«Սերժ Սարգսյանը պետք է լսի Լուկաշենկոյին». Հովհաննես Իգիթյան

«Լսե´ք Լուկաշենկոյի հայտարարությունները: Ինձ թվում է` Սերժ Սարգսյա´նը պետք է լսի նրան: Ես չգիտեմ` ընդհանրապես Սերժ Սարգսյանը կարդո՞ւմ է թերթեր »,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հեռանկարին, Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների սրմանը և Բելառուսի նախագահի սկանդալային հայտարարություններին, որոնցում նա քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին:

Իգիթյանի մեկնաբանությամբ` Լուկաշենկոյի հայտարարությունների գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանի շուկան հիվանդ է, և սրանից պետք է դաս քաղի նաև Հայաստանը: Թեև նախատեսվում է, որ 2015 թ. հունվարի 2-ից Հայաստանը, համապատասխան պայմանագրի համաձայն, դառնալու է ԵՏՄ անդամ պետություն, սակայն Հ. Իգիթյանը կարծում է, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է փորձի գտնել այլ շուկաներ:

Ըստ նրա` այսօր դա անում են Բելառուսն ու Ղազախստանը` փորձելով փրկել իրենց շուկաները: Եվ սա այն դեպքում, երբ ԵՏՄ-ում ստեղծվել է այնպիսի անհեթեթ իրավիճակ, որ Ռուսաստանն արգելում է մեկ միասնական տնտեսական տարածքի անդամ հանդիսացող Բելառուսին տրանզիտով ապրանք տեղափոխել նույն տարածքի անդամ Ղազախստան.

«Խեղճ Բելառուսը չգիտի` ո՞ւմ դիմի, ո՞ւր գնա, ո՞ւմ բողոքի, միջազգային արբիտրա՞ժ` Հաագա՞, Ստոկհո՞լմ, որ Ռուսաստանը խախտում է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել` կապված միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության հետ»:

Հ. Իգիթյանը հստակ չի նշում, թե իր կարծիքով` Հայաստանը 2015 թ. հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ անդամ, թե ոչ, բայց ուզում է հավատալ, որ այդ միությունը չի կայանալու:

«Եվ դա լավ չէ, որ չի կայանալու, որովհետև այս միության տնտեսական գործոնը չի աշխատելու, գործելու է միայն քաղաքականը`այն, ինչ այսօր գործում է. այն հայտարարությունները, որ անում է Պուտինը, որ «մենք միասին ենք», «մենք ստեղծել ենք մի միություն» և այլն, և այլն, զուտ քաղաքական հայտարարություններ են»,- ասաց նա:

Միջազգայնագետը նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ԵՏՄ-ին անդամակցելուն այլընտրանք չկար, և համաձայն չէ նաև այն համոզմանը, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին «անշրջելի» է:

Իգիթյանը նկատեց, որ անգամ ԵՏՄ անդամ պետություններից Բելառուսի և Ղազախստանի առաջնորդներն են հայտարարում, որ ԵՏՄ անդմակցությունը շրջելի է, և իրենք հարկ եղած դեպքում կարող են հրաժարվել այդ պայմանագրից, եթե դա պահանջի իրենց ազգային շահը:

«Մեզնից ավելի շուտ այնտեղ մտած երկրները փորձում են փրկել իրենց շուկան: Հայաստանն էլ պետք է փրկեր: Շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու, որ այն շուկան, ուր գնում ենք, հիվանդ է և գնալով ավելի մեծ խնդիրներ կունենա: Խոսքը Ռուսաստանի շուկայի մասին է:

Հիշո՞ւմ եք այն ոգևորված հայտարարությունները` հատկապես հանրապետական քաղաքական գործիչների կողմից: Երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում` կապված մթերքների հետ, այստեղ սկսած նախարարից` վերջացրած վերջին հանրապետականով ոգևորված ասում էին` ինչ լավ է, մեծ շուկա է բացվում, և մենք մեր խնձորներով կգնանք այդ շուկան»,- նշեց Իգիթյանը` ընդգծելով, որ հնարավոր չէ նախապես հաշվարկով մտնել այն շուկան, որտեղ սպասվում է տեղական արժույթի, տվյալ դեպքում` ռուբլու անկում:

Ինչ վերաբերում է Պուտինի երեկվա հայտարարությանը, որ Ռուսաստանի տնտեսությունը դուրս կգա այսօրվա վիճակից մեկ կամ երկու տարվա ընթացքում, փորձագետն ասաց, որ չգիտի, թե ինչի վրա է հիմնված Ռուսաստանի նախագահի լավատեսությունը. «Դա զուտ նախադասություն է, որը նա ասաց»:

Փոխարենը նա կանխատեսում է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը կարող է ավելի վատթարանալ, որովհետև Ռուսաստանը, ինչպես երևում է, չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ: Իսկ դա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցները գնալով կխորանան:

Այս իրավիճակում նա առաջարկում է ստեղծել ռիսկերի գնահատման վերլուծական խումբ, որը կփորձի փրկել Հայաստանի տնտեսությունը, որն օրգանապես կապված է Ռուսաստանի հետ:

«Հայաստանը շատ ավելի խոցելի և շատ ավելի փոքր շուկա է: Երկու տարին մեզ համար կործանարար է. այս իրավիճակում մենք երեք ամիս էլ չենք դիմանա, որովհետև ի վերջո մենք ունենք արտահոսքի պրոբլեմներ, ունենք տրանսֆերտներ, որոնք կրճատվել են: Բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք նաև հայրենակիցներ, ովքեր դրսում են և եթե տեսնեն, որ այստեղ հնարավոր չէ ընտանիք պահել, կարող են ընդհանրապես իրենց ընտանիքները տեղափոխել արտերկիր: Ես չգիտեմ` որն է բնակչության այն կրիտիկական թիվը, որը թույլ չի տա Հայաստանին գոյատևել` որպես պետություն»,- ավելացրեց Հովհաննես Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս