«Մնում է միայն համախմբվենք, մնում է միայն մեկ բռունցք դառնանք…». տեղի է ունեցել ԱԱՀ համագումարը

Այսօր Երևանում կայացավ «Արևմտահայերի Ազգային Համագումար» (ԱԱՀ) միջազգային հասարակական կազմակերպության համաժողովը: Այն կազմակերպվել էր Արևմտահայերի 4-րդ համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա մինչև 2015 թ. ապրիլ ամիսը:

Արևմտահայերի ազգային առաջին և երկրորդ համագումարները տեղի են ունեցել 1917 և 1919թթ. Երևանում, որոնց նպատակն էր լուծել արևմտահայ գաղթականների խնդիրները և կազմակերպել նրանց վերադարձը Արևմտյան Հայաստան, Կիլիկիա և Օսմանյան կայսրության մնացած տարածքներ, որտեղից նրանք տեղահանվել էին: Արևմտահայերի ազգային 3-րդ համագումարը կայացավ 2011թ. դեկտեմբերին Սևր քաղաքում, որի արդյունքում ստեղծվեց «Արևմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների լիազոր ներկայացուցչական մարմինը: Այս կազմակերպության գլխավոր խնդիրը դարձավ տեր կանգնել 7 միլիոն ժառանգների ոտնահարված իրավունքներին:

AAH (2)

AAH (1)

Երեք տարվա ընթացքում կազմակերպությունը կարողացել է շատ խնդիրներ լուծել, բայց նրա հիմնադիրներն ամենակարևորն են համարում այն փաստը, որ այսօր թե՛ Հայաստանում և Սփյուռքում, և թե՛ Թուրքիայում գերակշռում է պահանջատիրության հարցը, անգամ ցեղասպանության համար կատարվող աշխատանքներից ավելի:

«Ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունած ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են 7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ»,- հենց այս հարցադրումը՝ որպես իրենց գործունեության հիմնական առանցք շեշտադրեց Արևմտահայերի Ազգային Համագումարի նախագահ Սուրեն Սերայտարյանը:

«Մեր իրավունքները իրավական առումով հստակ են և անշրջանցելի: Մեր իրավունքները անժամանցելի են, անկորչելի, այսինքն՝ ուժի մեջ են այնքան ժամանակ, որքան կա պահանջող կողմ, այնքան ժամանակ, որքան կա հայցվոր կողմ: Իսկ այդ կողմը կա: Այդ կողմը արևմտահայությունն է: Մնում է միայն համախմբվենք, մնում է միայն մեկ բռունցք դառնանք, մնում է, որ Թուրքիային և ամբողջ աշխարհին ներկայացնենք մեր իրատեսական, պատասխանատու, իրավունքի տեսակետից հիմնավոր պահանջները»:

Մեկ բռունցք դառնալու և մեկ ձայնով հանդես գալու և այդ պատմական աննախադեպ առիթից օգտվելու կոչը ուղղված էր բոլոր արևմտահայերին, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգներին, սփյուռքյան երեք ավանդական կուսակցություններին, արևմտահայկական մշակութային, բարեգործական և զանազան հաստատություններին ու նրանց անդամներին՝ մասնակցելու համար Արևմտահայերի 4-րդ համագումարին: Արևմտահայերի 4-րդ համագումարը նշանավորվում է կարևոր մի իրողությամբ: Համագումարի ժամանակ պետք է քվեարկվի Արևմտահայերի ազգային համագումարի իրավաքաղաքական պահանջագիրը Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար:

4-րդ համագումարը նաև կոչ պետք է ուղղի թուրքաբնակ բոլոր ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը, որպեսզի նրանք հստակ և տեսանելի նախաձեռնություններ հանդես բերեն արևմտահայերի ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Եվ որ պակաս կարևոր չէ, այն պետք է հստակեցնի իր սկզբունքները Թուրքիայի քաղաքացիական հասարակության և պետական շրջանակների հետ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ:

Հավելենք, որ համաժողովին այսօր մասնկացել և ելույթ է ունեցել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Տեսանյութեր

Լրահոս