«Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր». Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ըստ նրա՝ կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, իսկ «էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը»։
Պաշտոնական Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը։
Ընդ որում, Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»։

