Բաժիններ՝

Ոստիկանության աշխատակիցները տուժած փաստաբաններին սպառնացել են ծեծի վերաբերյալ հաղորդում տալու դեպքում հաշվեհարդար տեսնել նրանց հետ

Այսօր վերջին տասնամյակների կտրվածքով անհավանական լուր ստացվեց. Ոստիկանության բաժնում ծեծել են իրենց մասնագիտական պարտքը կատարող փաստաբանների:

Լուրը տարածվելուց րոպեներ անց Փաստաբանների պալատը հաղորդագրություն տարածեց. «Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ փաստաբաններին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու միջադեպի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մամուլի ասուլիս»:

Ասուլիսին մասնակցում էին ծեծված փաստաբաններ Էմմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը, նրանց ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ու Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

Ասուլիսի սկզբում Սիմոն Բաբայանը հաստատեց՝ փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, նրանց հայհոյել են ու խոչընդոտել վերջիններիս մասնագիտական գործունեությունը:

Կարդացեք նաև

«Փաստաբանների պալատը հետևողական է լինելու նմանատիպ բացասական երևույթների նկատմամբ: Որոշ պաշտոնատար անձինք մոռանում են, որ փաստաբանի առաքելությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Անելու ենք ամեն ինչ փաստաբանական ինստիտուտը պաշտպանելու համար»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ նշեց՝ երկար տարիներ նման միջադեպի հետ չենք առնչվել, վերադառնում ենք նախորդ դարի 90-ական թվականներ:

«Մեր գործընկերները գնացել են բերման ենթարկված ու ծեծի ենթարկված անչափահասների հետ առերեսմանը, որոնք պետք է առերեսվեին ոստիկանության օպերաշխատողի հետ: Փաստաբանների նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրել, նրանց ծաղրել են, հետո էլ պրովոկացիայի արդյունքում դուրս են հանել ու միջանցքում ծեծել, հայհոյել: Ես ու Պալատի նախագահն ենք այցելել դեպքի վայր: Տեղում ասել են, թե իբր փաստաբաը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար իրենք իրավունք ունեն պատժել»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Վերջինս անընդունելի համարեց այդ փաստարկը՝ նշելով՝ դրա համար կան համապատասխան մարմիններ՝ Փաստաբանների պալատ, Քննչական կոմիտե և քրեադատավարական ընթացակարգ:

Վերջինս ոստիկանության պետին, ՆԳ նախարարին կոչ արեց քրեաիրավական գնահատական տալ բոլոր այն ոստիկանների գործողություններին, ովքեր ներգրավված են եղել ծեծին. Առնվազն նրանց լիազորությունները պետք է կասեցվեն:

Ծեծված փաստաբանների շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն էլ ներկայացրեց դեպքի մանրամասները՝ նախ նշելով, որ բերման ենթարկված անչափահասները օրինական ներկայացուցչի ու հոգեբանի ներկայությամբ ցուցմունք են տվել, թե ինչպես են նախորդ օրն Էրեբունու բաժնի օպերլիազորներն իրենց խոշտանգել:

«Սրա հետ կապված՝ Մարզպետ Ավագյանն ու Էմմանուել Ավագյանը հարցեր են տվել օպերլիազորին: Հարցերն արձանագրված են, եղել են բավականին կոռեկտ, սակայն օպերլիազորն այդ հարցերից ավելի է լարվել: Քննչական գործողության սենյակի մուտքի մոտ գտնվել են 10 օպերլիազորներ, ովքեր այդտեղ առհասարակ չպետք է գտնվեին: Մինչ քննիչը կարձանագրեր հարցաքննությունը, օպերլիազորը դուրս է եկել սենյակից ու սկսել տարբեր բնույթի վիրավորական արտահայտություններ անել, հայհոյել Մարզպետ Ավագյանին, ինչից հետո հարձակվել է նրա վրա: Քիչ անց սենյակից դուրս է եկել Էմանուել Անանյանը ու տեսել՝ ինչպես են ձեռքերով ու ոտքերով հարվածում Մարզպետ Ավագյանին: Նրա ձեռքերը ևս ոլորել են ու հարվածներ հասցրել: Ծեծը շարունակվել է տևական ժամանակ ու դադարել է բացառապես ՔԿ քննիչների միջամտության արդյունքում»,- ասաց Հրանտ Անանյանը՝ հավելելով՝ սա քայլ է փաստաբանական ինստիտուտի դեմ:

Հրանտ Անանյանը նշեց՝ միջադեպի վերաբերյալ ահազանգեր հնչեցվել են, ինչպես նաև գրավոր հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Արա Զոհրաբյանն էլ հավելեց՝ տուժողներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ, սակայն նրանց զանգերն անպատասխան են մնացել:

Հրանտ Անանյանի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները տուժած փաստաբաններին սպառնացել են հաղորդում տալու դեպքում հաշվեհարդար տեսնել նրանց հետ:  Նա նաև նկատեց՝ հարվածներ հասցվել են փաստաբան Մարզպետ Ավագյանի մարմնի բոլոր մասերին՝ գլխի շրջանում ու կրծքավանդակին ու դեմքին այդ թվում:

«Հարվածների տեղատարափ է եղել ուղղակի: Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չունենք»,- ասաց Հրանտ Անանյանը:

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբան Մարզպետ Ավագյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախորդ օրը, երբ բերման են ենթարկել իրենց վստահորդ անչափահասներին, նրանցից մեկի հորը 2-3 ժամ թույլ չեն տվել՝ որդուն տեսնի՝ որպես օրինական ներկայացուցիչ:

«2-3 ժամ անց է հորը հաջողվել՝ տեսնի որդուն՝ վնասվածքների մեջ, շորերը կեղտոտ, ոտնահետքերով»,- ասաց Մարզպետ Ավագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս