Muskie կրթական ծրագիրը հնարավոր է փակվի Հայաստանում
Muskie կրթական ծրագիրը հնարավոր է փակվի Հայաստանում, քանի որ Ամերիկյան կառավարությունը հնարավոր է այլեւս ֆինանսավորում չտրամադրի այդ ծրագրի համար:
Muskie-ն միակ կրթական ծրագիրն է Հայաստանում, որ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ում ստանալ մագիստրոսի աստիճան: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը:
«Ծրագիրը կդադարեցվի ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր տարածաշրջանում եւ հարեւան երկրներում նույնպես, այս առնչությամբ քննարկումներ են գնում ԱՄՆ-ում»,-ասաց Խ. Գեւորգյանը՝ հավելելով, որ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտները այս առնչությամբ նամակ են պատրաստել ԱՄՆ կառավարությանը եւ ստորագրահավաք կազամեկրպել այս ուղղությամբ՝ ի պաշտպանություն կրթական ծրագրի ֆինասավորման շարունակականության:
Էդմունդ Ս. Մասքիի անվան կրթաթոշակների ծրագիրը ստեղծվել է 1992թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից և նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական և ժողովրդական զարգացումներին: Ծրագիրն իրականացնում է Միջազգային հետազոտությունների ու փոխանակման խորհուրդ/ԱՅՌԵՔՍ կազմակերպությունը: Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ակնառու մասնագետները հնարավորություն ստանան ուսանելու ԱՄՆ-ում բարձրագույն գիտական կոչում շնորհող ծրագրերով: Վերջին 17 տարիների ընթացքում ավելի քան 4000 կին և տղամարդ Եվրասիայիից 11 մասնագիտությունների գծով ուսանել են ավելի քան 200 ամերիկյան բուհերում:
Մինչ օրս Հայաստանից ԱՄՆ պետական քարտուղարության կողմից ֆինանսավորվող Muskie ծրագրով կրթաթոշակ են ստացել ավելի քան 370 հոգի: