Բաժիններ՝

Պուտինն ու Օլանդը ցավակցել են Մոսկվայում Total ընկերության ղեկավարի զոհվելու կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ կապված «Վնոկովո» օդանավակայանում Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերիի զոհվելու հետ:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինն իր ցավակցություններն է հղել ֆրանսիացի հանրահայտ ձեռնարկատեր Մարժերիի հարազատներին ու ազգականներին:

Պուտինն ընդգծել է, որ Մարժերին կանգնած է եղել Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ ոլորտում բազմամյա արդյունավետ համագործակցության հիմքերում՝ նպաստելով համատեղ խոշոր նախագծերի իրագործմանը: Ընդգծվում է, որ Պուտինը վաղուց է ճանաչել Մարժերիին:

Մարժերիի հարազատներին ու ազգականներին ցավակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ընդգծելով, որ Մարժերին ողջ կյանքը նվիրաբերել է Total խմբի և ֆրանսիական արդյունաբերության զարգացմանը:

Օլանդի խոսքերով՝ Մարժերին արտերկրում հիանալի պաշտպանել է ֆրանսիական տեխնոլոգիաների ձեռքբերումներն ու գերազանցությունը: Օլանդը հիշեցրել է, որ Մարժերին մեծ պլաններ ուներ՝ կապված Total խմբի հետ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Falcon թեթև շարժիչով ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բախվել է ձյուն մաքրող մեքենայի հետ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում նաև ֆրանսիական Total նավթագազային կոնցեռնի ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս