Բաժիններ՝

Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել աղջկա նկատմամբ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել աղջկա նկատմամբ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որը զուգորդվել է երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքով: Դատարանի վճռով՝ Հ. Բաղդասարյանը դատապարտվել է ազատազրկման 3 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից: Ըստ աղբյուրի՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Հ. Բաղդասարյանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մաս:

Կինը ցուցմունք է տվել այն մասին, որ ընտանիքը գտնվում է նյութական և սոցիալական ծանր վիճակում, տանը կան անախորժություններ. դրանց պատճառով նյարդայնացել է ու 2012-ի ընթացքում դաստիարակելու նպատակով 3-4 անգամ ծեծի ենթարկել անչափահաս դստերը:

Կինը հայտնել է նաև, որ կատարվածի համար զղջում է: Նրա դուստրը՝ տուժողը, ևս հայնել է այն մասին, որ մայրը իրեն 3-4 անգամ ձեռքով հարվածել է և կապտուկներով ճանապարհել դպրոց:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել Հ. Բաղդասարյանի մեղքը. նրան մեղավոր ճանաչել: Դատարանի վճռով՝ կինը դատապարտվել է ազատազրկման 3 ամիս ժամկետով: Դատարանը վճռել է նաև պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել է 1 տարի փորձաշրջան: Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. մինչ այդ այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս