Փոմպեոն հրաժարվել է նշել ամերիկա-հյուսիսկորեական համաձայնությունների իրագործման ժամկետները
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հրաժարվել է նշել ամերիկա-հյուսիսկորեական համաձայնությունների իրագործման ժամկետները, որոնք ձեռք են բերվել հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում:
Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: «Ես չեմ պատրաստվում ժամանակային սահմանափակումներ անել, կտեւի դա երկու ամիս, վեց ամիս, մեք պարտավորություն ենք ստանձնել առաջ շարժվել արագացված տեմպերով, որպեսզի ապահովենք այն բանի կատարումը, ինչի շուրջ պայմանավորվել են երկու երկրների ղեկավարները»,- ասել է դիվանագետը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքը «մշտապես վերաիմաստավորում է» բանակցությունների արդյունքները՝ որոշելու՝ պետք է արդյոք դրանք շարունակել: «Հուսով եմ՝ առաջընթացը կշարունակվի»,- նշել է Փոմպեոն:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծումը կարող է իրականացվել 2-2,5 տարվա ընթացքում, Մինչ այդ Պենտագոնի ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ ժամանակներս Փհենյանին կտրամադրի ԿԺԴՀ-ի կողմից այն խնդիրների կատարման գրաֆիկ, որոնք նախանշվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններով:
«Կառաջադրվեն հատուկ խնդիրներ, դրանց կատարման հատուկ գրաֆիկ՝ գագաթնաժողովի համաձայնությունների իրականացման մեր տեսլականով»,- ասել է պետական պաշտոնյան: Նա չի հայտնել ամերիկյան կողմի պահանջների մանրամասները, բայց հավելել է. «Մենք արագորեն կիմանանք, թե նրանք (հյուսիսկորեացիները) մտադիր են արդյոք գործել ազնվորեն, թե՝ ոչ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: