Դիվանագետ. Մեծ պատերազմ չի լինի

Հայերն ուժեղ են պատերազմի ժամանակ, բայց թույլ են խաղաղության մեջ, այդ պատճառով Ադրբեջանը չի գնում Հայաստանի դեմ պատերազմի` որդեգրելով Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «արնաքամ անելու» քաղաքականություն: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը:

Նա բարձր գնահատեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին` հայկական ուղղաթիռի անկման վայրում, ԼՂՀ հատուկ նշանակության ուժերի գործողությունը, որի շնորհիվ երեք հայ սպաների մարմինները տարհանվեցին, սակայն միաժամանակ հայտարարեց, որ դա չի համարում համարժեք պատասխան Ադրբեջանին: Ըստ նրա` համարժեք պատասխանը դեռ պիտի լինի:

Այս համատեքստում Ա. Պապյանի գլխավոր հարցադրումներից մեկն այն է, թե ինչո՞ւ են հայկական երկու ուղղաթիռները անզեն վիճակում թռչել ռազմաճակատային գծի երկայնքով. «Ինչո՞ւ են ընդհանրապես զույգով թռչում, որպեսզի եթե ուղղաթիռներից մեկը խփվի, երկրորդն անպայման պատժի խփողին: Բայց եթե երկու ուղղաթիռներն էլ անզեն են եղել, այդ դեպքում երկու ուղղաթիռ թռցնելու իմաստը ո՞րն էր»:

Արա Պապյանը մեծ պատերազմ չի կանխատեսում Լեռնային Ղարաբաղում և առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր չի դրել ռազմականապես ջախջախել Հայաստանին` նախևառաջ այն պատճառով, որ չի կարող.

«Ադրբեջանն արդեն վաղուց` մի քանի տարի ի վեր, իրականացնում է Հայաստանին արնաքամ անելու քաղաքականություն, այսինքն` կաթիլ առ կաթիլ տնտեսական, ռազմական ծանր վիճակով հանգեցնել նրան, որ արտագաղթը, հիասթափությունը շարունակվի: Երկրորդը, Ադրբեջանն իր առջև խնդիր չի դրել լուծել Ղարաբաղի հարցը, դրել է Հայաստանի պետականության գոյության կամ չգոյության հարցը: Ցավոք սրտի, ի սկզբանե այդպես էլ եղել է»:

Բացի այդ, պատերազմ չի լինի նաև այն պատճառով, որ արևմտյան գերտերությունները տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման կողմնակից են, քանի որ ներդրումներ են արել Ադրբեջանից դեպի Արևմուտք իրականացվող էներգետիկ ծրագրերում, իսկ պատերազմը կոչնչացնի այդ ամենը:

«Որ կողմն էլ հաղթի` հայկական թե ադրբեջանական, պարտվողը ներդրողներն են լինելու` «Բրիթիշ փեթրոլիումը», այն ընկերությունները, որոնք ներդրումներ են արել նավթամուղերի, գազամուղերի կառուցման մեջ: Օրինակ, ինչո՞ւ իրենք ուղղաթիռի հարցում չոր ձևով չեն դատապարտում Ադրբեջանին, որովհետև իրենք շարունակելու են աշխատել նաև Ադրբեջանի հետ: Մեզ իրենք կշարունակեն օգնել. Եվրամիությունը ինչ-որ փողեր է խոստանում, բայց, ցավոք սրտի, դա չի լինի այն ծավալի և մեծության, որը կկարողանա Հայաստանին դուրս բերել տնտեսական ճգնաժամից: Դրա համար էլ Ադրբեջանն այժմ սպասողական քաղաքականություն է որդեգրել` պահելով լարվածությունը և շրջափակելով Հայաստանը, որովհետև հայերն ուժեղ են պատերազմի ժամանակ, հայերը թույլ են խաղաղության մեջ»,- ասաց Արա Պապյանը:
Վերլուծաբանը կարծում է, որ փոքր «պատերազմներից»` սահմանային բախումներից խուսափել չի լինի, որովհետև Ադրբեջանը շարունակում է սպառազինվել. «Եթե որևէ մեկը մտածում էր, որ Ադրբեջանը Ռուսաստանից «Սմերչ» է գնում հրավառության համար, սխալվում էր»:

Ինչ պետք է անենք մենք: Անդրադառնալով այս հարցին` Արա Պապյանն ասաց, որ հայկական կողմը պետք է տա անհամարժեք պատասխան, այսինքն` օգտագործի այն գործոններն Ադրբեջանի դեմ, ինչը վերջինս չի կարող օգտագործել մեր դեմ:

Ըստ նրա` հայկական կողմի սխալն այն է, որ մրցակցության մեջ է մտել Ադրբեջանի հետ սպառազինությունների հարցում, ինչը անհեռանկարային քաղաքականություն է, որովհետև Հայաստանն այդ քանակության զենք գնելու հնարավորություն չունի:

Ադրբեջանը, որը, ի տարբերություն Հայաստանի, բազմազգ պետություն է, խտրական քաղաքականություն է վարում երկրում ապրող այլազգի ժողովուրդների և կրոնական խմբերի` թալիշների, լեզգիների, ավարների, թաթերի և այլոց նկատմամբ և հիմնականում նրանց է ուղարկում առաջին գիծ, ուստի Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի ներքին թուլությունները` աշխատի Ադրբեջանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հետ,- ասում է Արա Պապյանը:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ արտգործնախարարության անգործությունը, դիվանագետն ասաց` կան իրավիճակներ, որում արտգործնախարարությունն անզոր է: « Դիվանագիտական աշխատանքը սեփական տեսակետները հետևողականորեն հնչեցնելը, դրանց հետ ծանոթացնելն է: Դիվանագիտությունը շարունակականության և հետևողականության աշխատանք է պահանջում: Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում»,- նշեց Արա Պապյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս