Քաղաքագետ. Փարիզյան հանդիպումն առաջընթաց արձանագրեց վստահության աճի առումով

Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին սահմանային սրացումից հետո ղարաբաղյան բանակցությունների երրորդ ռաունդում, որը տեղի ունեցավ Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով:

Այսօրվա ասուլիսում այս հարցը քննարկեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը` անդրադառնալով թե´ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, թե´ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցին:

Ըստ Բեքարյանի` փարիզյան հանդիպումն ուներ և´ դրական, և´ բացասական կողմեր: Բացասականն առաջին հերթին այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն առաջվա պես չէր մասնակցում բանակցություններին. «Բանակցությունները չեն կարող լինել լիարժեք և արդյունավետ, եթե չկա ԼՂՀ-ի մասնակցությունը»:

Երկրորդը, փարիզյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, քաղաքագետի մեկնաբանությամբ, հանդես եկել հայտարարությամբ, որով փորձել է լեգիտիմացնել դիպուկահարների գոյությունը հայ-ադրբեջանական սահմանին:

Կարդացեք նաև

Խոսելով դրական կողմերի մասին` Բեքարյանն առաջին հերթին ընդգծեց. «Անգամ վատ բանակցությունը միշտ էլ լավ է կրակոցներից: Հետևաբար, եթե կան շփումներ և այդ շփումները զարգացող միտում ունեն, իսկ դրա մասին շատ է խոսվում, ապա սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացող բաղադրիչներ պիտի որ չարձանագրի: Վստահություն չկա, բայց գոնե հույս ներշնչում է»:

Ի դեպ, վստահության մասին. քաղաքագետի խոսքով` փարիզյան հանդիպումն ուշագրավ էր նաև նրանով, որ արձանագրվեց երկու կողմերի միջև որոշակի վստահության աճ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկար ընդմիջումից հետո նաև առանձնազրույց ունեցան:

«Երկար ժամանակ հանդիպումների գործընթացում, չհաշված այն, որ իրենք հանդիպումները հաճախակի չէին, առանձնազրույցի բաղադրիչ չկա: Փարիզն այս առումով արձանագրեց առաջընթաց: Սա ինչ-որ իմաստով վստահության որոշակի աճի արձանագրում է, և ինչ-որ տեղ սա նաև անցում է ֆորմալ խոսակցությունից ավելի բովանդակային խոսակցության: Ֆրանսիական կողմի նախաձեռնությունն ամբողջովին շնչում էր և ներծծված էր նրանով, որ մոտակա շրջանի համար հիմնական նպատակ պիտի հռչակվի վստահության միջոցների ամրապնդումն ու զարգացումը, հետևաբար այդ թեզը մնում է կենսունակ: Եվ անգամ պատահական չէր շեշտադրումը և անդրադարձը նրան, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ղեկավարները իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության և ոչ թե պատերազմի»,- նշեց Կարեն Բեքարյանը:

Քաղաքագետի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մոնոպոլիզացումը որևէ միջնորդ երկրի կողմից խիստ վտանգավոր է կարգավորման համար, և այդ իմաստով Ռուսաստանի նախաձեռնությամբ Սոչիի, այնուհետև ամերիկյան նախաձեռնությամբ` Նյուպորտի և փարիզյան վերջին հանդիպումները հաստատեցին հակառակ թեզը. «Այստեղ մենք տեսնում ենք, որ որոշակի համակշռում և հավասարակշռություն կա համանախագահների մոտ, իսկ դա ես համարում շատ կարևոր և դրական»:

 

Տեսանյութեր

Լրահոս