Բացումը հետաձգվում է. Ի՞նչ հույսով է Հայաստանն անհամբեր սպասում

Մինչ Հայաստանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում ընկնելու Թուրքիայի գիրկը, Թուրքիայի իշխանությունները չեն շտապում բացել հայ-թուրքական սահմանը։ Անթալիայում օրերս տեղի ունեցած հերթական դիվանագիտական ​​ֆորումում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ ևս հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու սահմանների բացմանը հենց հիմա, հենց այսօր։

«Եթե ​​Սերդարը (հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ) համաձայնի, մենք կարող ենք այդ մասին հայտարարել հենց հիմա և պատմական դարձնել այս ֆորումը»,- Հայաստանի ակնկալիքները չթաքցնելով՝ հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Բայց նրա հայտարարությունն օդում մնաց. Թուրքիայի ներկայացուցիչը հասկացրեց, որ դրա ժամանակը չէ։ Սահմանը կբացվի միայն մի պարագայում, երբ կբավարարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները։

Այսքանից հետո դեռ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն առանց նախապայմանների են։ Սրանից ավել ի՞նչ նախապայմաններ կարող են լինել։ Չնայած կասկած չկա, որ դա էլ դեռ վերջը չէ։

Կարդացեք նաև

Սահմանադրության փոփոխություններից, որը նախաձեռնել է Հայաստանի գործող վարչակազմը, Թուրքիայի իշխանությունները ևս ունեն իրենց բաժին ակնկալիքները։ Այն պատմությունները, որոնք հորինել է Նիկոլ Փաշինյանն Արարատ-Արագածի, Հայաստանի  թե Հայոց պատմության վերաբերյալ, այդ ակնկալիքների շրջանակներում են։

Թուրքիան չի պատրաստվում բացել ցամաքային սահմանը ոչ միայն ապրանքների ազատ տեղաշարժի, այլև անգամ երրորդ երկրի քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ հայտարարում էին, թե սահմանը կբացվի 2023թ. կեսերին։ Այնքան էին շտապում, որ հատուկ հրատապ գնում արեցին՝ Մարգարայի անցակետը կառուցելու համար։

Շինարարությունը վաղուց արդեն ավարտվել է, անցակետը պատրաստ է շահագործման, բայց չի շահագործվում։ Սահմանն անգամ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար չբացվեց։

Այլևս անգամ խոսք չկա այն մասին, թե ընդհանրապես երբ կարող է բացվել։

Ինչո՞ւմ էր Հայաստանի իշխանությունների այդ շտապողականությունը, երբ դրա համար, ինչպես տեսնում ենք, ոչ մի հիմք չկար։

Թուրքիան հակված չէ բացել սահմանն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել այն ամենը, ինչ ակնկալում է Ադրբեջանի՝ իր փոքր եղբոր հետ միասին։ Առանց սահմանի բացման էլ Թուրքիան Հայաստանի շուկայում իրեն լիարժեք տեր ու տնօրեն է զգում։ Թուրքական ապրանքների այսպիսի հոսք Հայաստան երբեք չէր եղել։

Վերջին երեք տարիներին Թուրքիայից ներմուծումները 4,6 անգամով ավելացել են։

Եթե 2021թ. դրանք կազմել էին ընդամենը 73 մլն դոլար, անցած տարի հասան 337 միլիոնի։

Ժամանակին իշխանությունները հայտարարում էին թուրքական ապրանքների դեմ պայքարելու մասին, սահմանափակումներ էին մտցնում։ Այսօր տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում։

Թուրքիան արագորեն գրավում է հայկական շուկան՝ նույնիսկ առանց սահմանները բացելու։ Իսկ Հայաստանի իշխանությունները դեռ հույս ունեն, որ սահմանը կբացվի, և հայկական ապրանքները կհոսեն թուրքական շուկան։

Երբ սրում են հարաբերությունները երբեմնի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ և վտանգի տակ են դնում ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանումները, հավանաբար մտածում են նաև, որ ռուսական շուկան կարող են փոխարինել թուրքականով։ Դրա համար էլ երևի շտապում են օր առաջ բացել սահմանը։

Այդպես էլ չհասկացան, որ սահմանի բացումը չէ առաջնայինն ու կարևորը։ Այսօրվա արտադրական կարողությունների պայմաններում երբեք էլ Թուրքիան շուկա չի դառնա հայկական ապրանքների համար։ Դրա համար նախ և առաջ հարկավոր է մրցունակ ապրանքներ արտադրել։

Եթե նույնիսկ վաղը Թուրքիան որոշի իր շուկան լայնորեն բացել հայկական ապրանքների առաջ, վերացնել մուտքի բոլոր խոչընդոտները, միևնույն է, Հայաստանը շատ քիչ բան ունի առաջարկելու թուրքական շուկային։

Առավել ևս՝ առաջարկվող ապրանքները չեն լինելու գյուղատնտեսական, որոնք Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի մեջ շատ մեծ բաղադրիչ են կազում։

Այսօր դրանք իրացվում են հիմնականում Ռուսաստանում։ Բայց սահմանի բացումից հետո էլ տեղ չեն ունենա թուրքական շուկայում։ Ու եթե իշխանությունները նման ակնկալիքներ ունեն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները թեժացնելուց առաջ, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասվում։ Այն, ինչ իրացվում է ռուսական շուկայում, ռուսական շուկայում խնդիրների դեպքում այլընտրանքը բոլորովին էլ թուրքական շուկան չէ։

Տնտեսական այս կարողություններով ու արտադրական որակներով, որն ունի Հայաստանը, թուրքական շուկան այլընտրանք չի եղել և չի կարող լինել՝ անգամ բաց սահմանների պարագայում։ Միամտություն է այդպիսի հույսեր փայփայելը։

Փոխարենը՝ հակառակ պրոցեսին միանշանակ պետք է սպասել։ Թուրքական ապրանքներն ավելի մեծ թափով են լցվելու Հայաստան, գյուղատնտեսականից սկսած՝ կենցաղային ապրանքներով վերջացրած։ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ դիմակայելու դրան։ Գոնե վերջին տարիներին, երբ ակտիվացան հայ-թուրքական սահմանի բացման խոսակցությունները, երբ արտաքին հայտնի գործոնների արդյունքում առկա էին որոշակի հնարավորություններ ու պայմաններ, ինչ-որ բան անեին տնտեսությունը հզորացնելու, արտադրական կարողությունները մեծացնելու, վերազինելու, տնտեսությունը սահմանի բացմանը պատրաստելու ուղղությամբ, դա էլ չարեցին։

Թողնես միայն հպարտանան, որ այլ երկրների տնտեսությունների հաշվին՝ աշխարհում առաջատար են դարձել աճերով, մինչդեռ տնտեսությունը մի բան էլ կորցրել է կարողությունները։

Զարմանալի չէ, որ ի տարբերություն թուրքական շուկայում հայկական ապրանքների արտահանման ծավալների նվազման, թուրքական ապրանքներն են Հայաստանում գնալով ընդլայնվում։ Դրանց պակասը, փակ սահմանի պայմաններում, այսօր էլ չկա։ Այնինչ՝ հայկական ապրանքների արտահանումը Թուրքիա ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մի քանի միլիոնից չանցնել։

Անցած ամբողջ տարվա ընթացքում արտահանումը Թուրքիա կազմել է ընդամենը 6,3 մլն դոլար՝ 55-56 անգամ ավելի քիչ, քան ներմուծումն է եղել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս