Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:

«Հավաքվել ենք մի շատ կարևոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են և զինծառայողները: Հույս ունենք, որ այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, որպեսզի շոշափելի ծավալներով կարողանանք լուծել զինծառայողների ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները շատ ավելի լավ պայմաններով և շատ ավելի մեծ ծավալներով, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ առևտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև 7-7,5 տոկոս: Բնակարանների ձեռքբերման կանխավճարը կազմելու է 20 տոկոս, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը նախատեսվել է մինչև 30 տարի: Զինծառայողների պարագայում կանխավճարի 10 տոկոսը սուբսիդավորելու է Պաշտպանության նախարարությունը իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:

Որպես օրինակ՝ նշվել է, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450 հազար դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ և 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով և 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազար դրամի չափով:

Նշվել է, որ երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացման համար փորձառու շինարարի ընտրությունը և ընդգծել, որ պետք է անել ամեն ինչ՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագրերն ունեն մեծ կարևորություն, կառավարության առաջնահերթությունների թվում են և պետք է բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում ու խոչընդոտ:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա առաջիկա տարիներին ընդլայնել դրանց ծավալները՝ երիտասարդ ընտանիքներին ու զինծառայողներին բնակարաններով ապահովելու խնդրին արդյունավետ լուծում տալու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրերը վերջնական տեսքի բերելու և դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս