Բաժիններ՝

Ձորաղբյուրի ամառանոցներում բնակիչները բողոքում են խմելու և ոռոգման ջրի բացակայությունից. պատասխանատուները խնդրին լուծում չունեն

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում բնակիչները տարիներ շարունակ բողոքում են խմելու և ոռոգման ջրերի սակավությունից, կամ, առհասարակ, բացակայությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն ասաց, որ Ձորաղբյուրում բացարձակապես ոչ մի համակարգ չկա: «Համակարգ մինչև չստեղծվի, մենք որպես ջրամատակարարող ընկերություն, չենք կարող այնտեղ ոչ մի ծառայություն մատուցել: Այսօր մեր պայմանագիրը պետության հետ այնպիսին է, որ պետությունն իր ենթակառուցվածքները վարձակալությամբ տվել է մեզ, և մենք այդ համակարգը շահագործում ենք և դրանով փորձում ենք բարելավել ջրամատակարարման որակը»,-պարզաբանեց Գրիգորյանը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոմիտեի առաջիկա ծրագրերում ևս չի քննարկվում Ձորաղբյուրի ամառանոցներում համակարգ ներդնելու հարցը: «Ձորաղբյուրի ամառանոցների հիմնական մասը նորաստեղծ է, և տեղի բնակչության մեծ մասը բնակվում է տարեկան մի քանի ամիս: Այնտեղ խմելու ջրագծեր, համակարգ որպես այդպիսին չկա, իսկ համակարգ ներդնելու համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ»,-ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետության 560 համայնքներ ընդհանրապես զրկված են խմելու ջրից: «Մենք մեր գերակայությունների մեջ այդ 560 համայնքներն ունենք ավելի շուտ, քան նորաստեղծ Ձորաղբյուրի ամառանոցային հատվածը: Այն ներդրողների համար ևս գրավիչ առաջարկ չէ»,-պարզաբանեց գերատեսչության խոսնակը:

Անդրադառնալով ոռոգման ջրին՝ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ոռոգման համակարգը սնվում է Արարատի ջրամբարից՝ քառաստիճան պոմպերի միջոցով: «Հերթական գործարկման ժամանակ պոմպը անցյալ շաբաթ վթարվել է: Վթարը գիշերվա ընթացքում վերականգնվել է, սակայն մեծ ճնշման պայմաններում խողովակաշարն է շարքից դուրս եկել, և մեր մասնագետներն արդեն քանի օր է աշխատում են այդ խողովակաշարի վթարը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե բնակիչները տարիներ շարունակ բողոքում են ոռոգման ջրի սակավությունից, Մարտիրոսյանը պատասխանեց, որ Ձորաղբյուրում ինքնահոս համակարգ չկա, և անհնար է այնտեղ ինքնահոսով ջուր մատակարարել: «Ստիպված պետք է պոմպերով մատակարարենք, իսկ այդ քառաստիճան պոմպերը հնացած են և անընդհատ խնդիրներ են առաջացնում»,-հավելեց խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս