Բաժիններ՝

Պետությունը մոռանո՞ւմ է, որ Գյումրիում ընտանիքների անդամների թիվն ավելանում է

Asparez.am-ըգրում է. 7 անձին պետությունը տրամադրում է 1 սենյականոց բնակարանի շուկայական նվազագույն արժեքին համապատասխան ֆինանսական աջակցություն, իսկ աջակցություն տրամադրելու ժամանակն անհայտ է:

Հանրապետության երկրորդ քաղաքի քայքայված 26-ամյա տնակներում արդեն ծնվում եւ մեծանում է երկրորդ սերունդը, աճում են ընտանիքները, ավելանում ընտանիքների ադամների թիվը, իսկ բնակարանային փոխհատուցման ծրագիրը` երկարաձգվում. հետեւանքում՝ սեփական տանիք ունենալը շարունակում է մնալ երազանք, իսկ ընտանիքների համար ավելանում են հուսահատ օրերը:

88-ի աղետից հետո Գյումրու 103/117 ժամանակավոր կացարանում է ապրել Հակոբյան եղբայրների ընտանիքը: 1993-ին եղբայրներից մեկը բնակարան է ստացել եւ տեղափոխվել «Անի» թաղամաս, իսկ մյուս եղբայրը սպասել նոր բնակարանի: Ներկայում Հակոբյանների 7 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքի տնակը, որտեղ ապրում են արդեն 26 տարի, անձրեւաջրերից, կիզիչ արեւից քայքայված է, պայմանները` անբավարար: Այս պայմաններում են ծնվել ու շարունակում են մեծանալ 2 մանկահասակ երեխա: Նրանց հայրը եւս ծնվել ու մեծացել է տնակային պայմաններում:

Տնակի տարածքի վաճառված լինելու մասին բնակիչներին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետարանը` դեռ 2010 թվականին: Այս տարիներին էլ ընտանիքին տեղեկացրել են, որ իրենց բնակարանային հարցը կարող է լուծվել Գյումրիում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված լինելու չափանիշներին համապատասխան` ըստ հերթականության, իսկ արտահերթ բնակարանների բաշխման ծրագիրն այսօր Գյումրիում դեռ չի մեկնարկել եւ հարց է, երբ է այն մեկնարկելու կամ արդյո՞ք մեկնարկելու է:

Վերջերս Հակոբյանները քաղաքաշինության նախարարությունից գրավոր հետաքրքրվել են, թե բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) ծրագրում արդյո՞ք իրենք պետք է ընդգրկվեն կամ արդեն ընդգրկվել են. պատասխանը զարմացրել է ընտանիքին. «Տվյալ դեպքում Ձեր` երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 26 շենքի 15-րդ բնակարանի դիմաց նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շրջանակներում Ս.Հակոբյանին հատկացվել է բնակարան: Նշված փաստի հիման վրա Գյումրու քաղաքապետի կողմից ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված ցուցակում Դուք` ընտանիքի 4 անձով հաշվառված եք վերը նշված հասցեի դիմաց որպես 1 սենյականոց բնակարանի շուկայական նվազագույն արժեքին համապատասխան ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող, հետեւաբար Ձեր ընտանիքի բնակապահովման խնդիրը չի կարող լուծվել ծրագրի շրջանակներում: Միաժամանակ տեղեկացվում է, որ ծրագրի չափանիշներին չհամապատասխանող անօթեւան ընտանիքների, այդ թվում նաեւ Ձեր ընտանիքի բնակապահովման հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ ծրագրի ավարտից հետո` հետագա տարիներին նմանատիպ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք ծրագրերի շրջանակներում` այդ ուղղությամբ միջոցներ նախատեսվելու դեպքում»,-ասված է գրավոր պատասխանում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս