Բաժիններ՝

Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալով՝ բյուջեն կկորցնի 2.5 միլիարդ դրամ

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը: Ըստ նրա՝ նախագծերի փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

Նա նշեց, որ թեև գործող օրենսդրությամբ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման համար կան որոշ հարկային խթաններ, այդուհանդերձ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք բավարար չեն:

Միրումյանը նշեց, որ առաջարկվում է 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից, սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով, հարկային հաշիվները 2015 թ. հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թ. հունվարի 1-ից դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվի, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է ինտերնետային կապի անբավարար որակով կամ բացակայությամբ, վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը, կվերացվի ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը և այլն:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե բյուջետային եկամուտները ինչքա՞նով կպակասեն, քանի՞ համայնքի է վերաբերելու արտոնությունը: Նա նաև հարցրեց, որ եթե ԵՏՄ-ում եկամտահարկը կիսվում է տեղական բյուջեի և ֆեդերալ բյուջեի միջև, ՀՀ-ն կարո՞ղ է պահանջել, որ ԵՏՄ այլ երկրներում ՀՀ քաղաքացների հարկային վճարումերը կիսվեն տեղի բյուջեի և նրա ծննդավայրի բյուջեի միջև:

Կարդացեք նաև

«Հարկային փոփոխությունը սկսում է էրոզիայի գործընթաց: Այս փոփոխությանը մնացած հարկային համակարգը կդիմանա՞, թե՞ չէ»,- հարցրեց Բագրատյանը:

Վ.Միրումյանը նշեց, որ համաձայն նախագծի, այն տարածաշրջանները, որոնց վրա տարածվելու է արտոնությունը, որոշելու է կառավարությունը. «26-47 բնակավայրերի հաշվով ենք հաշվարկել: Ցանկը մեծ է՝ կախված նպատակներից: Բյուջեի 2.5 մլրդ դրամ եկամուտների նվազման մասին է խոսքը»:

Ըստ նրա՝ ԵՏՄ շրջանակներում չի սահմանափակվում ուղղակի հարկերի գծով հարկումներ ունենալ, բայց տվյալ ֆիզանձի համայնքի բյուջե համապատասխան մաս փոխանցելու նորմ այսօր նախատեսված չէ. «Կրկնակի հարկումը բացառելու գծով նման դրույթ չի նախատեսվում: Ինձ հայտնի չէ որևէ դեպք, որ իր երկրում վճարվող հարկը փոխանցվի տվյալ ռեզիդենտի համայնքի բյուջե»:

Միրումյանը նաև նշեց, որ հարկային կոռոզիայի ռիսկեր կան, բայց ձևակերպումները փորձել են տալ այնպես, որ հետևանքները փոքր լինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս