Բաժիններ՝

«Էմիրությունների հայկական համայնքում իշխում են հատվածական շահերը»

Անցած շաբաթավերջին Միացյալ Արաբական Էմիրություններում տեղի է ունեցել թեմական ժողովի անդամների ընտրություն: Սփյուռքի հայկական կյանքում կարևորագույն դեր ունի թեմական ժողովը, որն առաջնորդի և այլ կառույցների օգնությամբ ղեկավարում է համայնքի թեմական կյանքը: ՄԱԷ-ի վերջին ընտրությունը բուռն քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում. համայնքային կյանքին ծանոթ շատ մտավորականներ նշում են, թե հայկական համայնքներում տասնամյակներ շարունակ անցկացվող այդ ընտրությունները ձևական բնույթ են կրում, քանի որ չեն նպաստում համայնքներում առկա հարցերի լուծմանը: Հարցը քննարկվում է հատկապես Էմիրությունների դեպքում. Էմիրությունների` արտաքինից բարեկեցիկ ու խաղաղ թվացող հայկական համայնքում, պարզվում է, բազում ներքին խնդիրներ կան:

«168 Ժամը» հարցազրույց ունեցավ ՄԱԷ-ում հայտնի մտավորական, Միջին Արևելքի «Ազատ հայ» կայքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր, Consider Consultancy բիզնես մենեջմենթ խորհրդատվական ընկերության տնօրեն Հրաչ Քալսահակյանի հետ, ով նույնպես թեմական ժողովի անդամության թեկնածու էր և հաճախ է տարբեր առիթներով բարձրաձայնում ՄԱԷ-ի հայկական համայնքում առկա խնդիրների մասին:

– Պարոն Քալսահակյան, թեմական ընտրություններն ի՞նչ կարևորություն են ներկայացնում համայնքների համար, և ի՞նչ դեր են ստանձնում ընտրված մարդիկ:

– Միացյալ Արաբական Էմիրության հայության այս տարվա հունվարի 16-ի ընտրությունը կայացել է` որպես հիմք ունենալով 1860 թվականին Կ.Պոլսում ընդունված Ազգային Սահմանադրությունը: Թեմական ընտրությունը (կամ, ինչպես այլ համայնքներում ընդունված է անվանել, պատգամավորական կամ գավառական ընտրությունը) տեղի է ունենում չորս տարին մեկ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո:

Կարդացեք նաև

Էմիրությունների դեպքում գործում է տեղական կանոնագրություն, որը վավերացվել է 1994 թվականին` Գարեգին Բ կաթողիկոսի (հետագայում` Ամենայն Հայոց Գարեգին Ա. կաթողիկոս) կողմից և ունի 100 հոդված: Այդ կանոնագրությունն արմատական վերափոխման կարիք ունի: Վերջերս վերանայման փորձ է կատարվել, բայց հանրությանը դեռևս չի ներկայացվել:

Hrach Qalsahakyan (1)

Մինչև 2014 թվականը Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Քաթարը մեկ թեմ էին կազմում, սակայն այժմ վերածվել են երկու թեմի. մեկը Քուվեյթն է առանձին, իսկ մյուսը` Էմիրություններն ու Քաթարը` որպես առանձին միավոր (թեմ): Նախատեսված է երկու առաջնորդ ունենալ, մեկը` Քուվեյթում, իսկ մյուսը` Աբու Դաբիի նորակառույց առաջնորդարանի շենքում:

Ինչ վերաբերում է թեմական մարմնին, ապա այն թեմի գլխավոր ընտրական օղակն է, որ ընտրվում է ուղղակի ժողովրդի կողմից: Հայկական համայնքներում թեմական ներկայացուցիչներին մեծ դեր է վերապահված: Ըստ կանոնագրության` թեմական ներկայացուցիչները պետք է հոգան համայնքի կրոնական, բարոյական, մտավոր, կրթական կարիքները, հսկեն, որ կրոնական-եկեղեցական կյանքն ընթանա կանոնավոր: Նրանք պետք է հոգ տանեն, որ համայնքի հայ անդամներն ունենան հայեցի դաստիարակություն ու ստանան անհրաժեշտ ուսում և կրթություն:

Թեմականները նաև պարտավորություն ունեն` ավելացնելու եկեղեցու հասույթները, միջոցներ հայթայթելու անհրաժեշտ ծախսերը հոգալու համար, խնամակալություն սահմանելու համայնքի կարիքավորների և աղքատների համար, լուծելու ամուսնական վիճելի հարցերը, մի խոսքով, նրանք ուղղակի աշխատանք պետք է տանեն համայնքի բարօրության և առաջադիմության համար:

Վերջին ընտրությանն ընտրվեց 7 թեմական անդամ` Հյուսիսային Էմիրություններից (այսինքն` Շարժայից և Դուբայից), 3 թեմական ընտրվեց Աբու Դաբիից և 3 թեմական` Դոհայից (Քաթար): Թեմի երեք կենտրոններում 13 աթոռների համար ներկայացված էր 16 հոգի:

– Ընտրվողները սովորաբար կամավոր հիմունքներո՞վ են ծառայում:

– Այո, ընտրվողները գործում են կամովին` առանց նյութական վարձատրության: Այդ պատճառով սովորաբար թեկնածուները նյութապես կայացած ու ապահովված մարդիկ են լինում: Դժբախտաբար, համայնքի համար մտավոր մեծ ներուժ ենթադրող այս ընտրական մարմնում առկա է մտավորականների մեծ պակաս: Առհասարակ, համայնքի բոլոր խավերը չէ, որ ներկայացված են թեմական մարմնում, և դա լուրջ մտահոգության առիթ է տալիս:

Թեմական կազմի անդամների մեծ մասը նույն անձինք են, որ տասնամյակներ շարունակ վերընտրվում են նույն փոքրաթիվ ընտրական զանգվածի կողմից, որ 160 ձայնից ավելի չի կազմում և ունի որոշակի գունավորում: Նրանց չի հաջողվում ընդլայնել ընտրազանգվածը, քանի որ իրենց առջև նման նպատակ չեն դնում: Իսկ եթե անկեղծ լինենք` դա իրենց շահերին դեմ է, իրենց ձեռնտու է իրականացնել այսպիսի՛ ընտրություն, որը կարող ենք բնորոշել` իբրև ինքնամփոփ ու հատվածական ընտրություն` ընկերական, բարեկամական, խնամիական և ոչ պաշտոնական ձևով արտահայտված, բայց կուսակցական ենթահողով (նկատի ունի ՀՅԴ կուսակցության դերակատարումը նշված ընտրության մեջ.- Ա.Թ.): Նույն պատկերն է աշխարհի համարյա բոլոր հայկական համայնքներում:

– Այս տարվա ընտրությունն ինչո՞վ էր հատկանշվում, որ քննարկման թեմա էր դարձել:

– Այս տարվա թեմական ընտրությունը մի շարք խոցելի կողմեր ուներ: Նախ` թեկնածուները բոլորն էլ տղամարդիկ էին, կանայք չկային: Ավելորդ է նույնիսկ նշել կնոջ դերակատարման մասին, որ նա կարող է ունենալ համայնքի բարոյական, կրթական և ընդհանրապես զարգացման հարցերում: Էմիրությունների հայկական համայնքում նկատելի թիվ ունեցող երկու խավերը` հալեպահայերն ու հայաստանցիները, ընդհանրապես բացակայում էին: Հարյուրավոր հայաստանցիներ են ապրում Էմիրություններում, բայց ընդհանրապես նրանցից շատ քիչ թվով ներկայացուցիչներ են գործում համայնքի կառույցներում: Կարևոր աշխատանք պետք է տարվի` հայաստանյան տարրը ներգրավելու համար:

Համայնքում կան նաև այլ անտեսված խավեր, օրինակ, Դուբայում գործող պրոֆեսիոնալ մասնագետ հայերը, ովքեր իրենց մեծ նպաստը կարող են բերել համայնքի կյանքի առաջադիմության ու զարգացման գործում. որոշ հաշվարկներով` նրանց թիվը հազարից անցնում է:

Իհարկե, գտնվելու են մարդիկ, ովքեր կարող են արդարացնել վերը նշված բոլոր հանգամանքները, բայց այս երևույթները գաղութում այնքան ցայտուն են, որ դժվար է շպարել կամ ծածկել: Թեմական ընտրության ժամանակ տիրական է երեք տեսակի թեկնածուների ներկայություն` մեծահարուստներ («սփյուռքահայ օլիգարխներ»), քեսաբցիներ և դաշնակցականներ:

– Իսկ քվե ունեցող, Ձեր ասած, 160 հոգին ովքե՞ր են, հազարների հասնող հայկական համայնքում միայն այդքա՞ն մարդ է մասնակցում ընտրությանը, մանավանդ, ասում եք, որ այս ընտրության ժամանակ որոշվում է համայնքի կյանքը վարող բարձրագույն մարմինը:

– Այդ նշված թիվը համայնքի միայն մի չնչին, մոտավորապես 4-5 %-ն է ներկայացնում: Ընտրություններին մասնակցելու մեծագույն խոչընդոտն ազգային տուրքն է (համայնքի անդամների համար պարտադիր վճարում), մի հասկացություն, որ փոխանակ հայությանն ավելի մոտեցնելու եկեղեցուն և ազգային կյանքին, պատճառ է դառնում, որ մեծ թվով հայեր հեռու մնան այդ կյանքից, որովհետև նրանք տարիներով կուտակված ազգային տուրք ունեն:

Ազգային տուրքը նույնպես եկեղեցական կանոնագրությամբ սահմանված տարեկան վճարում է: Այն անձինք, ովքեր ազգային տուրք չեն վճարել, չեն կարող ընտրություններին մասնակցել: Նաև ամուսնության, մկրտության և հուղարկավորության դեպքում` պարտադիր է, որ տվյալ անձը մինչև այդ արարողություններն իրականացնելը վճարած լինի իր ընտանիքի ազգային տարեկան տուրքը, հակառակ դեպքում չի կարող իրականացնել նշված արարողությունները:

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն այն հայերը (առանց խտրականության), որոնք նվազագույնը վեց ամիս առաջ հաստատվել են համայնքում: Հետաքրքիր է, որ այս թեմը, չնայած պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, բայց ընդունում է նաև ոչ առաքելական հայերի ընտրությունն ու թեկնածությունը: Այդ առումով այն բացառիկ է աշխարհում: Վերջին ընտրությանը կաթոլիկ մի հայ էր ընտրվել թեմի բարձրագույն մարմնում` առաքելականից ավելի ձայներ ստանալով:

Ինչ վերաբերում է ընտրողների քչաթիվ զանգվածին, ապա գաղութի մոտ հինգ հազար հայերը դուրս են մնում ընտրական գործընթացից, և ընտրություններից առաջ այնպիսի մեխանիզմներ են գործի դրվում, որպեսզի մոտ 160 հոգու միջոցով հասնեն որոշված արդյունքների, ինչը, իհարկե, դժվար չէ: Ընտրությունից դուրս մնացած հինգ հազար հոգու մասին ասում են, թե «անտարբեր» են, «անհոգ» են, մինչդեռ նրանց ներգրավելու ուղղությամբ ոչ մի լուրջ աշխատանք չի տարվում: Արդյունքում` ստացվում է, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն ազգային տուրք վճարողները:

– Ինչքա՞ն է կազմում ազգային տուրքն Էմիրություններում:

– Էմիրություններում այսօրվա դրությամբ ազգային տուրքը սահմանված է մեկ ընտանիքի համար` տարեկան 100 դիրհամ (որ հավասար է մոտավորապես 13000 հայկական դրամի):

– Սփյուռքում մտահոգիչ հարցերից են խառն ամուսնությունները. ինչպիսի՞ն է այդ առումով վիճակն Էմիրություններում:

– Խառն ամուսնությունների առումով` արևմտյան երկրների պես մեզ մոտ բարձր չէ տոկոսը, քանի որ Էմիրությունների հայ բնակչության մեծ մասը Միջին Արևելքի պահպանողական միջավայրերից են գալիս: Բայց արդեն սկսվել է խառն ամուսնության երևույթն ավելի շեշտվել, մանավանդ` Դուբայի նման աշխարհաքաղաքական միջավայրում:

– Իսկ Ձեր նշած խնդիրները` թեմական կյանքի հետ կապված, ի՞նչ լուծում կարող են ունենալ:

– Դժբախտաբար թեմական ներկայացուցիչներն անտեսել են գաղութում մարդուժի պատրաստության հարցը: Տարիների ընթացքում նրանց չի հաջողվել սերնդափոխություն իրականացնել: Արդյունքն այն է եղել, որ հազարավոր հայեր դուրս են մնացել կառույցից, այսքան տարվա ընթացքում չենք ունեցել գոնե մեկ հայկական միօրյա մանկապարտեզ կամ նախակրթարան, գոնե մեկ հայկական տպագիր կամ համացանցային լրատվամիջոց, մամուլ, գոնե մեկ մարմին, որ կզբաղվի համայնքի անդամների հաշվառմամբ և ընդունելությամբ, կամ մի կառույց, որ կարողանա տարրական մասնագիտական օգնություն ցուցաբերել գործազրկության վտանգի տակ գտնվող հայերին (Էմիրություններում գործազուրկը պարտավոր է մեկ ամսից լքել երկիրը):

Բոլոր հարցերը կարող են լուծվել միայն ժողովրդավարության հաստատմամբ: Ցավոք, համայնքում ժողովրդավարության խիստ պակաս կա, գաղութը խեղդամահ է լինում, և այդ օղակն օրըստօրե ավելի է սեղմվում: Ինչո՞ւ թեմական անդամը պետք է ընտրվի հայության չնչին տոկոսի ձայներով միայն: Այդպիսի ընտրությունը որքանո՞վ է արդար, նույնիսկ, եթե ղեկավարվում է կանոնագրությամբ, և առհասարակ, կարելի՞ է ապավինել մեկուկես դարի կյանք ունեցող սահմանադրությանը, որ ստեղծման օրվանից ի վեր էական փոփոխությունների չի ենթարկվել և ժամանակավրեպ է արդեն:

Մյուս կողմից էլ` ափսոսանք ենք հայտնում, որ մեր համայնքները նոսրանում են, և ազգային եկեղեցական կյանքը դառնում է որոշ մարդկանց ու հատվածների մենաշնորհը: Այսօր Էմիրությունների հայկական համայնքում, փաստորեն, իշխում են հատվածական շահերը:

Մեր համայնքի թեմական ներկայացուցիչներին հաջողվել է երկու եկեղեցական շքեղ համալիր կառուցել, բայց այդ կառույցները մարդկային ռեսուրսի կարիք ունեն: Շքեղ շենքերը չեն մեր գոյատևման երաշխիքը:

Ժողովրդավարության կիրառումն է, որ հնարավորություն է տալու առողջ ու բարեկեցիկ կյանք ունենալ: Այսօր թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում հայկական կյանքի ամենամեծ արատը ժողովրդավարության պակասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս