«Այս անչափահաս երեխան իր հոր ու մոր կողմից է թիրախավորվել». Նարեկ Սամսոնյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում է հայտնի «Իկրայի գործով» նիստը, որով Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի և «Antifake» լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք՝ 15.10.2021թ. ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/7486/02/20 դատական գործով 18.06.2021 թվականին կայացված վճիռը բեկանվել և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության:

Ավելի պարզ՝ «Իկրայի գործ» անունը ստացած Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի կողմից ներկայացրած հայցի վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշումը բեկանվել ու վերադարձվել է ստորին ատյան՝ նոր քննության:

Հիշեցնենք նաև, որ այս գործով Արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանն իր հեռանալուց առաջ ստորագրել էր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ կարգապահական միջնորդություն հարուցելու որոշումը, և խնդիրը հենց այդ որոշման հետ էր կապված:

Կարդացեք նաև

Ըստ արդարադատության նախարարի՝ Զարուհի Նախշքարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ «Իկրայի գործից», սակայն չի արել, և ըստ այդմ՝ թույլ է տվել դատավորի էթիկայի խախտում:

Հատկանշական է, որ կարգապահական վարույթը հարուցվել էր ոչ թե այն ժամանակ, երբ դատավոր Նախշքարյանը մերժել է բացարկի վերաբերյալ միջնորդությունը, այլ դրանից շուրջ 10 ամիս անց, երբ դատավորը մերժել է Շուշան Փաշինյանի հայցը: Հենց դրանից հետո ԲԴԽ-ում քննվեց այդ կարգապահական վարույթը, և թեպետ այն միակը չէր Զարուհի Նախշքարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթներից, բայց միակն էր, որով նա կարգապահական պատասխանատվության ենթարկվեց՝ ստանալով «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Հետաքրքիր «պատահականությամբ», ստորադաս ատյան վերադարձված «Իկրայի գործը» մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին: Հատկանշական է, որ Լիզա Գրիգորյանի նկատմամբ հարուցված միակ կարգապահական վարույթը ԲԴԽ-ում մերժվելուց հետո նրա անունն ընդգրկվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար, որովհետև նրա միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, սև խավիար շատ է սիրում: Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ-ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով, իսկ Նիկոլ Փաշինյանի անչափահաս դուստրը դատի էր տվել Նարեկ Սամսոնյանին:

Այսօրվա դատական նիստի հենց սկզբում Շուշան Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց, որ դատական նիստն անցնի առանց տեսալուսանկարահանման, այսինքն՝ առանց ԶԼՄ-ների մասնակցության:

Պատասխանող Նարեկ Սամսոնյանը, սակայն, պնդեց՝ նիստը պետք է լուսաբանվի, քանի որ սա հրապարակային գործ է:

Դատարանը, ի դեմս դատավոր Լիզա Գրիգորյանի, որոշեց՝ մինչև դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշումը դատական նիստին ԶԼՄ-ների տեսալուսանկարահանումն արգելված չէ:

Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Վանիկ Մարգարյանը նկատեց՝ Նարեկ Սամսոնյանը թիրախավորել է իր վստահորդին, բացասական ընկալում ձևավորել Շուշան Փաշինյանի նկատմամբ, ինչին Նարեկ Սամսոնյանն արձագանքեց՝ «Զարմանում եմ՝ ինչպես կարող է իկրա ուտելը բացասական ընկալում ձևավորել»:

Ի դեպ, Վանիկ Մարգարյանը արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) Կարեն Անդրեասյանի համատեղ բիզնեսի «AM» իրավաբանական գրասենյակի փաստաբան է:

«Այսինքն՝ Դուք պնդում եք, որ 2000 դոլարով 2 կգ իկրա ուտելը շատակերության նշա՞ն է»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանը դատարանին խնդրեց հայցվոր կողմին զգուշացնել իր վստահորդի հնչեցրած տեքստից դուրս ձևակերպումներ չանել:

«Առհասարակ այս դեպքում զրպարտության դեպք չունենք, քանի որ ՄԻԵԴ նախադեպային իրավունքով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրապարակումները նպաստում են հանրային քննարկմանը»,- ասաց Ծովինար Կարապետյանը:

Ըստ նրա՝ Նարեկ Սամսոնյանի քննադատության թիրախը երկրի ղեկավարի աղջիկը չի եղել, այլ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ աղբյուրը, ով տվել է այդ ինֆորմացիան, տվել որպես ԶԼՄ-ի ներկայացուցչի: Ապագայում աղբյուրն ինքը հարցազրույց կտա այդ թեմայով: Մինչ այդ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հարվածի տակ կդնեմ այդ անձին»,- Շուշան Փաշինյանի ներկայացուցչին ասաց Նարեկ Սամսոնյանը:

«Այս անչափահաս երեխան (Շուշան Փաշինյանը.- Գ.Ս.), իր հոր ու մոր կողմից թիրախավորվել է ու դարձել գործ տվող, հայցվոր: Երեխային թիրախավորել են իր ծնողները: Իմ թիրախը երեխան չէ, այլ սուտ խոսող քաղաքական գործիչը: Իմ քաղաքական հակառակորդն իր բոլոր երեխաներին սարքել է թիրախ՝ սկսած Աշոտից, նրա բանակում ծառայելուց: Ես ամաչում եմ, որ անչափահաս երեխայի հետ կապված եմ այստեղ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը պատասխան խոսքում պնդեց՝ Նարեկ Սամսոնյանը թիրախավորել է անչափահաս երեխային:

«Այո, դա քննադատություն է եղել, այո, դա բացասական երանգ է ունեցել, բայց դա ուղղված է եղել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, այլ ոչ նրա անչափահաս երեխային: Բացի դրանից, իկրա ուտելն ինքնին չի կարող բացասական երանգ ունենալ: Ես էդ երեխայի հետ կռիվ չունեմ: Էդ երեխային չթիրախավորելու համար ամենաճիշտ լուծումը կլիներ ամեն ինչ այստեղ չբերելը: Է, չդիմեիք դատարան, քննարկում չլիներ, չթիրախավորվեր»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հայցվոր կողմն ամեն դեպքում պնդեց, որ այդ դեպքում Շուշան Փաշինյանի անունը այդ գրառման մեջ չպետք է հիշատակվեր, քանի որ հանրային ընկալման մեջ Շուշան Փաշինյանի նկատմամբ հանրային բացասական ընկալում է ձևավորվել:

«Իսկ ո՞վ է չափել հանրային ընկալումը… Դա հայցվոր կողմի սուբյեկտիվ կարծիքն է: Հանրային բացասական ընկալում ձևավորվում է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք, տեսեք՝ ով ՀԴՄ չի խփում, տուգանեք, ոչ թե նրա անչափահաս երեխու իկրա ուտելը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս