«Եթե Հայաստանն ունենար ինքնուրույն քաղաքական ղեկավարություն և ոչ թե՝ Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկային ղեկավարություն, ապա ներկա բարդ աշխարհաքաղաքական գործընթացներին Հայաստանի նման փոքր պետությունը պետք է վարեր, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն։ Սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին, քանի որ ռուսական ու ՆԱՏՕ-ական աշխարհը բավականին լուրջ հակամարտության մեջ են մտել, այսպես կոչված՝ արևելյան բլոկը՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, և, բնականաբար, սրանք հակամարտության մեջ են Արևմուտքի հետ»։
«Ադրբեջանը ժամանակ է ձգում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ արդյունքներ է գրանցելու, այդ ընթացքում փորձում է ՀՀ-ում Սահմանադրություն փոխել։ Իսկ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հաջողություններ գրացնելու համար նախադրյալներ կան, բայց դեռևս դա շոշափելի չէ։
«Տեխնոլոգիաների տեսանկյունից ընդդիմությունը շատ թույլ է, ավելին՝ երբեք չի կարող ուրիշի ծրագրի մեջ մտնել և ուրիշի ծրագիրն իրենով անել, դրա համար մեծ «տաղանդ» պետք է ունենալ։ Այդ պատճառով եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, հնարավոր է՝ ընդդիմադիր այս կամ այն ուժն անցնի խորհրդարան, բայց չի կարող իշխանություն վերցնել, քանի որ արտաքին ուժերն աջակցելու են այն ուժին, որին բերել են իշխանության, այսինքն՝ այսօրվա իշխանությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։