Արկածային, գաստրո և մշակութային. ՀՀ-ում փառատոների շքերթ է լինելու

Հայաստանում այս տարի արկածային, գաստրո, բնապահպանական և մշակութային 12 փառատոն է անցկացվելու, մեկնարկը տրվելու է «Եղեգիս Ֆեստով»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։

«Արկածային, մշակութային, գաստրո և բնության հետ կապված փառատոները Հայաստանի տարբեր մարզերում են անցկացվելու, և բոլորը մեկից ավելի օր են տևելու։ Զբոսաշրջիկներն էլ մասնակցելով այս իրադարձություններին` ոչ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը բացահայտելու հնարավորություն են ունենում, այլև ծանոթանում են տվյալ մարզի սովորույթներին, ավանդույթներին, մշակույթին, գաստրոնոմիային»,– ասաց նա։

Առաջինը «Եղեգիս ֆեստն» է` բնության, տեղական մեղրի և երաժշտության փառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 25-ին Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում։ Լինելու է լեռնային մեղրի համտես, երաժշտական հագեցած ծրագիր, ներկայացվելու են տեղական օրգանական գինիներ, կազմակերպվելու են էքսկուրսիաներ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը շեշտեց` նման միջոցառումների միջոցով աշխարհին ցույց է տրվում, որ Հայաստանն անվտանգ, գեղեցիկ ու գրավիչ երկիր է։

«Մենք մշտապես մեր զբոսաշրջիկներին ասում ենք` եկեք Հայաստան ու ձեր կյանքի անմոռանալի պահերը հենց այստեղ անցկացրեք։ Ի դեպ, ՀՀ–ում փառատոներ անցկացնելու հիմքը դրվել է գինու ու խորովածի փառատոներով։ Առաջիկա 12 միջոցառումներից հաջորդն էլ հենց խորովածի փառատոնն է, որն անցկացվելու է օգոստոսի 1-ին։ Այն ավանդաբար անցկացվելու է Լոռու մարզում` Ստեփանավանում»,– ասաց Ապրեսյանը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ ներկայացրեց օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին անցկացվելիք «Դալան ֆեստ» ռոք փառատոնը, որի միջոցով նպատակ ունեն կենդանություն հաղորդել Գյումրու պատմական դալաններին և ներկայացնել քաղաքի ռոք երաժշտության պատմությունը։

«Առաջին անգամ 2019 թվականին է անցկացվել, ուղղակի հետո մեծ դադար ունեցանք` մի շարք հանգամանքներից ելնելով, նաև ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս տարի Զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորմամբ կկարողանանք կրկին անցկացնել։ Արտիստները նվագելու են Գյումրու 3 ամենամեծ և լավ պահպանված դալանների տակ։ 1970-ականներին ձևավորված հայտնի «Բամբիռ» ռոք խումբը հենց այդպիսի ավանդույթ է ունեցել` երգել կամարների տակ, նաև այդպիսի երգ ունեն»,– ասաց Թովմասյանը։

«Դալան ֆեստի» առաջին օրը ելույթ են ունենալու «Ուրու» և «Կանգուն» բենդերը, հաջորդ օրը` «Տիեզերքը», իսկ «Շուշի քուչի բլյուզ» խումբը կեզրափակի փառատոնը։

Ավանդաբար Գյումրիում կազմակերպվող ջազային «HAY at JAZZ» փառատոնն այս տարի անցկացվելու է նաև Եղեգնաձոր (օգոստոսի 14), Գորիս (օգոստոսի 15), Վանաձոր (օգոստոսի 21) և Դիլիջան (օգոստոսի 22) քաղաքների թանգարանների բակերում։

Օգոստոսի 10-11-ին Սիսիանում կայանալու է «Նավասարդ» հայ–իրանական փառատոնը, սեպտեմբերին` «Air fest»–ը Եղվարդում, Դիլիջանում` արվեստների և արհեստների փառատոնը, իսկ սեպտեմբերից հոկտեմբեր ժամանակահատվածում «Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի» համերգներն են լինելու։ Սեպտեմբերին կազմակերպվելու է «Colors of Armenia» (Հայաստանի գույները) նկարչական փառատոնը Շիրակի մարզում։

«Թէատրոն» միջազգային, կատարողական արվեստի փառատոնը, որը ֆրանկոֆոն ուղղվածություն ունի, անցկացվելու է Երևանում, Կապանում, Գորիսում ու Գավառում (կրկին սեպտեմբերին)։ Հոկտեմբերին նախատեսված են «Արենի» գինու ու «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031