Քաղաքականության ճգնաժամ․ Հայաստանի տակ դրված ամենավտանգավոր ականը
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում իրականում արձանագրվեցին ոչ թե արդյունքներ, այլ հակաարդյունք։ Խոսքը ոչ միայն, իսկ ավելի ճիշտ, ոչ այնքան՝ ստացված տոկոսների հասցեատերերի անուններն ու ազգանուններն են, քաղաքական բովանդակությունն ու հայհոյախոսությունը, որքան ընտրություններին մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշը՝ 28.5 տոկոս։
Հանրապետության քաղաքականապես ամենաակտիվ ու ամենամեծ բնակավայրի՝ Երևանի բնակիչների ավելի քան 70 տոկոսի չմասնակցությունն ընտրություններին, նրանց տոտալ բոյկոտը վկայում է շատ ավելի խորքային խնդրի մասին, քան սոսկ քաղաքի ավագանու կամ քաղաքապետի ընտրության հանդեպ անտարբերությունն է։ Անտարբերությունը կամ ապատիան հիմնարար խնդրի ընդամենն արտաքին դրսևորումներն են, որոնք արտահայտվում են ընտրատեղամաս չգնալով։ Ընտրությունների բոյկոտը, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, բայց առաջին հերթին՝ վկայում է երկրում քաղաքականության լրջագույն ճգնաժամի մասին։ Խոսքը ոչ թե ստանդարտ ու բոլոր երկրներում արձանագրվող քաղաքական ճգնաժամի, այլ հենց քաղաքականության ճգնաժամի մասին է։
Վերջինը, ի տարբերություն սահմանադրական և այլ գործիքակազմերով կարգավորվող քաղաքական ճգնաժամի, ունի աշխարհայացքային, գաղափարական, արժեքային բազմաթիվ շերտեր, որոնք հանրագումարում հանգում են նրան, որ հասարակությունը մերժում է քաղաքականությունը՝ որպես ինստիտուցիա, որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման մեխանիզմ։ Իրականում դա մեծագույն անոմալիա է, կրկին ոչ թե՝ սովորական քաղաքական, այլ համակարգային՝ քաղաքականության, որպես հետևանք՝ նաև պետության ու պետականության ճգնաժամ։
Իշխանության կրողը, իշխանության սուբյեկտն ու սեփականատերը՝ քաղաքացին, փաստորեն, մերժում է իշխանություն ձևավորելու ավանդական ու չվիճարկվող կառուցակարգը՝ ընտրությունը։ Դա մեծագույն ական է՝ դրված պետության ու պետականության տակ, քանի որ իշխանության ձևավորման ֆորմալ ժողովրդավարական ինստիտուտի՝ ընտրության մերժումը վկայում է, որ հասարակությունն առնվազն խորքում պատրաստ է ոչ ֆորմալ, ոչ նորմատիվային մեթոդներով իր խնդիրների լուծմանը։ Որովհետև խոսքը ոչ թե Կոպենհագենի կամ Սիդնեյի պես անդարդ հասարակության, այլ անվտանգային, գոյաբանական խնդիրներ ունեցող երկրի մայրաքաղաքի բնակիչների բոյկոտի մասին է։ Բոլոր այդ խնդիրները չեն լուծվել, հակառակը՝ խորանում են ամեն օրվա հետ։
Ահա այդ պայմաններում ընտրության մերժումը, բնականաբար, չի նշանակում խնդիրների վերացում, այլ վկայում է, որ պահպանվող ու ավելացող խնդիրների լուծման հարցում հանրությունը կարող է պատրաստ լինել դիմելու շատ ավելի շոկային միջոցների, քան կիրակի օրն ընտրություններին մասնակից ուժերից մեկին տրված քվեների անսպասելի թիվն է։
Այս իրականությունը Հայաստանում տասնամյակներ շարունակ տևած քաղաքական համակարգից հասարակության աստիճանական օտարման, իսկ վերջին հինգ տարիներին՝ քաղաքական համակարգի խեղման ու քաղաքականության վարկաբեկման ուղիղ հետևանքն է։ Եվ դա միայն առաջին հայացքից է կապված Երևանի ավագանու կազմի կամ քաղաքապետի անձի հետ։
Այս իրականության ողբերգականությունն այն է, որ քաղաքականությունը մերժող հասարակությունը, թեկուզ և չգիտակցելով, թեկուզ և ակամայից, մերժում է նաև պետությունն ու պետականությունը, քանի որ չի կարող լինել պետություն՝ առանց քաղաքականության։ Դրա իրական շահառուները սկսվում, բայց ամենևին չեն ավարտվում Ադրբեջանով ու Թուրքիայով։ Իսկ այդ ծրագրի իրականացման ֆունկցիոներները գրեթե ամբողջ կազմով օրեր առաջ կանգնած էին Երևանի քաղաքապետարանի առջևի հարթակին ու ծափահարելով լսում էին, թե ինչպես է իրենցից գլխավորը պետությունը հերթական անգամ ծեփում ասֆալտին՝ անուղղակիորեն Հայաստանում քաղաքականության վերացման շահառուներին հղելով՝ «Ասեք՝ կանենք» կոդավորված ուղերձը։