«Իմ բազում մեղքերից տկարանում է մարմինս, տկարանում է նաև հոգիս»,- մի՞թե այդպես գրված չէ Աստվածածնին նվիրված շարականում: Դա մարմնի հոգնածություն չէ, այլ՝ հոգեկան թուլություն: Դա մարմնական հոգնածությունից ավելի վատ է: Հոգեկան թուլությունից մարդը հավասարակշռությունը կորցնում է, ասես մեքենա է դառնում, որի մեխանիզմը կարգին է, իսկ շարժիչն՝ անսարք:
Մահացու մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետեւյալ 7 տեսակների մեջ. հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն: Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ: