Բաժիններ՝

Հրանտ Թոխատյան. «Վաստակավորի կոչումից ինքս ինձ համար, ներքուստ հրաժարվել եմ ավելի քան 10 տարի առաջ»

News.am-ը քիչ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե դերասան Հրանտ Թոխատյանը հրաժարվում է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումից, որը շնորհում է երկրի նախագահը: Լրատվամիջոցի թղթակցի հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ նա վերադարձրել է վաստակավոր արտիստի կոչումը, դերասանը պատասխանել է. «Հետ վերադարձնելու մեխանիզմը մեր երկրում չկա: Ուղղակի ես միշտ ընդգծում եմ, որ չնշեն այդ փաստը: Ես ինքս իմ առաջ եմ հրաժարվել դրանից»։

168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով: Դերասանը զարմացավ, թե ինչո՞ւ են լրատվամիջոցներն  ավելի քան 10 տարի առաջ տեղի ունեցածի մասին հիմա այդքան աղմուկ բարձրացնում:

Նախ՝ դերասանը հիշեցրեց, որ այդ կոչումն իրեն շնորհել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, ով ՀՀ մշակույթի նախարար է եղել  1998-2003 թվականներին:

«Դա շատ հին պատմություն է, զարմանում եմ, թե ինչո՞ւ է լրատվամիջոցն այդ մասին գրում ներկա ժամանակով և մարդկանց թյուրիմացության մեջ գցում: Պատմությունը հետևյալն է. այն ժամանակվա մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը «Վաստակավոր արտիստի» կոչում շնորհեց: Ես, բնականաբար, ասացի՝ շնորհակալություն, ու հարցրեցի, թե ինչի՞ համար եմ ստանում: Ռոլանդ Շառոյանն ասաց՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ասացի՝ այսինքն՝ ոչ թե կոնկրետ աշխատանքի, կոնկրետ արժանիքի համար, այլ Թատրոնի միջազգային օրվա՞ կապակցությամբ: Ծիծաղեցինք, հետո տեսա, որ «Վաստակավոր դերասանի» տիտղոսաթերթիկի վրա նշված է, թե ես այդ կոչումը ստանում եմ՝ որպես Կամերային թատրոնի դերասան: Ասացի՝ բայց ես արդեն ավելի քան 10 տարի Կամերային թատրոնում չեմ աշխատում: Եվ ստացվում է՝ ես այդ կոչումը ստանում եմ ուրիշի փոխարեն: Դրանից հետո մինչ օրս որքան առիթ է լինում, և,եթե ես իմանում եմ, որ ինձ ուզում են ներկայացնել՝ որպես ՀՀ վաստակավոր արտիստ, խնդրում եմ՝ ինձ այդպես չներկայացնել: Այսինքն՝ այն օրվանից ես իմը չեմ համարում այդ կոչումը: Այդքան բան: Այս է ամբողջ պատմությունը: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է դա հիմա դարձել պատմություն: Ընդամենը լրագրողը հարցրեց՝ եղե՞լ է նման բան, ասացի՝ այո, եղել է: Բայց դա շաա՜տ վաղուց էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Հրանտ Թոխատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս