«Իսլամական պետությունը» Սիրիայում պաշարել է Թուրքիային պատկանող Սուլեյման Շահի դամբարանի տարածքը. մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխամցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը պաշարել է Սիրիայի տարածքում գտնվող, սակայն Թուրքիային պատկանող Սուլեյման Շահի դամբարանի տարածքը: Այս մասին գրել է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը:

Դամբարանի տարածքը պաշտպանում է 36 թուրք զինծառայող, մինչդեռ «Իսլամական պետության» զինյալների թիվը կազմում է 1100 մարդ: Դա նշանակում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը կարող է գերեվարել ու պատանդ պահել 36 թուրք զինծառայողների:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիան 35 տանկ է կենտրոնացրել Սիրիայի հետ սահմանին: Թուրքական մամուլի պնդմամբ՝ դամբարանի տարածքը Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն նրան պատկանող միակ տարածքն է:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո այդ տարածքը հայտնվել է ֆրանսիական տիրապետության տակ: Չնայած դրան՝ 1921 թվականին Ֆրանսիայի ու Անկարայի միջև կնքված պայմանագրով Սուլեյման Շահի դամբարանի տարածքը ճանաչվել է որպես Թուրքիայի Հանրապետության տարածք և որոշվել է, որ այդ տարածքը պաշտպանելու է թուրք զինվորը:

Սուլեյման Շահը կամ Սուլեյման Շահ Քայա Ալփօղլուն (1178-1227) հանդիսանում է Օսմանյան սուլթանության (բեյության) հիմնադիր (1299) Օսման (Գազի) բեյի պապը և Էրթուղրուլի հայրը:

Տեսանյութեր

Լրահոս