Եվրասիական միությունը տղամարդ չէ, իսկ Հայաստանն էլ կույս աղջիկ չէ. Կառավարման փորձագետ

«Եվրասիական միությունը տղամարդ չէ, իսկ Հայաստանն էլ կույս աղջիկ չէ. եթե մենք սկսում ենք պետական կառավարման, և այն էլ դրա կարևոր բաղադրիչ մասը՝ արտաքին քաղաքականությունը, գնահատելիս խոսենք նման կատեգորիաներով՝ մեզ խաբեցին և այլն, իմ կարծիքով՝ մեր գործը չէ ընդհանրապես աշխարհում գոյություն ունենալ»,- այսպես արձագանքեց կատավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե խաբեցի՞ն Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն մտնելու հարցում, թե՞ դեռ պետք է սպասել՝ ինչ կլինի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ.Մեսրոբյանը զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի է ասել՝ «խաբվել է» մի պետության մասին, որտեղ կան համապատասխան գերատեսչություններ. «Եթե խաբվել են, թող հրաժարական գրեն, գնան, իսկ եթե վատ են հաշվարկել, թող բացատրեն, կամ շտկեն: Մենք խոսում ենք պետության մասին»:

Կառավարման փորձագետն, այնուամենայնիվ, հասկանում է, թե ինչու են նման հարցեր առաջանում. «Մեր ներքին գնահատականները մեր պետական կառավարման համակարգի մասին այնքան ցածր է (այս 20-25 տարիների ընթացքում ցույց տվեցինք, որ մենք միայն անորակ արդյունք ենք տալիս), որ մեր գնահատականները այդպիսին են՝ խաբել են, չեն սիրել, թուշիկը չեն պաչել: Իրավունք չունի պետությունը խաբնվել հարթ մակերեսի վրա»:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ կանխատեսում ունեք, կընդգրկե՞ն Հայաստանին ԵՏՄ կազմում, թե՞ ոչ, Հ. Մեսրոբյանն այսպես պատասխանեց. «Ինձ հարցն, անկեղծ ասեմ, քիչ է հետաքրքրում, որովհետև առաջնային հարցը հետևայլն է. ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մեր տարածաշրջանը, մտել են շատ մեծ ֆլուկտուացիների՝ տատանումների ժամանակաշրջան: Տատանումների ժամանակ հանկարծակի վիճակի փոփոխության այդ գործոնը բարձրանում է: Այս պարագայում ամբողջ պետությունը պետք է մոբիլիզացվի: Մենք՝ հայերս, որպես հայություն, և Հայաստանը՝ որպես պետություն, պետք է մոբիլիզացվի: Մոբիլիզացումը պետք է լինի շատ տարբեր ճանապարհներով:

Ամբողջ աշխարհը մտավ տատանումների մեջ, և բառի բուն իմաստով վտանգ կա, որ Հայաստանը նահատակ գնա: 1915 թիվն ի՞նչ էր: Ամբողջ աշխարհում տատանում էր, ու մենք գնացինք անվերադարձ: Ուրեմն, մարդիկ, որոնք ընդդիմադիր դաշտում են, որոնք նույնպես նման վտանգը զգում են, նրանք էլ պետք է սթափվեն, և այդ առողջ ուժերը շատ արագ պետք է կոնսոլիդացվեն և քայլ առ քայլ վերցնեն

Հայաստանի կառավարման ղեկն իրենց վրա: 1915 թիվը հենց այնպես չեղա՞վ: Մենք՝ հայերս, և այն ժամանակվա մեր, այսպես կոչված՝ էլիտան, չհասկացավ, որ աշխարհը մտավ տատանումների մեջ: 20-րդ դարը սկսեց տատանումներով: Տատանումների ժամանակ վերանում, զոհվում է թույլը, անհեռատեսը, հեքիաթներով ապրողը: Հիմա աշխարհը նորից մտնում է տատանումների մեջ: Այդ մեր թերի կողմերը, հանցավոր թերի կողմերը պետք է շպրտենք, և այն, ինչ դեռ մենք ունենք՝ իրական էլիտայի փշրանքները, ինքնագիտակցությամբ պետք է արագ կոնսոլիդացվեն»:

Տեսանյութեր

Լրահոս