Ուղտ, որը չոքելու է բոլորի դռանը… 2014 թվականից
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ (2014 թվականից այլևս կսկսի գործել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը), ըստ որի` 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ, թե որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին:
Նշվում է նաև, որ պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադարձը` հաշվի առնելով տարեկան գնաճը: Ըստ նոր համակարգի, եթե աշխատավարձը չի գերազանցում 500.000 դրամը, ապա աշխատողը կուտակում է յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին ուղարկում է պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:
ՀՀ իշխանություններն իրենց այս հերթական քայլով նոր հարված են հասցնում միջին խավի ներկայացուցիչներին: Մինչ այդ «բարեփոխումների» անվան տակ մեծ վնաս հասցվեց ատամնաբույժներին, հաշվապահներին: Կենսաթոշակային այս նոր համակարգի կիրառումից հատկապես անհանգստացած են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչները՝ ծրագրավորողները և այլք: Այս ոլորտում ընդգրկված է հատկապես երիտասարդ մտավոր ներուժը, իսկ իշխանությունների նման քայլի դեպքում նրանց մեծ մասը ստիպված կլինի լքել Հայաստանը և գործունեություն ծավալել այլ երկրում: Եթե հաշվի առնենք, որ հարևան Վրաստանը ՏՏ ոլորտի զարգացման համար ինչպիսի բարենպաստ պայմաններ է ստեղծում, չի բացառվում, որ մի շարք ընկերություններ առհասարակ տեղափոխվեն Վրաստան:
Հիշեցնենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության մեջ 2008 թվից գերակա ուղղություն է համարվում պաշտոնապես:
Այս ոլորտում աշխատում են ավելի քան 360 ընկերություններ, մոտ 9354 մասնագետներով, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8% միջին տարեկան աճ: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ այս օրենքի համաձայն` շատ ավելի մեծ գումարներ են գանձվելու ընկերությունների աշխատակիցներից: ՏՏ ոլորտում աշխատավարձերը բարձր են` շուրջ 500 հազար դրամ, և ըստ այս օրենքի՝ այդ աշխատավարձերից 10 տոկոս ամեն ամիս փոխանցվելու է մի ֆոնդ, որտեղից գումարները ստանալու են միայն 63 տարեկանից հետո, իսկ ոլորտում, ինչպես նշեցինք, հիմնականում մինչև 40 տարեկան երիտասարդ կադրեր են:
ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ այս առնչությամբ Facebook սոցիալական ցանցում խումբ են ստեղծել` ստորագրահավաք են կազմակերպում և բաց-նամակ հայտարարությամբ դիմելու են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակի տակ արդեն ստորագրել են ՏՏ ոլորտի 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցները, ստորագրողների թիվն օր օրի ավելանում է:
«168 Ժամը» զրուցել է մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ ու պարզել, թե ինչո՞ւ են տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցները դեմ նշյալ օրենքին: Մեզ հետ զրույցում Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը նշեց, որ կենսաթոշակային նոր համակարգին դեմ են հիմնականում ընկերությունների աշխատակիցները, քանի որ նոր համակարգը հենց նրանց «գրպանին է հարվածում»:
«Եթե հիշում եք՝ նախնական, ամենասկզբի գովազդում Կենտրոնական բանկն ընդհանրապես չէր էլ նշում այդ 500 հազար դրամ շեմի մասին: Իսկ այն, որ ասվում է, որ 5% դու ես տալիս, իսկ 5 % էլ պետությունն է տալիս, դա ուղղակի թյուրիմացության մեջ է գցում մարդկանց, որովհետև սխալ է ու իրականում դա այդպես չէ: Իրականում ստացվելու է հետևյալ պատկերը. եթե մարդը ստանում է 1,000,000 շահույթ, նա, փաստորեն, հարկվելուց հետո կստանա 750,000 դրամ, ու եթե նա վարկ է վերցրել ու ամսական 550,000 դրամ է վճարում, ստացվում է, որ ապրելու համար նրան գրեթե գումար չի մնում:
Այսինքն՝ իրականում պարտադիր այդ գանձվելիք գումարը շատ հեռու է 5% կոչվելուց և, օրինակ` 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների մաքուր աշխատավարձը մոտ 10%-ով արդյունքում նվազելու է: Այս ամենի արդյունքում` ՏՏ ոլորտը կդառնա ավելի թանկ, և միգուցե այլ ներդրումներ արդեն չգան Հայաստան: Բանկերը վերահաշվարկ կիրականացնեն և կպահանջեն ինչ-որ գումար պահել, քանի որ ամսական մուծումները կգերազանցեն արդեն նախկին աշխատավարձի 75 տոկոսը: Արդյունքում` մարդիկ տներ կկորցնեն»,- ասում է Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը:
Ըստ նրա`խնդիրը նրանում է, որ նման չափի գումարներ ստացող ՏՏ ոլորտի աշխատակիցներից շատերը բնակարանի, ավտոմեքենայի և այլ նպատակներով հիպոթեքային վարկեր են վերցրել ու կարողանում են մարել, իսկ հիպոթեքային վարկ տալու դեպքում բանկերը հաշվարկում են, որպեսզի քաղաքացու ամսական վարկի վճարը չգերազանցի մաքուր աշխատավարձի 75%-ը: «Հիմա, երբ այդ մարդկանց մաքուր եկամուտը 10%-ով քչանում է, նրանք, փաստորեն, բանկի համար ռիսկային գոտում են հայտնվում, որովհետև ուղղակի չեն կարողանալու ապրել մնացած գումարով, իսկ այդ դեպքում բանկը կկանչի տվյալ հաճախորդին ու կասի` ռիսկային գոտում չհայտնվելու համար պետք է մի կլորիկ գումար փակի տվյալ մարդը, կամ էլ բանկը կվերահաշվարկի և կբարձրացնի վարկի տոկոսը, քանի որ տվյալ անհատը ռիսկային գոտում է:
Մյուս կողմից, եթե տվյալ մարդը վարկը փակի, ապա նրան կմնա չնչին գումար, որով ուղղակի անհնար կլինի ապրել: Մեր հիմնական բողոքի պատճառը հենց դա է. իրականում նոր համակարգը շատ մարդկանց գցելու է ծայրահեղ ծանր վիճակի մեջ, իսկ այդ ամենը բերելու է նրան, որ, եթե առանց այդ էլ մարդիկ լքում են երկիրը, ապա այժմ ավելի շատ մարդ կսկսի լքել Հայաստանը: Կոնկրետ իմ օրինակը բերեմ, ես, մի քանի տարի է՝ չէի դիմել գրին քարտի համար, իսկ այս տարի գրանցվել եմ, որովհետև, անկեղծ ասած, չգիտեմ` մենք ինչ-որ բանի կհասնե՞նք, թե՞ ոչ»,- ասաց Լ. Հարությունյանը: Վերջինս, այնուամենայնիվ, հույս ունի, որ իրենց այս պայքարը որոշակի դրական արդյունքի կհանգեցնի:
«Գիտեք ինչո՞ւ, որովհետև մեր հարգելի վարչապետն ու նախագահը միշտ նշել են, որ ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է համարվում ՀՀ-ի համար, և չեմ կարծում, որ իրենք կուզենան գերակա ճյուղը վնասել, իսկ սրանով իրենք վնասելու են գերակա ճյուղը, քանի որ, եթե այս պահին գնաք ցանկացած մեծ ընկերություն՝ կտեսնեք, որ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, և մենք չենք կարողանում նորմալ մասնագետներ գտնել, որովհետև բոլորը դուրս են գնում, իսկ այս նոր համակարգի ներդրումից հետո ՏՏ ոլորտը կամ կհայտնվի շատ վատ վիճակում, կամ ընդհանրապես կոչնչանա Հայաստանից»,- ասաց Լ.Հարությունյանը:
Nairi-Tech ընկերության տնօրեն Գրիգոր Բաբայանը նշեց, որ Հայաստանում ինֆլյացիոն մակարդակը բարձր է, տնտեսությունը կայուն չէ, որպեսզի հնարավոր լինի 50-60 տարով կուտակային գումար, այսպես ասած, ներդնել, որը հետագայում արդեն կծառայի թոշակի համար:
Բացի այդ, հստակեցված չէ այդ թոշակային ֆոնդի օգտագործման կարգը: «Որքան տեղյակ եմ՝ թոշակային տարիքից հետո միայն այդ մարդն իրավունք ունի տնօրինել այդ գումարը: Իսկ այն, թե մարդն ինչպես պետք է տնօրինի այդ գումարը՝ որոշում է պետությունը, ու թե որքա՞ն ժամանակահատվածի վրա պետք է բաժանվի այդ գումարը, կրկին որոշում է պետությունը: Բազմաթիվ բաց հարցեր կան, օրինակ, ենթադրենք` պետությունը համարում է, որ 63 տարեկանից հետո 20 տարվա վրա պետք է բաժանվի այդ գումարը, սակայն տվյալ մարդն ապրում է ընդամենը մի քանի տարի, հետո՞, բա մնացած գումարն ի՞նչ պետք է արվի:
Կամ, ենթադրենք` մարդը չի ուզում Հայաստանում բնակվել և պատրաստվում է, օրինակ`10 տարի հետո լքել Հայաստանը, բայց նշյալ համակարգի կիրառման դեպքում, ինքն արդեն 10 տարի ինչ-որ գումար է կուտակելու, որը, փաստորեն, պարզ չի, թե ինչի՞ համար էգ ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվելու: Ես բացասաբար եմ վերաբերվում Կենսաթոշակային կուտակային նոր համակարգին, որովհետև հստակեցված չէ դրա օգտագործման կարգը և բազմաթիվ այլ հարցեր: Այսինքն` լսել են, որ ինչ-որ տեղ նման բան կար, ու որոշել են այստեղ էլ կիրառել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս համակարգը ներդրված է կայուն տնտեսություն ունեցող երկրներում, որոնք արդեն 50-60 տարի է՝ տնտեսական աճ ունեն, իսկ Հայաստանը նոր անկախացած պետություն է, ինչ-որ խարխուլ տնտեսություն ունի և փորձում է ինչ-որ համակարգ ներդնել, որը նույնիսկ կայուն տնտեսություն ունեցող երկրների համար է շատ դժվար կիրառելի»,- ասաց Գ. Բաբայանը:
CQG MA ընկերության աշխատակից Արտաշես Արաբաջյանի խոսքով` Կենսաթոշակային կուտակային նոր համակարգի գաղափարն ընդհանուր առմամբ վատը չէ, սակայն դրա իրագործմանը, դրա ռեալ ու ճիշտ լինելուն կասկածում է` հաշվի անելով ՀՀ ներկայիս սոցիալական վիճակը:
«Բացի այդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մենք գումարը հիմա ենք դնում, իսկ պետությունն այն մեզ վերադարձնելու է 20-30 տարի հետո, ապա դա չի նշանակում, որ 5/5% է, դա կարող է լինել մոտավորապես 7/3% կամ 8/2%, եթե ես չեմ սխալվում, պետք է հստակ հաշվարկել, սակայն հաստատ 5/5% չէ: Դա հասարակ ինֆլյացիա է. այժմյան 100 դրամը մյուս տարի 100 դրամ չի, մոտ 90 դրամ է, քանի որ մենք ինֆլյացիա ունենք: Օրինակ, եթե հիմա ես դնում ամսական 25 հազար դրամ, իսկ պետությունն իր մյուս 25 հազարը դնելու է 20 կամ 30 տարի հետո, ապա դա նույն 25 հազարը չի, պետության դրած 25 հազարը իմ դրած 25 հազարը չի, այլ շատ ավելի քիչ է»,- ասաց Ա. Արաբաջյանը:
Ըստ մեր զրուցակցի` ամենակարևորը տվյալ դեպքում այդ պարտադիր կուտակային բաղադրիչն է, որը պետք է դառնա ոչ պարտադիր, մինչդեռ հանրության մեծամասնութունը տեղյակ չէ, ու շատերը գիտեն, թե այդ ամենն իրենց ցանկությամբ է լինելու: «Ամենակարևորն այն է, որ պետք է ոչ թե մարդկանց ստիպելով անցնեն նման համակարգի, այլ բացատրեն: Ինտերնետում մի հաշվիչ կա, և երբ շատ-շատերը դրա միջոցով հաշվում են՝ զարմանում են, թե ինչո՞ւ պետք է իրենք պարտադիր այդքան գումար տան: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք մեր ծերությունն ապահովել, սակայն դա պետք է ճիշտ իրականացվի»,- ասաց Ա. Արաբաջյանը` նշելով, որ երբ համեմատում են մեր երկրում նվազագույն աշխատավարձի չափը և այն, թե ինչ գումարներ իրենք պետք է տան, հասկանում են, որ այդ ամենն ուղղակի աբսուրդ է:
Synopsys Armenia ընկերության աշխատակից Արթուր Բաղդասարյանի խոսքով` Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը ոչ միայն վերաբերում է ՏՏ ոլորտին, այլ ցանկացած ոլորտի աշխատակցի, սակայն ՏՏ ոլորտն է առաջինը հարվածն իր վրա վերցնում, քանի որ այս ոլորտում չկա ոչ մի ստվերային տնտեսություն, այդ թվում` աշխատավարձերի քաղաքականության մեջ, աշխատավարձերի իրական չափն, ի տարբերություն մյուս ոլորտների՝ թաքցված չէ: «Այսինքն` եթե որպես աշխատավարձ գրված է` X գումար, ուրեմն մենք X գումար էլ ստանում ենք, իսկ մնացած բոլոր հիմնարկներում հիմնականում գրում են շատ քիչ X գումար, որպեսզի քիչ հարկեր մուծեն, իսկ մնացած գումարը կանխիկ ձևով են տալիս:
Այսինքն`այդ ստվերային աշխատավարձերի մեխանիզմի ու քիչ գրված գումարի պայմաններում, բնականաբար, մարդիկ քիչ էլ մուծելու են, իսկ իրենց աշխատավարձի մեծ մասը ստանալու են առձեռն, ուստի կարող են և չանհանգստանալ նման օրենք ընդունելուց, իսկ մեր պարագայում ամեն ինչ ֆիքսված է, ու ամեն ինչ օրենքի շրջանակներում է կատարվում, այդ իսկ պատճառով այդ ամենն առաջին հերթին` հենց մեզ է «կպնում»: ՏՏ ոլորտում աշխատավարձերը բարձր են, և այդպես էլ օրինական գրված է, ու ստվերային մաս չկա»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Նա նշեց նաև այս ոլորտի աշխատակիցների բանկերում ունեցած հիպոթեքային վարկերի մասին, և կենսաթոշակային նշյալ համակարգի կիրառության դեպքում բազմաթիվ մարդիկ բանկերի համար կհայտնվեն ռիսկային գոտում:
«Այդ ամենի արդյունքում` լրիվ տրամաբանական կլինի, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը կա՛մ վարկի տոկոսը բարձրացնի, կա՛մ ինչ-որ գումար պահանջի, որպեսզի լրացուցիչ մուծում արվի, որպեսզի ռիսկերը մնան նույնը: Իսկ վատագույն տարբերակի դեպքում` բանկը, վերանայելով աշխատավարձի ռիսկերը, կարող է պարզապես ասել, որ` դու ի վիճակի չես ժամանակին վարկը փակել կամ ընդհանրապես այն մարել, հետևաբար` գործարքը կարող է չեղյալ համարվել: Բանկը լրիվ իրավունք ունի դա անելու, քանի որ քո աշխատավարձը չի բավարարելու և վարկ փակելու, և աշխատելու ու ապրելու համար:
Արդյունքում` մարդիկ կկորցնեն բնակարանները, և այլն»,- ասաց Ա. Բաղդասարյանը` ավելացնելով, որ իրենց ընկերությունում հատուկ դասընթացներ են անցել ու տեղյակ են խնդրին, սակայն շատ-շատերն իրականում իրազեկման խնդիր ունեն, քանի որ այն սոցիալական գովազդները, որ ցուցադրում են հեռուստատեսությամբ՝ իրականում ոչինչ չեն ասում, մարդը չի հասկանում՝ ի՞նչ է իրեն սպասվում 2014թ.-ից:
Մանե Թանդիլյանը, ով երկար տարիներ որպես հաշվապահ աշխատում է ՏՏ ոլորտում, մեզ հետ զրույցում նշեց, որ Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը նախ` լուրջ բացասական ազդեցություն կունենա փաստացի հենց մարդու սպառողականության վրա: «Մենք այս առնչությամբ լսում ենք տարբեր տեսակի գովազդներ և հաշվարկներ, որ կատարվել են, օրինակ` 5%, սակայն այստեղ բացարձակ հաշվի չեն առել այն մարդկանց, օրինակ՝ հենց ՏՏ ոլորտի աշխատակիցներին, որոնք բացարձակ թափանցիկ աշխատավարձերով և եկամուտներով են ներկայանում պետությանը, ինչպիսի պարտավորությունների և ծախսերի առջև են կանգնած:
Կարծում եմ, որ այդ ամենն անպայման կխթանի արտագաղթին, որովհետև հատկապես ՏՏ ոլորտն այն մասնագետների ոլորտն է, որոնք մեծ պահանջարկ ունեն արտասահմանում: Ես նրանց մեջ աշխատելով և գտնվելով՝ քաջատեղյակ եմ, թե ինչ որակի և ինչ կարգի մասնագետներ են նրանք, ուստի հենց ՏՏ ոլորտի մասին խոսելիս` կարող եմ ասել, որ այդ արտագաղթը կարող է սկսվել հենց օրենքի կիրառումից հետո, այն իսկապես կարող է շատ օրհասական և պատուհասային լինել և լուրջ վնասել Հայաստանում այդ ոլորտի զարգացմանը»,- ասաց Մ. Թանդիլյանը:
Հարցին, թե արդյոք այդ նոր համակարգի կիրառումը միայն ՏՏ ոլորտի՞ վրա է անդրադառնալու, քանի որ աշխատավարձերը թափանցիկ և բարձր են, փորձառու հաշվապահը պատասխանեց.
«Իրականում՝ ոչ: Դա անդրադառնալու է բոլոր այն մասնագետների, ընկերությունների, ոլորտների վրա, որոնց գործունեությունն օրինական գրանցված է, աշխատավարձերը թափանցիկ երևում են: Սակայն ստացվում է, որ կարծես թե այս որոշման դեմ համախմբվում են միայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, և միայն նրանք են դեմ, ու կարողանում են բարձրաձայն իրենց կարծիքն արտահայտել:
Այնինչ, ես շատ մարդկանց հետ եմ շփվել ու զրուցել, որոնք իրականում դեմ են նոր համակարգին, բայց, ցավում եմ, որ ստորագրելու և բարձրաձայն իրենց կարծիքն արտահայտելու խնդիր ունեն»։ Նա ավելացրեց, որ այս պայքարին իրականում շատ-շատ մարդիկ դեռ կմիանան, պարզապես շատերն իրականում դեռ լավ չեն պատկերացնում խնդրի լրջությունն ու կարևորությունը: Նա վստահ է, որ արդեն 2014թ. հունվարի վերջին, երբ մարդիկ կստանան իրենց համար անսպասելի ցածր աշխատավարձը, այս օրենքի դեմ պայքարն ավելի լայն ծավալներ կստանա: