Անսարք մեքենաներով մարդկանց տեղափոխում են Վրաստան. ո՞վ է պատասխանատու սրա համար

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, «Էություն» իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Լիլիթ Ադիբեկյանը և Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին՝ ո՞ւմ ձեռքում է հայ ավտոտուրիստների ճակատագիրը, ո՞վ է պատասխանատու անսարք մեքենաներով մարդկանց տեղափոխելու համար թեմաներով:

Լիլիթ Ադիբեկյանը՝ լինելով «Էություն» իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, դիմել է տուրիստական գործակալություն՝ Վրաստան գնալու համար և չի պահանջել որևէ սերտիֆիկատ: Արդյունքում՝ խոստացված 3Mercedes-vito (7 տեղանոց) մեքենայի փոխարեն՝ Կիլիկիա ավտոկայանում նրանց սպասել է 20 տեղանոց Mercedes sprinter, որի տեխնիկական անվտանգության վիճակը, ինչպես իրենք են նշում, սարսափելի է եղել: Վերադարձին վիճակն ավելի ահավոր է եղել, որովհետև մեքենայի անսարքության հետ մեկտեղ՝ վարորդը տիրապետել է միայն վրացերեն լեզվին, և իրենք չեն կարողացել ոչինչ հասկացնել նրան, իսկ ճանապարհին՝ մեքենան վարելիս, քնել է ղեկի դիմաց:

Փաստաբան Տիգրան Առաքելյանն ասաց, որ այս ուղևորության ժամանակ խախտվել են «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի մի քանի կետեր. «Օրենքի չորրորդ հոդվածում նշված է՝ տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործում՝ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ՝ ավտոմոբիլային շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու, անսարքությունները կանխելու և վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը նվազեցնելու և մինչև հիմնական նորոգումը ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ»:

Ըստ էության՝ այստեղ հստակ նշված է, որ ուղևորափոխադրող կազմակերպությունը պետք է կատարի այս միջոցառումները, որպեսզի իրավունք ունենա ուղևորափոխադրումներ իրականացնելու: Նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է. «Երթուղու սպասարկման համար նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի ցածր կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում ուղևորն իրավունք ունի վերադարձնելու ուղետոմսը, ստանալու ուղեբեռի, ուղետոմսի և նախնական վաճառքի համար վճարված գումարները: Հատկացված ցածր կարգի ավտոբուսով երթևեկելու՝ ուղևորի համաձայնության դեպքում ուղևորին պետք է վերադարձվի ուղետոմսերի արժեքների տարբերությունը»»:

Կարդացեք նաև

Լիլիթ Ադիբեկյանն ասաց, որ իրենք դիմել են ուղևորափոխադրում կազմակերպող երկու տուրիստական կազմակերպություններին էլ՝ («GM smile tour», որը չունենալով փոխադրամիջոց՝ դիմել է «Մարուքյաններ» տուրսիտական գործակալություն ՍՊԸ-ին), բայց նրանք չեն արձագանքել և հիմա պատրաստվում են դիմել դատարան:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ Վրաստանում բացակայում է տեխզննում անցկացնելու իրավական դաշտը. «Սակայն ՀՀ-ում կա, և «ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքն ու միջազգային կոնվենցիան, որը Վրաստանը ևս ստորագրել է, դա սահմանում են, և Վրաստանը պետք է իմանա, որ տեխնիական թերություններով մեքենաներ իրավունք չունեն մեզ մոտ շահագործելու: ՀՀ-ում պատասխանատուն ՃՈ-ն է, որը հսկողություն է իրականացնում, և Տրանսպորտի նախարարությունը, որը երթևեկության համար լիցենզիաներ է տալիս միջազգային տրանսպորտային միջոցներին և վարորդներին: Բայց հսկողություն չկա»:

Լիլիթ Ադիբակյանը հանդիպել է ՀՀ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանին, որը խորհուրդ է տվել տեղի ունեցածը ի մի բերել և գրավոր ուղարկել իրենց, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ բանակցել վրացական կողմի հետ, որպեսզի նրանք մեր նորմերին համապատասխան մեքենաներ ուղարկեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս