«Առավոտցիներն» ու «չառավոտցիները»՝ 20 տարեկան «Առավոտ»-ի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
«Ես կարծում եմ՝ մեր թերթը ստիպում է մարդկանց մտածել, իսկ դա լինում է այն դեպքում, երբ դու ես մտածում, այսինքն՝ դու մտածում ես, ու ստիպում ես մարդկանց մտածել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ հուլիսի 27-ին տեղի ունեցած «Առավոտ» օրաթերթի 20-ամյակի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթը սկսել է լույս տեսնել 1994 թվականից, իսկ Արամ Աբրահամյանը դարձել է թերթի գլխավոր խմբագիր նույն տարվա դեկտեմբեր ամսից:
Ըստ Ա. Աբրահամյանի՝ եթե նույնիսկ մարդիկ համաձայն չեն, հայհոյում են քեզ, ասում են` ամեն ինչը սխալ է, բայց մտածում են քո գրածի վերաբերյալ, դա արդեն շատ լավ բան է: Նա նշեց, որ այս 20 տարիների ընթացքում օրաթերթը շատ փոփոխությունների է ենթարկվել. «Պատկերացրեք տեխնոլոգիաները 1994 թվականին ու հիմա: Դիզայնից սկսած՝ լրագրողների կազմով վերջացրած, ամեն ինչ փոխվել է: Փաստորեն, այս 20 տարիների ընթացքում 3 լրագրող է մնացել, մնացածներն անընդհատ փոխվել են, չնայած՝ մեր լրագրողները երկարակյաց են, շատ երկար են մնում: Փոխվել է նաև լրագրական ոճը, փոխվել է և աշխարհի, և Հայաստանի իրադարձություններին զուգահեռ»:
Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են իրենք ընտրում լրագրողներին, որոնք աշխատում են իրենց մոտ, Ա. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Մարդը պետք է իրեն պատռի լուր հաղորդելու ցանկությունից, մարդը պետք է չդիմանա, չկարողանա լուր չհայտնել, դա է ամենակարևորը, մնացած պրոֆեսիոնալ բաներն անցողիկ են»:
Օրաթերթի մշակութային բաժնի պատասխանատու, լրագրող Գոհար Հակոբյանը, որն «Առավոտում» է աշխատում 2001 թվականից, մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ նրա՝ «Առավոտը» ճիշտ ժուռնալիստիկայի դպրոց է, լրագրողական ճիշտ չափանիշներով լրատվամիջոց է, և ամենակարևորն այն է, որ այնտեղ տիրում է շատ ջերմ ու մարդկային մթնոլորտ, որը պայմանավորված է գլխավոր խմբագրի՝ Արամ Աբրահամյանի անձով. «Մենք բոլորս նրա համար բալիկներ ենք: Շատ գեղեցիկ աշխատաոճ կա Առավոտում»:
2003 թվականից «Առավոտում» աշխատող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ պատմեց, որ ինքն ուսանող ժամանակ է եկել «Առավոտ», երբ կուրսային աշխատանքները տալիս էին հրապարակելու. «Երբ նյութս հրապարակեցին, շատ էի ուրախացել, այն ժամանակ «Առավոտն» ինձ համար չգիտեմ ինչ էր: Ես պաչում էի «Առավոտը», դնում էի բարձիս տակ, այդքան սիրում էի, բայց չէի պատկերոցնում, որ ես ընդհանրապես կաշխատեմ «Առավոտում»: Շատ պատահական ինձ զանգեց Արմինե Ուդումյանն ու հարցրեց, կուզե՞մ ես «Առավոտում» աշխատել: Ես մի 3 րոպե շոկի մեջ էի»:
Հ. Ջեբեջյանը պատմում է, որ թեև այն ժամանակ ֆինանսական առումով վատ տարիներ էին, բայց ինքը՝ ինչպես ցանկացած սկսնակ լրագրող, իրեն «կոտորելով» էր գնում, նյութեր գրում «Առավոտի» համար. «Ես բալիկիս էի սպասում, պարոն Աբրահամյանին պապայիս նման ասեցի՝ դուք պապիկ եք դառնալու: Ինձ թվում է՝ ինձ «Առավոտից» ոչ մեկ ու ոչինչ չի բաժանի»:
Մեդիափորձագետ, լրագրող Մեսրոպ Հարությունյանը, որն ամեն շաբաթ «Մեսրոպագիր» խորագրի ներքո վերլուծական հոդված է գրում «Առավոտի» համար, մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկը եղել է առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի կողմից, ու ինքն էլ համաձայնել է, քանի որ վաղուց իրեն դուր էր գալիս «Առավոտի» գործելաոճը. «Այսինքն՝ այն, որ դու հնարավորություն ունես ազատ արտահայտվելու ցանկացած խնդրի, ցանկացած հարցի շուրջ, տաբուներ չկան»:
Աննա Իսրաելյանը նշեց, որ իր համար դժվար է խոսել «Առավոտ» օրաթերթի առանձնահատկությունների մասին. «Ճիշտ է, տևական շրջան ես հենց «Առավոտ» օրաթերթի լրագրող էի, բայց արդեն 2 տարի է կայքի խմբագիրն եմ ու թերթի հետ մի քիչ թաքուն մրցակցություն կա, այսինքն՝ որ լավ նյութերը կայք գնա, որը՝ թերթ»:
«Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա էր օրաթերթի հոբելյանական երեկոյին, մեզ հետ զրույցում ասաց, որ օրաթերթը Ա. Աբրահամյանի և իր հավաքականի շնորհիվ ձեռք է բերել արհեստավարժ լրատվական չափանիշ. «Որովհետև դա այն լրատվամիջոցն է, որտեղ կարող ես գտնել մի կողմից կարծիք, տեսակետ, իսկ մյուս կողմից՝ լրատվություն՝ հենված բազմաթիվ աղբյուրների վրա: Իսկ «Առավոտի» ամենակարևոր հատկանիշն իմ կարծիքով այն է, որ տեսակետը և լրատվությունն առանձին են: Այնպես չէ, որ հոդվածների շարան է, որը ինչ-որ քաղաքական պատվեր է: Նա իր խմբագրականի միջոցով ունի իր քննադատությունը, իր ասելիքը, բայց լրատվությունն ընդհանուր առմամբ հիմնված է բազմաղբյուր, առարկայական, օբյեկտիվ մեթոդաբանության վրա»:
Անի Քեշիշյան
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի