Արտակ Բուդաղյանն արդեն խոսում է (տեսանյութ)

Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանը, բուժող բժշկի գնահատմամբ՝ կայուն ծանր վիճակում է:

Հիշեցնենք, որ վիրավորվելուց հետո Արտակ Բուդաղյանը Գորիսի քաղաքային հիվանդանոցում վիրահատվել է, ինչից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալի ռեանիմացիոն բաժանմունք` որովայնի բութ գնդակային կույր վնասվածքով:

168.am-ը հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ կոորդինատոր Սևակ Շահբազյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հիմա հիվանդի առողջական վիճակը: Ի պատասխան՝ բժիշկ Շահբազյանը նշեց. «Ունենք չնչին, բայց դրական դինամիկա, այնուամենայնիվ, ներկա պահին Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Հիվանդի գիտակցությունը պարզ է, նա շփվում է մարդկանց հետ: Բայց, ինչպես ցանկացած ռեանիմացիոն բաժանմունքի հիվանդի պարագայում, Արտակ Բուդաղյանի մոտ ևս իրավունք ունեն մտնելու ռեանիմացիոն անձնակազմի աշխատակիցները, մասնագետները՝ բժիշկները, որոնք կոմպետենտ են հիվանդով զբաղվելու համար: Իսկ հարազատներից, իմ տեղեկություններով, նրա մոտ միայն կինն է մտնում»:

Ըստ բժիշկ Շահբազյանի` հիվանդի որովայնում հրազենային մեկ գնդակ է եղել, որը տեղային անզգայացմամբ Երևանի հոսպիտալում արդեն հեռացվել է: Իսկ թե արդյոք այլ գնդակներ հեռացվե՞լ են Արտակ Բուդաղյանի մարմնից Գորիսի հիվանդանոցում գտնվելու ժամանակ, բժիշկը վստահեցրեց, որ տեղյակ չէ. «Գորիսում վիրահատվել է Բուդաղյանը. եղել է լյարդի պատռված վերք, լյարդը կարվել է, որից հետո տեղափոխվել է մեզ մոտ: Ըստ էպիկրիզի տվյալների` գնդակի այլ տեղ մարմնում չկա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արտակ Բուդաղյանին նորից վիրահատեն, Սևակ Շահբազյանը պատասխանեց. «Ամեն պահի հետվիրահատական բարդության հետ կարող ենք առնչվել, ինչը նշանակում է, որ մեկ կամ երկու անգամ վիրահատական միջամտության կարիք կարող է զգացվել: Սակայն, այս պահին, նման հարց չկա դրված` հակառակը` կա դրական դինամիկա»:

Իսկ հետվիրահատական բարդությունները, բժիշկի խոսքով, կարող են լինել ամենատարբեր պատճառներով. սկսած արյունահոսությունից՝ մինչև դինամիկ զարգացող անանցանելիություն:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք հիվանդին հարցաքննել են, բժիշկը հավաստիացրեց, որ իրեն հետաքրքրում է միայն Բուդաղյանի առողջական վիճակն, ու ինքը իրավասու է պատասխանել միայն այդ հարցերին: Նա նշեց նաև, թե միջադեպի առնչությամբ անձամբ իրեն Բուդաղյանը հարցեր չի տվել, չի հետաքրքրվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս