«ՀԱՊԿ-ին ժամանակ է հարկավոր խնդիրը հաղթահարելու համար». փորձագետ

«ՀԱՊԿ նախագահները նաև փորձում են ցույց տալ, որ ՀԱՊԿ-ն լուրջ կառույց է, և նման գործընթացները ՀԱՊԿ ներկայացուցիչների նկատմամբ պետք է երկար կշռադատված լինեն կամ համապատասխան այլ գործընթացներով ուղեկցվեն, անցնեն սահուն, ինչն այս դեպքում տեղի չունեցավ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցին:

Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: «Քննարկման թեմաներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել էր Նազարբաևը:

Ի պատասխան՝ Պուտինն ասել էր. «Ինչ վերաբերում է առավել լայն հարաբերություններին՝ ՀԱՊԿ շրջանակում, ԵվրԱզԷՍ շրջանակում, այստեղ շատ մեծ օրակարգ կա, մեծ ծրագրեր, կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպես որ այն, որ Դուք նոր ասացիք»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել: Հայաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ դիմել են ՀԱՊԿ-ին՝ Խաչատուրովին փոխարինելու գործընթաց սկսելու առաջարկով:

Նախ՝ խոսելով Պուտին-Նազարբաև խոսակցությունից, Գոլցն ասաց, որ ՀԱՊԿ-ի համար իսկապես Խաչատուրովի շուրջ տեղի ունեցողը խնդիր է, քանի որ նրա նշանակմանը մի որոշակի գործընթաց է նախորդել:

Նա հիշեցրեց, որ այս ռոտացիոն պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումն էապես ուշացավ ՀԱՊԿ-ում այս հարցի շուրջ անհամաձայնության պատճառով, որը պայմանավորված էր առավելապես ԼՂ հակամարտությամբ և ՀԱՊԿ անդամ մի քանի երկրների ու Ադրբեջանի հարաբերություններով, այդ ձգձգումը բավականին լուրջ դժգոհության առիթ էր դարձել հայ հասարակության ներսում, հրահրելով հակառուսական տրամադրություններ, քննադատություններ և այլն:

«Եվ Հայաստանում ստեղծված տրամադրությունները մեղմացնելու, և ՀԱՊԿ-ում կարգուկանոն հաստատելու նպատակով Ռուսաստանը հետամուտ եղավ, որպեսզի հարցը լուծվի այնպես, ինչպես ՀԱՊԿ մյուս անդամ երկրների դեպքում: Բավական լուրջ քննարկումներ էին ծավալվել այն ժամանակ: Այսինքն` այս փուլը կարևոր է դիտարկել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայումս: Ռուսաստանի համար սա խնդիր է, քանի որ Ռուսաստանն է այս հարցն առաջ մղել, ՀԱՊԿ մյուս անդամ երկրների համար սա առիթ է իրենց դիրքորոշումը պնդելու, ՀԱՊԿ-ի ապագայի մասին մտահոգվելու և Ռուսաստանին խնդիրներ առաջադրելու համար: Պատահական չէ, որ Նազարբաևը շեշտում է, որ դա խնդրահարույց հարց է իրենց համար: Թվում է, թե հեշտ է մի անձին փոխարինել մյուսով, թեկուզ՝ ոչ հայ թեկնածուով, բայց այս գործն այնպիսի աղմուկ է ստեղծել իր շուրջ, որ կասկածի տակ է դրել այս կառույցի լրջությունը, կարևորությունը ՀԱՊԿ անդամ երկրների համար, ինչը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ապահովում է ԱՊՀ գոտում անվտանգությունը, մտահոգիչ է, և պետք է հնարավորինս սահուն լուծել այս հարցը»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում փոխարինողներ կգտնվեն, բայց սա, բնականաբար, հետք կթողնի այս կառույցի վրա: Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ նախագահները դրանից են փորձում խուսափել, լուծումներ գտնել, ուստի ակտիվ շփումների մեջ են միմյանց հետ այս օրերին:

«ՀԱՊԿ նախագահները նաև փորձում են ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը լուրջ կառույց է, և նման գործընթացները ՀԱՊԿ ներկայացուցիչների նկատմամբ պետք է երկար կշռադատված լինեն կամ համապատասխան այլ գործընթացներով ուղեկցվեն, անցնեն սահուն, ինչն այս դեպքում տեղի չունեցավ: ՀԱՊԿ-ի դերակատարությունն այս երկրների համար կարևորված է նաև Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ ներկայիս հարաբերությունների դեպքում: Հասկանալի է, որ քարտուղարին կարելի է փոխարինել, բայց ինչպես Հայաստանի թեկնածուի ընտրության դեպքում հարցը բավականին երկար ժամանակ ձգձգվեց, այս դեպքում ևս կարող է ձգձգվել, քանի որ անհրաժեշտ է անդամ բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը տվյալ թեկնածությանը: Ուստի շտապել և շտապ լուծումներ գտնել չի կարելի, ՀԱՊԿ-ին ժամանակ է հարկավոր այս խնդիրը հաղթահարելու համար, քանի որ վաղաժամ փոփոխության համար ևս համաձայնություն է հարկավոր, թեկնածուի հարցում` ևս, պետք է որոշել, թե որ երկիրը պետք է թեկնածու առաջադրի, այդ հարցում պետք է լինի համաձայնություն»,- ասաց նա:

Խոսելով Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Իրավական հարցերի և պետական շինարարության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլիի՝ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ դիտարկումների մասին՝ փորձագետն ասաց, որ ակտիվացել են այդ մասին խոսակցությունները:

«Սակայն հասկանալի է, որ դրա համար կարևոր է լինելու Հայաստանի կարծիքը, թեև կլինեն երկրներ, որոնք կաջակցեն նաև Ադրբեջանին: Այնուամենայնիվ, Հայաստանն իր դիրքորոշումը վերջերս տարբեր առիթներով հայտնել է, այն միանշանակ է, որ Հայաստանը չի կարող նման բան թույլ տալ»,- ասաց նա:

Խոսակցությունները, ըստ նրա, միանշանակորեն ակտիվացել են հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների ֆոնին: «Այնուամենայնիվ դրանք խնդիրներ են, որոնք կողմերը հակված են կարգավորել քննարկումների կառուցողական մթնոլորտում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս