Մեգան Մարքլին արգելել են իր սիրելի կերակուրն ուտել ճամփորդությունների ժամանակ
Արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին արգելել են սխտոր պարունակող կերակուրներ ուտել իրենց պաշտոնական այցերի եւ ճանապարհորդությունների ժամանակ: Այդ մասին գրել է Express-ը:
Ինչպես հաղորդել է աղբյուրը, այս միջոցները թագավորական ընտանիքում ձեռնարկվում են բերանի տհաճ հոտից խուսափելու համար:
Նաեւ պարզվել է, որ Եղիսաբեթ Բ թագուհին ատում է սխտորը եւ արգելում է սխտոր գցել կերակրի մեջ: «Մենք երբեք կերակուրներ չենք պատրաստում սխտորով կամ սոխի մեծ պարունակությամբ: Թագուհին դա երբեք թույլ չի տա»,- պատմել է պալատի ավագ խոհարար Դարեն Մաքգրեյդին:
Մեգան Մարքլն ինքը հայտնել է, որ իր սիրելի կերակուրներից մեկը՝ «հավի ֆիլիպինյան ադոբոն», շատ-շատ սխտոր է պարունակում, բայց ճանապարհորդությունների ժամանակ ինքն ստիպված է դրանից հրաժարվել: Սակայն Սասեքսի դքսուհուն թույլատրված է դա եփել տանը, երբ պաշտոնական ուղեւորություններ պլանավորված չեն: