Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորություն
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունական զբոսաշրջային և ճանապարհորդական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Լիսանդրոս Ցիլիդիսի հետ, այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հունաստան զբոսաշրջային համագործակցության զարգացման և երկկողմ զբոսաշրջային հոսքերի խթանման հնարավորությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանից և Հունաստանից զբոսաշրջային հոսքերի հավասարակշռման, երկու երկրների տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ։
Լիսանդրոս Ցիլիդիսը ողջունել է հայկական կողմի նախաձեռնողականությունը և առաջարկել նախ ձևավորել համագործակցության ինստիտուցիոնալ հիմք՝ համապատասխան մասնագիտական կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցով, կազմակերպել առցանց B2B հանդիպումներ և դիտարկել Հայաստանի հետագա մասնակցությունը Սալոնիկում անցկացվող «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ երկկողմ զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։

