
Օղակը սեղմվում է․ 3 տարում Հայաստան է մտել է 11 միլիարդ դոլար՝ առանց էական ազդեցության

Նախորդ մի քանի տարիներին Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերն ու բյուջեի եկամուտների հայտարարվող աննախադեպ ավելացումներն այլևս անցյալում են։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում՝ Հայաստանի տնտեսությունն ու բյուջեն կանգնած են մեծ մարտահրավերների առաջ, որոնք, մեղմ ասած, լավ բան չեն խոստանում։
Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները վերջին տարիներին նպաստավոր միջավայր ստեղծեցին, որ Հայաստանը, իշխանությունների կամքից անկախ, օգուտներ քաղի։ Հակամարտության այս ամբողջ ընթացքում մեր բանկային համակարգը գտնվել է ռուսական հսկայական ֆինանսական հոսքերն ու ապրանքային շարժերը սպասարկելու գոտում։ Մեծ գումարներ են եկել Ռուսաստանից ու Հայաստանի միջոցով գնացել այլ երկրներ՝ սպասարկելով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մատակարարումները ռուսական շուկա։
Դրա արդյունք էին այն մեծածավալ ներմուծումները, որոնց սեփական կարիքը Հայաստանը երբեք չի ունեցել ու չէր կարող ունենալ։ Այդ ապրանքները ներմուծվում էին վերաարտահանումների նպատակով, ինչն էլ իր ազդեցությունն էր թողնում Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունների վրա։ Դրանք վերջին տարիներին անգամներով են ավելացել։ Ընդ որում՝ ավելացել են ներքին տնտեսության արտահանման կարողությունների կրճատման պայմաններում։
Հայաստանի միջոցով սպասարկվել են ոչ միայն ռուսական շուկայի մատակարարումները, այլև ռուսական որոշ ապրանքների վերաարտահանումները։ Որքան էլ դա գուցե երկար չտևեց, այնուհանդերձ մի պահ ահռելի ազդեցություն թողեց՝ ինչպես տնտեսական աճերի, այնպես էլ՝ արտաքին առևտրի հսկայական շրջանառությունների ձևավորման վրա։
Միայն բանկային համակարգի միջոցով վերջին երեք տարիներին Ռուսաստանից Հայաստան է եկել 11 մլրդ դոլարից ավելի գումար։ Այնպես չէ, որ նախկինում Ռուսաստանից գումարներ չէին գալիս Հայաստան։ Նախկինում էլ տրանսֆերտային փոխանցումների շուկայում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն էր։ Բայց այն ժամանակ ռուսական շուկայից եկող կապիտալի հոսքերն անգամներով ավելի քիչ էին։
Վերջին 3 տարիներին դրանք առնվազն 4 անգամով ավելացել են։ Այդ գումարներն անցել են Հայաստանի բանկային համակարգով՝ մեծ շահույթներ ապահովելով՝ բանկերի, ինչպես նաև մուտքեր՝ պետական բյուջեի համար։
Ընդ որում, այնպես չէ, որ դրանք կատարել են գերազանցապես առևտրի սպասարկման դեր։
Այդ գումարների մի մասը հանգրվանել է Հայաստանի բանկային համակարգում։ Այսօր էլ դեռ շարունակում է մնալ։ Բայց սպասվող աշխարհաքաղաքական զարգացումներից հետո, հազիվ թե դա շատ երկարի։
Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունն արտահայտվել է ոչ միայն ֆինանսական միջոցների ու առևտրային հոսքերի սպասարկման, այլև մարդկային կապիտալի ու բիզնեսի տեղաշարժի միջոցով։ Այլ բան, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան կառչել այդ հնարավորությունից ու երկարաժամկետ ռեսուրսներ ստեղծել Հայաստանի տնտեսության հետագա զարգացումների համար։ Մարդկային կապիտալի ու բիզնեսի հոսքերը, որոնք տեղափոխվել էին Հայաստան, հանդիպելով ներքին շուկայից, ֆինանսական ու տնտեսական միջավայրից թելադրված խնդիրների հետ, որոշ ժամանակ հետո նախընտրեցին հեռանալ։
Դրանով հանդերձ, ռուս-ուկրաինական հակամարտությունը հսկայական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների վրա։ Արտաքին առևտրային ու ֆինանսական հոսքերը սպասարկելու արդյունքում՝ բյուջեն միլիարդավոր դրամների օգուտներ ստացավ։
Սակայն եկել է այդ ամենին հրաժեշտ տալու ժամանակը։ Օղակը սեղմվում է։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ինչպես ժամանակին հսկայական դրական ազդեցություն ունեցան մեր տնտեսության վրա, այնպես էլ հիմա ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության թուլացումն ու ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու շուրջ սկսված պրոցեսները մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Դրանք, իհարկե, սկսեցին արտահայտվել արդեն անցած տարվա երկրորդ կեսին, երբ որոշ ուղղություններով դրսևորվող արտաքին ազդեցությունները որոշ չափով թուլացան։ Դրա հետևանքով կտրուկ կրճատվեց տնտեսական աճի տեմպը։
Մեծապես տուժեց նաև պետական բյուջեն. նախատեսվածի համեմատ անցած տարվա հարկային մուտքերը թերակատարվեցին շուրջ 223 մլրդ դրամով։
Վերջին տարիներին ակտիվացած աշխարհաքաղաքական սրացումների սպասվող հնարավոր թուլացումից հետո, արտաքին գործոնների բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու պետական բյուջեի մուտքերի վրա առաջիկայում շատ ավելի մեծ կլինի։ Որքան արագ զարգանան միջազգային պրոցեսները, այնքան արտաքին միջավայրի բացասական ազդեցությունները Հայաստանի վրա ավելի տեսանելի կդառնան։
Դա կարտահայտվի առաջին հերթին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ առևտրային հոսքերի կրճատման միջոցով։ Այդ հանգամանքը վերջին ամիսներին ակնհայտորեն երևում է հատկապես արտաքին առևտրի ցուցանիշներում, որոնք առնվազն կիսով չափ կրճատվել են։ Բայց այդքանով չի ավարտվի։ Ազդեցություններն աստիճանաբար կտարածվեն նաև այն մյուս բոլոր ուղղություններով, որոնք վերջին տարիներին արհեստականորեն խթանեցին Հայաստանի տնտեսական աճը՝ առիթ տալով իշխանություններին խոսել համաշխարհային մակարդակի աճերի մասին։
Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը զուգահեռ, ռուսական շուկայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունն աստիճանաբար մեղմվի, Հայաստանի միջոցով իրականացվող վերաարտահանումներն ընդհանրապես կկորցնեն իրենց նշանակությունը։ Կկրճատվեն նաև ֆինանսական այն հոսքերը, որոնք ուղղված էին արտաքին առևտրի սպասարկմանը։ Սա կբերի այդ հատվածից թելադրված ազդեցությունների թուլացման՝ մեծացնելով ճնշումը՝ ինչպես ընդհանրապես տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի ու արժութային շուկաների վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ