Հովհաննես Իգիթյան. «Պուտինը հատուկ խուսափում է Հայաստանի մասին խոսելուց…»
Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա իր ասուլիսում չհիշատակեց Հայաստանում ռուսական ռազմաբազան, երբ խոսում էր արտերկրում տեղակայված ռուսական զորքերի մասին: Գուցե պարզապես մոռացա՞վ, թե՞ Հայաստանը Ռուսաստանի կողմից չի համարվում արտերկիր:
Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այս հարցի առնչությամբ մի քանի ենթադրություններ ունի, որոնցից մեկը կապված է ռուս-թուրքական մերձեցման նոր դրսևորումների հետ:
Իգիթյանը կարծում է, որ Պուտինը դիտավորյալ խուսափում է խոսել Հայաստանից, որովհետև այսօր Ռուսաստանի միջազգային մեկուսացման պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Կրեմլի համար:
Այսօր «Դիալոգ» ակումբում հրավիրված ասուլիսում Իգիթյանն ասաց. «Ես չգիտեմ` Պուտինը պատահական, թե դիտավորյալ չնշեց Հայաստանը և բազան առանձին նախադասությամբ: Կարող եմ միայն ենթադրել, որ առաջինը` Պուտինն արդեն համարում է, որ Հայաստանի ռազմաբազայի հետ կապված բոլոր հարցերը լուծված են: Ինչո՞ւ մենք դատարկ տեղը, առանց Ռուսաստանին որևէ նախապայման ներկայացնելու` երկարաձգեցինք այդ բազայի ներկայությունը Հայաստանում մինչև 2049 թ., երբ մինչև ժամկետի ավարտը դեռ 10 տարի կար:
Երկրորդը, ես ենթադրում եմ, որ Պուտինը հատուկ խուսափում է Հայաստանի մասին խոսելուց, որովհետև այսօր իր վեկտորն ուղղված է Թուրքիային և Ադրբեջանին, այսինքն` սրանով Պուտինը երևի թե խուսափում է նշել Հայաստանի արժեքն ու կարևորությունը, որովհետև այսօր միջազգային ասպարեզ դուրս գալու և այս մեկուսացումից խուսափելու Պուտինի միակ հույսը Թուրքիան է: Նայեք, թե ինչ սիրախաղեր է նա այսօր անում Թուրքիայի հետ, ընդ որում այնպես չէ, որ Թուրքիան լրջորեն գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների. Թուրքիան էլ իր շահն է հետապնդում»:
Ըստ փորձագետի` այս ամենը շատ է նմանվում «Լենին-Աթաթուրք խաղին», որն այսօր իրականացվում է Պուտին-Էրդողան տանդեմի միջոցով:
Եվ, ի դեպ, Պուտինը, խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության խորացման մասին, ասել էր, որ թեև պատմության ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններում եղել են դրամատիկ դրվագներ, սակայն եղել են նաև լավ ժամանակներ, օրինակ` նույն Աթաթուրքի տարիներին:
Հիշեցնենք`Ռուսաստանի նախագահը, երեկվա ասուլիսում պատասխանելով ՌԴ ռազմական ինքնաթիռների՝ Եվրոպայի տարածքում բավականին վտանգավոր թռիչքների վերաբերյալ BBC-ի լրագրողի հարցին, նշել էր, որՌուսաստանը գործնականում ունի արտերկրում տեղակայված ընդամենը երկու ռազմաբազա` Ղրղզստանում և Տաջիկստանում, իսկ ամերիկյան ռազմաբազաները ամբողջ աշխարհով մեկ են: