքսեղմում-  Ձեռքսեղմման կարևորության մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Շատերը նույնիսկ կարծում են, որ ձեռքսեղմումը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Լավ տպավորություն գործելու համար համոզվեք, որ ձեռք սեղմելիս հարձակում չեք գործում:

Պահպանեք հայացքի ուղղությունը- Խոսելուց առաջ կամ խոսելու ընթացքում վերև կամ կողք նայելը կարող է կասկածի առիթ տալ: Որոշ մարդիկ կարծում են, որ դա ստելու նշան է և ցույց է տալիս, որ դուք ձեր պատմածում ինչ-որ մի բան թաքցնում եք: Խոսելու ընթացքում պահպանեք հայացքի ուղղությունը, այլապես համոզված եղեք՝ այն, ինչ ասում եք, պարզապես ժամանակի վատնում է:

Որոշեք ձեր տարածքը- Համոզված եղեք, որ սենյակի այն հատվածը, որտեղ դուք եք գտնվում, ամբողջովին ձերն է: Դուք կարող եք այն ընդլայնել՝  հստակեցնելով ձեր դիրքը կամ պարզապես սենյակում շրջելով: Երբ ինչ-որ մեկը փորձի ներխուժել ձեր տարածք, թույլ մի՛ տվեք նրան վախեցնել ձեզ կամ  չնկատել ձեր ներկայությունը:

Երբեք մի հուզվեք- Հուզմունքը, որն  արտահայտվում է մատներով սեղանին  հարվածելու տեսքով, թերթեր շպրտելով, մազերի հետ խաղալով, խզբզելով կամ ոտքերը շարժելով՝ նյարդայնացած և ձանձրացած լինելու նշան է:  Սա տեղի է ունենում, երբ ինչ-որ մեկը փորձում է շեղել իր ուշադրությունն անհարմար իրավիճակից: Երբ հուզվում եք՝ ոչ միայն նյարդայնացած և անվստահ տեսք եք ունենում, այլև ստեղծում եք իրավիճակին կարևորություն չտալու տպավորություն:

Ժպտացեք– Կարող եք ժպտալ՝ համոզելու համար, որ գոհ եք ինչ-որ բանից կամ փորձում եք գոհացնել ուրիշներին: Դուք կարող եք ժպտալ՝ ցույց տալու համար, որ վստահ եք, հավաքված և ակնկալում եք ավելի շուտ գոհանալ, քան՝ գոհացնել:

Վստահ շարժվեք- Այն, թե ինչպես եք քայլում, խոսում է ձեր ինքնավստահության մասին, և, թե ինչպես մարդիկ կընդունեն ձեր կարողությունները: Մի վարանեք ձեր շարժումներում, այլապես տպավորություն կստեղծեք, թե կասկածում եք ինքներդ ձեզ վրա: Երբ պատահաբար ընկնում եք կամ ինչ-որ մեկին բախվում, հանգիստ տարեք այդ փաստը, պետք չէ վեճի բռնվել ոչ մեկի հետ: Այդ դեպքում դուք ավելի վստահ տեսք կունենաք:

Ճիշտ դիրքավորվեք- Ինչ-որ մեկի հետ զրուցելիս պետք է որոշակի տարածության վրա լինեք՝ ոչ չափազանց հեռու, ոչ էլ չափազանց մոտ: Մի փոքր կռանալը հետաքրքրության նշան է, բայց շատ մոտ կանգնելով զրուցակցին՝ կվախեցնեք և կնյարդայնացնեք նրան: Ետ կանգնելով՝ ցույց եք տալիս, որ բավականին բան եք լսել. սա լավ միջոց է «հանգստացնելու» համար անդադար խոսողին:

Կառավարեք ձեր դեմքի արտահայտությունը- Մարդիկ խոսելիս հենց դեմքին են նայում: Եթե տեղյակ չեք ձեր դեմքի արտահայտությունից, դուք կարող եք ավելին կորցնել, քան սպասում էիք:  Բերանը կամ շրթունքները շարժելով՝ կարող եք տպավորություն ստեղծել, որ ինչ-որ բան եք թաքցնում:

Աղբյուրը՝ http://www.businesspundit.com/
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս