Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշեց մայիսի 14-ին: Տոնական օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկի՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրվա հետ, ինչի առթիվ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը:
Մայր տաճարում «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացների առաջ ելույթ ունենալով` Վեհափառ հայրապետն ասաց, որ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։