«Ոստիկանության Էրեբունու բաժինը երեկոյան ժամանցի վա՞յր է, որ փաստաբանն ու օպերլիազորն անձնական բնույթի խոսակցություն վարեին իրար հետ». Հրանտ Անանյան

«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին:

Ըստ նրա՝ անչափահասի ծնողի մոտ առկա են լուսանկարներ և տեսաձայնագրություններ, թե ինչ վիճակում են եղել երեխաները բերման ենթարկելուց 4-5 ժամ անց:

«Անչափահասներից մեկին պաշտպանելու նպատակով ոստիկանության բաժին են մեկնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, տեղի են ունենում քննչական գործողություններ: Այդ ժամանակ անչափահասները պատմում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Առերեսվողը լինում է հենց բերման ենթարկած օպերներից մեկը, ում մոտ աստիճանաբար լարում է առաջանում նաև այն պատճառով, որ եթե այդ ամենն արձանագրվում է, նաև իրավական հետևանքներ են լինելու: Հեռախոսը ձեռքի տակ է լինում, ու աստիճանաբար քննչական բաժնի դռան մոտ, որը գտնվում է նույն ոստիկանության շենքում, հավաքվում են օպերլիազորներ»,- ասաց Հրանտ Անանյանը:

Փաստաբանը կասկածներ ուներ, որ հենց առերեսվող օպերլիազորն է նրանց կանչել այդտեղ:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ փաստաբանների հասցեին նաև տարաբնույթ վիրավորական արտահայտություններ են հնչում, ապա ընդմիջմանը ճնշում է գործադրվում անչափահասի հոր նկատմամբ:

«Փաստաբաններն իրենց հարցերն են տալիս, դա ավելի է լարում օպերլիազորին: Քննչական գործողության ավարտին, երբ դեռ արձանագրությունն ամբողջովին լրացված չի եղել, փաստաբան Մարզպետ Ավագյանն իր անմիջական պարտականությունների ընթացքում իրեն հայհոյած անձանցից պատիվ է պահանջել, ինչին հետևում է հարձակումը նրա նկատմամբ: Հնչել են նաև սպառնալիքներ»,- ասաց բռնության ենթարկված փաստաբանների ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ձայների վրա քննչական սենյակից դուրս եկած Էմանուել Անանյանի ձեռքերը ոլորում են ու կրկին սկսում խփել, ապա վրա հասած քննիչները կարողանում են բաժանել նրանց:

«Անչափահասի հայրը, վախենալով, զանգում է ինձ: Ես անմիջապես զանգում եմ 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, հաղորդում եմ տալիս դեպքի վերաբերյալ, տեղեկացնում եմ Փաստաբանների պալատի նախագահին, մի շարք այլ մարդկանց ու մեկնում եմ  դեպքի վայր: 1-02 օպերատիվ կառավարման կենտրոնը պարտավոր է անմիջապես ընկալել հաղորդման բնույթը և նյութերը փոխանցել իրավասու օպերատիվ խմբին, որպեսզի վերջինս գա, հանցագործությունը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Ոստիկանության Էրեբունու բաժին հասնելուս պես պարզում եմ, որ իմ ահազանգը փոխանցած են լինում Պարեկային ծառայությանը: Ինձ դիմավորում են պարեկները: Ասում են՝ մենք էլ չգիտենք՝ ինչու են մեզ հասցեագրել, բայց եկել ենք ու մեզ թույլ չեն տալիս շենք մտնել»,- ասաց Հրանտ Անանյանը:

Ինչ վերաբերում է դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությանը, փաստաբանը նկատեց՝ միշտ, երբ ծառայողական քննություն է ընթանում և զուգահեռ իրականացվում է քրեական վարույթ, ծառայողական քննությունը կասեցվում է մինչև վերջնական քրեադատավարական որոշում կայացնելը:

«Ոստիկանությունը դա չի արել: Բացի դրանից, ծառայողական քննությունը չէր կարող ամբողջական լինել բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ հարցման ենթարկելու մեթոդով: Ոչ փաստաբաններին, ոչ անչափահասին, ոչ էլ նրա օրինական ներկայացուցչին հարցման չեն ենթարկել, հետևաբար քանի՞ կոպեկ արժի ձեր ծառայողական քննությունը»,- ասաց Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ որևէ անձնական բնույթի խոսակցություն Մարզպետ Ավագյանի ու օպերլիազորի միջև տեղի չի ունեցել:

Փաստաբանը տարակուսում է՝ ոստիկանության Էրեբունու բաժինը երեկոյան ժամանցի վա՞յր է, որ փաստաբանն ու օպերլիազորը անձնական բնույթի խոսակցություն վարեին իրար հետ:

Հրանտ Անանյանը նաև նկատեց՝ ինքը երեկ գրություն է հասցեագրել դատախազությանը: Վերջինիս դիտարմամբ՝ այս գործով քննությունն իներտ է ընթանում, մինչդեռ ագրեսիա է ցուցաբերվել ոչ միայն փաստաբանների ու բերման ենթարկված անչափահասների, այլև նրանց ծնողների նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս