«Հայաստանի քաղաքականությունը եվրոպական ուղղությամբ դեռ անորոշ է». Զաշտովտ

«Հայաստանի քաղաքականությունը եվրոպական ուղղությամբ դեռ անորոշ է եվրոպական կողմի կամ գոնե փորձագիտական համայնքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկամսյա վարչապետության երկրորդ այցին Ռուսաստանի Դաշնություն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչի կատարած աշխատանքային այցից հետո երկրորդ այցը կկատարի ՌԴ։  Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա:

Մայիսի 14-ին Սոչիում կայացած ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո սա կլինի Փաշինյանի երկրորդ այցը Մոսկվա։ Նշենք, որ հունիսի 14-ին Մոսկվայում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են ներկա լինել մի շարք համաշխարհային առաջնորդներ:

Ավելի վաղ, ըստ հայաստանյան մամուլի, մայիսի 9-ին, Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման: Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին Եվրոպայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) նիստին, սակայն Փաշինյանը Եվրոպա չի մեկնել.

«Դժվար է ասել՝ պատճառը գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե ՀՀ նորընտիր կառավարությունը միակողմանի արտաքին քաղաքականություն է վարում՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ այցը կատարելով ՌԴ, Կոնրադ Զաշտովտն արձանագրեց, որ սովորաբար ՀՀ նախկին իշխանություններն ընտրություններից հետո իրականացնում էին մեկական այցեր Մոսկվա և Բրյուսել՝ պարիտետը պահպանելու համար, թեև ԵՄ-ն հստակ գիտի, թե ինչ մակարդակում են հայ-ռուսական հարաբերությունները:

Ըստ նրա, դեռ վաղ է խոսել միակողմանի արտաքին քաղաքականության մասին, քանի որ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցի մասին որևէ խոսակցություն չի գնում, ինչը տարօրինակ է, քանի որ սովորաբար ընտրություններից ոչ ուշ Մոսկվայում լինում էր հանդիպում, պաշտոնական բանակցություններ:

«Կարծում եմ` համընկնում կարելի է համարել Սոչիի նիստը և հաջորդ շաբաթ աշխարհի առաջնության բացման արարողությունը: Ես չեմ նկատել, որ խոսք է ընթանում պաշտոնական այցերի մասին, այնինչ պետք է տեղի ունենան պաշտոնական այցեր: Կարծում եմ` դրանք սպասվում են:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ փոփոխություններ չեն լինելու ՀՀ արտաքին քաղաքական հարցերում, թեև Հայաստանի քաղաքականությունը եվրոպական ուղղությամբ դեռ անորոշ է եվրոպական կողմի կամ գոնե փորձագիտական համայնքի համար, քանի որ միայն ասվել է, որ նախկինում ստանձնված պարտավորությունները շարունակվելու են, Հայաստանը կատարելու է իր միջազգային պարտավորությունները, բայց թե ինչպիսի երկիր է տեսնում Հայաստանը ՀՀ նորընտիր իշխանությունը, ինչպիսի ծրագրեր կան ՀՀ-ԵՄ հարաբերություններում, հարաբերությունների ինչպիսի տեսլական կա, հայտնի չէ:

Սակայն պետք է ՀՀ կառավարությանը ժամանակ տալ, քանի որ ներքին մարտահրավերները չափազանց շատ են, այդ մարտահրավերներից մի քանիսը ԵՄ-ի հետ ընդհանուր են, Հայաստանում կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց դեմ պայքարի հարցում Եվրոպական միությունն աջակցել և աջակցելու է ՀՀ իշխանություններին»,- ասաց լեհ փորձագետը: Ըստ նրա` ՀՀ վարչապետին որոշ ժամանակ է անհրաժեշտ նաև ի մի բերելու ՀՀ արտաքին քաղաքական անելիքները, քանի որ դրանք ևս շատ են, առավելապես՝ Ղարաբաղյան հակամարտության առկայությունը և ժամանակ առ ժամանակ դրա բռնկումը:

«Ի վերջո, ԵՄ-ին այս պահին պետք է որ բավարարի Հայաստանի պնդումը, որ համաձայնագիրը ներդրվելու է, քանի որ առաջիկայում այլ ծրագրեր չկան: ԵՄ-ի համար կարևոր է այս համաձայնագրի շուրջ արդյունավետ աշխատանքը: Սակայն կարծում եմ` վարչապետի այց Բրյուսել ԵՀ-ի ղեկավարներն ակնկալում են ոչ շատ ուշ ապագայում: Սակայն նաև հասկանում են, որ երկիրը հեղափոխությունից հետո լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև է կանգնած, որոնց չեզոքացումն օր առաջ շատ կարևոր է: Ուստի այս փուլը նման դրսևորումներով ակնկալելի էր: Ապագան շատ ավելի որոշիչ կարող է լինել»,- ասաց Զաշտովտը:

Տեսանյութեր

Լրահոս