Պուտինի այցի ժամանակ այդ երեք բառերը չհնչեցին Բաքվում. Թոմաս դե Վաալ

Carnegie հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն իր «Այն, ինչը չասվեց Բաքվում» խորագրով հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա ադրբեջանական այցին.

«Օգոստոսի 13-ին Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցն Ադրբեջան պարարտ հող հանդիսացավ կրեմլյան շահարկումների համար: Չնայած կողմերի արտահայտած բարեկամության ու սիրո մասին վստահեցումներին և նախագահ Ալիևի՝ «Մենք ունենք շատ մոտ դիրքորոշումներ բոլոր հարցերի շուրջ» հայտարարությանը՝ բանակցությունների պաշտոնական մասը բացահայտեց շատ քիչ բան, ինչն անակնկալ չէր:

Դրա համար էլ առավել արդյունավետ է այն բանի վրա կենտրոնանալը, թե ով չժամանեց Բաքու և ինչ չասվեց Բաքվում: Որևէ կերպ չհիշատակվեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ), որը Ռուսաստանը լքել (հրաժարվել) է նախորդ տարեվերջին: Պուտինի այցը վկայեց, որ Ռուսաստանը փակված է համարում այդ հարցը:

Պուտինը միայն մեկ տողով հիշատակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որը հանդիսացել է իր նախորդ Դմիտրի Մեդվեդևի թիվ մեկ արտաքին քաղաքական նախաձեռնությունը: Դա հերթական անգամ ակնհայտ դարձրեց այն, որ դա այն հարցն է, որն առանձնապես չի հետաքրքրում նրան (Պուտինին):

Պուտինի մեծ պատվիրակության ֆոնին ակնառու էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի բացակայությունը: Նրա փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվել էր Rosneft-ի ղեկավար Իգոր Սեչինը, ով խոշոր համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:

Rosneft-ը փորձում էր բաժնեմաս ստանալ Աբշերոնի գազային հանքավայրերում, ինչի համար էլ պետք է որ ռուսները հիասթափված հեռացած լինեն, քանի որ նրանք չստացան ընդհանուր բառերով նկարագրված համագործակցության համաձայնագրից ավելին:

Հանդիպումներում չեն արտաբերվել մի շարք կարևոր բառեր, որոնցից մեկն «Ամերիկան» էր: Այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարը Բաքու է ժամանել կես դյուժին նախարարներով, պետք է ադրբեջանցիներին հուշեր, թե որտեղ է պետք փնտրել սեփական առաջնահերթությունները:

Երկրորդ բառը «Հայաստանն» էր: Այցի պատճառներից մեկը ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության քննարկումն էր, ինչը պետք է նյարդայնացներ հայերին և հարկադրեր առավել լրջորեն վերաբերվել Պուտինի Մաքսային միությանը (ռուսական պատվիրակության ազդեցիկ դեմքերից մեկը ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող Rosoboronexport ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինն էր: Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կազմում է 4 միլիարդ դոլար):

Երրորդ չհնչեցված բառը, որը շարունակում էր «օդում կախված» մնալ «ընտրություններ» բառն էր: Ալիևը գնում է դեպի իր երրորդ նախագահական ժամկետ՝ հոկտեմբերի 9-ին: Այս անգամ սովորաբար անկենսունակ ադրբեջանական ընդդիմությունը որպես միասնական թեկնածու առաջադրել է իրական կշիռ ունեցող, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Ընտրապայքարին մասնակցելու համար երկքաղաքացիություն ունեցող Իբրահիմբեկովը պետք է հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից՝ մի ընթացակարգ, որը Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տվել դե-ֆակտո վետո դնել ընտրություններին նրա մասնակցության վրա: Այս մասով ոչինչ չասվեց. երկու կողմն էլ գիտեին, թե ինչ է ցանկանում մյուս կողմը»:

Տեսանյութեր

Լրահոս