Բաժիններ՝

Այս գիրքն ասում է՝ դուք շարունակում եք ձեզանից առաջ եղած սերունդի գործը, չմեծամտանա՛ք. Ա. Արշակյանը՝ Վ. Հարությունյանի գրքի մասին (տեսանյութ)

«Սովետական միության ինքնաքննադատության և այլ քննադատության վերաբերյալ գրքերը շատ կարևոր են, նախ և առաջ, նրա համար, որ եթե բռնապետությունում կարելի էր քննադատել ռեժիմը, այսօր, առավել ևս, ժողովրդակավարական Հայաստանում հարկավոր է՝ քննադատությունը դարձնել առաջնահերթություն»,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի մասին:

Նշենք, որ գրքում տեղ են գտել նաև Ազատ Արշակյանի անցած ճանապարհը, հուշերը նրա մասին և նրա նկատմամբ կայացված դատավճիռները:

Մեզ հետ զրույցում Ա.Արշակյանը նշեց, որ կարևոր է, որ այսօրվա իշխանությունները և քաղաքացիները օրինակ ունենան, որ քննադատությունը նորություն չէ, որ քննադատությունը օգտակար է և, ընդհանրապես՝ դա հաճելի զբաղմունք է:

Ըստ նրա՝ որոշ իմաստով մենք ապրում ենք նաև առասպելների աշխարհում և չի կարող հարյուրամյա պատմությունն իր առասպելները չունենալ. «Մենք ուզում ենք նաև ունենալ առասպելներ նորագույն պատմության, այդ առասպելների մեջ պետք է, իհարկե, լինեն հերոսներ և հակահերոսներ, պետք է լինի պայքար, հիասթափություն, հաղթանակ: Ես կարծում եմ՝ այդ գրքերը 2 իմաստով օգտակար են. Առաջինը, որ դա մշակույթ է, քաղաքական կուլտուրա է, ժանագություն ենք ստացել այդ ժամանակներից, երկրորդ՝ դա նաև մեզ դաստիարակում է, մենք դաստիարակվում ենք մեզանից առաջ եղած գործիչների վարքով, բարքով և կենսագրությամբ»:

Կարդացեք նաև

Հարցին՝ քանի որ Հայաստանը հիմա գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն և սերտ հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ, շատերն են խոսում այն մասին՝ որ գալու են խորհրդային տարիները, այդ տեսակետից՝ ի՞նչ կարևորություն ունի գիրքը, քանի որ հենց Խորհրդային Հայաստանի մասին է, Ազատ Արշակյանը պատասխանեց, որ հին ժամանակները երբեք չեն վերադառնում, բայց անհանգստացնում է հիշողությունը.

«Շատ լավ կլիներ, որ հին ժամանակները վերադառնային՝ ես կունենայի գանգուր և թուխ մազեր: Այնպես, ինչպես ես չեմ կարող դառնալ գանգրահեր, թուխ մազերով երիտասարդ, այդ ձևով էլ չի կրկնվում պատմությունը, բայց մեզ անհանգստացնում է հիշողությունը:

Այն 3 պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, հայտնի են իրենց ոչ ժողովրդավարական ռեժիմներով: Ես՝ որպես հայրենասեր հայ, ինչ-որ իմաստով ուրախ եմ, որ, չնայած ամեն ինչին, մենք ավելի ժողովրդավարական ենք, քան մեր գործընկերները:

Շատ կարևոր է նաև, որ մենք, օրինակ, գիտենք Ռուսաստանի ոչ այնքան ստվերային նպատակները: Նրանք երբեմն բարձրաձայում են այդ նպատակների մասին ու նվաստացնում են իրենց գործընկերներին: Այսինքն՝ մենք գնում են մի երկիր, որտեղ մենք լինելու ենք 4-րդը: Մեզ տանում են մի տեղ, որտեղ մենք լինելու ենք ամենակրտսերը, ամենաանտեսվածը, ամենաքիչ հարգվածը: Իհարկե, դա մեզ համար ցանկալի չէ:

Մենք չգիտենք այնտեղ մեզ ինչ է սպասվում, նախորդ 200 տարվա փորձը մեզ ցույց է տալիս, որ բռնկումներ լինում են»:

Ըստ Ա.Արշակյանի՝ ընհանրապես, գիրքը կարծիք է. «Այսինքն՝ մենք հայտարարում ենք, որ մենք այսպիսին ենք: Պարտադիր չէ, որ դա լինի սեղանի վրայի գիրք: Բոլորի գիրքը պետք չէ լինի: Դրա կարիքը չկա, մարդիկ իրենց կյանքով պետք է ապրեն: Ակտիվիստները պետք է ծանոթ լինեն իրենցից առաջ եղած սերունդների պայքարին, հաջողություներին, անհաջողություններին, և այդ իմաստով՝ դա շատ կարևոր է: Զրոյից սկսելը ընդհանրապես մեծամտություն է: Հիմա այս գիրքը երիտասարդ մարդկանց ասում է՝ դուք շարունակում եք ձեզանից առաջ եղած սերունդի գործը, չմեծամտանա՛ք: Մենք ուզում ենք ասել երիտասարդներին, որ դուք ազնիվ ծագում ունեք: Այս գիրքն ասում է՝ ձեր ծագումով և արժեքային համակարգով դուք իրավունք ունեք ավելի լավ կյանքի»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս