Սա միայն սկիզբն է

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Շարքային այս հանդիպումն ուշագրավ է դրա մասին պատմող պաշտոնական հաղորդագրության վերջին պարբերությամբ:

«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ և ՌԴ օրենսդիր մարմիններում դրանց քննարկման և վավերացման նախապատրաստմանն ուղղված աշխատանքներին, մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր անհատներ, լրատվամիջոցներ ազատ են քննարկելու, քննադատելու այդ գործընթացը, ներկայացնելու իրենց մոտեցումները, և դա միանգամայն բնորոշ է բաց հասարակություններին, սակայն ակնհայտ է, որ ընդունված այդ կարևորագույն որոշումը բխում է երկու երկրների շահերից. ինտեգրացիոն գործընթացները միտված են առավել ամրապնդելու հարաբերությունները, նպաստելու Միության անդամ երկրների հզորացմանն ու այդ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը»:

Այսինքն՝ արդեն նախագահի մակարդակով հանդիպման ժամանակ ռուս խորհրդարանականը, ով, ի դեպ, նաև Հայաստանի «Ազգային հերոս» է, դժգոհություն է հայտնում Հայաստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ հանդես եկող անհատների ու լրատվամիջոցների քննադատության առնչությամբ: Ընդ որում, դժգոհում է մեկը, ով այդ հանդիպման նախօրեին կասկածի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի՝ հայկական տարածք լինելու փաստը և հայ պաշտոնյաների կողմից հանդիմանանք ստանալու փոխարեն՝ արժանացել է բարձր մակարդակով ընդունելությունների:

Եթե Ղարաբաղի վերաբերյալ նման հայտարարություն աներ որևէ եվրոպացի կամ ամերիկացի, հայ քաղաքական միտքը նրան կգամեր անարգանքի սյունին: Բայց Ռիժկովը ոչ միան ռուս է, այլ նաև կրում է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչումը: Հետևաբար՝ նրան դեռ պետք է շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի՝ հայկական տարածք լինելու մասին կասկածներ չհայտնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս