Բաժիններ՝

Գիտական համաժողով՝ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների մասնակցությամբ

Վիրաբույժ Գեորգի Չալտիկյանը մեկն է այն 68 շրջանավարտներից, ով «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում շուրջ 10 ամսով գտնվել է ԱՄՆ-ում և իր գիտական և պրակտիկ գործունեությունը ծավալել իրեն հետաքրքրող բժշկական նեղ մասնագիտացման ոլորտում, որը վերաբերում է շատ տարածված Ստամոքս-կերակրափողային հետհոսք՝ ռեֆլյուքս հիվանդությանը:

«Բնակչության շուրջ 20- 30%-ն  ունի այս խնդիրը, որի ամենահաճախ արտահայտություններից մեկը կերակրափողում այրոցն է: Շատ-շատերս ունենում ենք պարբերաբար այն, սակայն դրան ուշադրություն չդարձնելու պարագայում հետագայում շատ լուրջ խնդիրների և բարդությունների առաջ կարելի է կանգնել»,- ասաց Գ. Չալտիկյանը՝ նշելով, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է այս խնդրի ուսումնասիրմամբ և մեծ ցանկություն ուներ տեղեկանալ այս հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից ուսումնասիրություններին և մեթոդներին: Արդյունքում՝ «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում բժիշկը մեկնել է ԱՄՆ, 2009-2010թթ. գտնվել է University of South California-ում, իսկ այդ համալսարանը վերջին 40-50 տարում զբաղվել է վերոնշյալ խնդրի ուսումնասիրությամբ, հսկայական փորձ ունի և համարվում է աշխարհում այդ ուղղությամբ մասնագիտացած կառույց:

Գ. Չալտիկյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակահատվածում ձեռք է բերել հսկայական փորձառություն և գիտելիքներ, սակայն նշում է, որ, ցավոք, մեր երկրում՝ Հայաստանում, շատ բաներ կապված են ֆինանսական հնարավորությունների հետ, քանի որ բուժման և հետազոտման ոչ բոլոր եղանակներն են կարողանում կիրառել, քանի որ այդ ամենի համար, բացի գիտելիքներից, նաև արժեքավոր սարքավորումներ են անհրաժեշտ:

«Այդուամենայնիվ, իմ գիտելիքների, իմ փորձի, իմ ունակությունների ու հնարավորությունների գրեթե մոտ 50%-ը, որով ես կարողանում եմ բուժել և օգնել մեր ժողովրդին, գալիս է այսպիսի փոխանակման ծրագրից: Հենց դա է պատճառտը, որ ես իսկապես կարևորում եմ նմանատիպ  փոխանակման ծրագրերը»,- ասաց «Ֆուլբրայթ» ծրագրի մասնակիցներից Գ. Չալտիկյանը:

Կարդացեք նաև

«Ֆուլբրայթ» ծրագիրը հիմնադրվել է 1946 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Ուիլյամ Ֆուլբրայթի կողմից: Ծրագրի նպատակն է՝ գիտելիքի, հմտությունների ու գիտնականների փոխանակման միջոցով նպաստել ԱՄՆ ժողովրդի և այլ երկրների քաղաքացիների միջև համագործակցությանն ու փոխադարձ ընկալմանը: Հայաստանում ծրագիրը գործում է արդեն 20.5 տարի: Հայաստանի ամերիկյան շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա այն առաջին ծրագրերից մեկն էր, որը հայաստանցի գիտնականներին հնարավորություն տվեց ամենադժվար տարիներին մեկնել ԱՄՆ՝ վերապատրաստման, և գիտական կապեր հաստատել ԱՄՆ գիտական հաստատությունների հետ, շուրջ մեկ տարի մնալ այնտեղ, աշխատել, սովորել և փորձառություն ձեռք բերել ու կրթաթոշակ ստանալ:

«20 տարուց ավելի իրականացվող այս ծրագրի շրջանակներում արդեն Հայաստանի 68 գիտնականներ դարձել են այս ծրագրի շրջանավարտ: Ծրագրի շրջանակներում ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են մեկնում ԱՄՆ, այլև ԱՄՆ քաղաքացիները գնում են աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան»,- ասաց Խ. Գևորգյանը: Հենց այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Ֆուլբրայթ» ծրագրի գործունեության և Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանից՝ 14, և ԱՄՆ-ից  4 ծրագրի մասնակիցներ:

Համաժողովը կազմակերպել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան: Ասոցիացիայի խորհրդի անգամ Ռուբեն Միրաքյանի խոսքով՝ սա ասոցիացիայի կազմակերպած առաջին գիտական համաժողովն է, որը հնարավորություն է  կրթաթոշակի ծրագրին մասնակից տարբեր ոլորտի մասնագետների համար՝ մեկ վայրում հավաքվել և քննարկում ու փորձառության փոխանակում իրականացնել:

ԱՄՆ դեսապանատան Մշակութային կապերի պատասխանատու Շոն Օ՛Հարան 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք բազմաթիվ ամենամյա կրթական և գիտական փոխանակման ծրագրեր են իրականացնում, մոտ 10 ծրագիրը դրանցից ամենամյա է, սակայն ունեն նաև հատուկ ծրագրեր՝ Հայաստանի, Թուրքիայի և օրինակ՝ Ադրբեջանի քաղաքացիների հետ համատեղ՝ կրթական, որը նպատակ ունի նպաստել խաղաղությանն ու կայունությանը Կովկասում:

Ինչ վերաբերում է որոշ ծրագրերի, օրինակ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Հայաստանում Muskie կրթական ծրագրի փակման վերաբերյալ  տեղեկատվությանը,  Շոն Օ՛Հարան ասաց, որ Ամերիկյան կառավարության կողմից այդ ծրագրին այլևս ֆինանսավորում չի տրամադրում, և դա որևէ կապ չունի կոնկրետ Հայաստանի հետ, ծրագիրը դադարեցվել է  այլ երկրներում նույնպես: Ինչ վերաբերում է հետագայում կրկին նման ծրագրերի դադարեցմանը, Շոն  Օ՛Հարան ասաց. «Ցավոք, այդ ամենը ես չեմ որոշում, այդ ծրագրի դադարեցումը տխրեցրեց նաև, քանի որ ես գիտեմ, թե ինչպես շատերն, այդ ծրագիրն անցնելուց հետո, որքան լուրջ աշխատանքներ են իրականացրել Հայաստանում»,- ասաց Շոն Օ՛Հարան:

Ինչ վերաբերում է ընդհանուր ամերիկյան կառավարությանը, թե տարեկան որքան գումար է ծախսում Հայաստանի քաղաքացիների վրա նման կրթական ու գիտական ծրագրերի մասնակցության նպատակով, Շոն Օ՛Հարան չգիտեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս