Իրանը համաձայն չէ, որ ՄԱԳԱՏԷ-ն ստուգի իր միջուկային օբյեկտները. ԱԳՆ
Իրանը համաձայն չէ, որ ՄԱԳԱՏԷ-ն ստուգի իր միջուկային օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ գործակալությունն ակնկալում է առաջիկա շաբաթներին հասանելիություն ստանալ Իրանի միջուկային օբյեկտներին։
«Ո՛չ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը համաձայն է, որ ՄԱԳԱՏԷ-ն մուտք գործի իր միջուկային օբյեկտներ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը իրանական ռմբակոծված միջուկային օբյեկտներ կախված կլինի ԱՄՆ–ի հետ բանակցությունների արդյունքից։ Միևնույն ժամանակ Թեհրանում ընդգծել էին, որ Իրանը կշարունակի մուտք ապահովել մի շարք միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ։

