«Նախիջևանի սահմանում տեղի ունեցող գործընթացների մասին, կարծում եմ՝ ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն». Արմեն Աշոտյան

«Ինչպես տեսնում ենք, դիվանագիտական ճակատում և ռազմաքաղաքական  տեղաշարժերի արդյունքում՝ արցախյան խնդիրն այսօր նույնպես մնում է կարևոր»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա դիտարկմամբ՝ նոր իշխանությունների առջև դրված խնդիրները պետք է նաև մասամբ կիսվեն ընդդիմության տեսակետներով։ Ըստ Ա. Աշոտյանի՝ արցախյան հարցում զգոնության պահպանումը և սթափ գործելու պահը երբեք չի անցնում։

«Ակնհայտ է, որ Մինսկի խմբի վաղվա այցը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ բանաձևելու ՀՀ ժողովրդի և Արցախի ժողովրդի քաղաքական կամքը և մոտեցումները։ Կարծում եմ՝ Նախիջևանի սահմանում տեղի ունեցող գործընթացների մասին ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն, ու ակնկալում եմ, որ կառավարության համապատասխան պաշտոնյաներն այս հարցով նույնպես կզբաղվեն։

Կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ գիտակցեն, որ ոչ մի ներքաղաքական տեղաշարժ Հայաստանում կամ Արցախյան քաղաքական գործընթաց չի կարող խաթարվել հայ ժողովրդի միասնական կամքը՝ տեսնելու Արցախն անկախ և ազատ։ Առաջարկում եմ նոր իշխանություններին հետևողական լինել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու հարցում։ Ցավոք սրտի, առ այսօր այս  տրամաբանությունը ես չեմ տեսել արտաքին քաղաքականության դրսևորումների մեջ Արցախյան հարցում։ Անկախ նրանից, թե նոր իշխանությունը կարգավորման ինչ սցենար կառաջարկի, այնուհանդերձ,  նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները թերագնահատել պետք չէ»,- նշեց Ա. Աշոտյանը։

Նա կարևորեց հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա. «Սա շատ ավելի կարևորվում է տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը չխախտելու տեսակետից ու երկարաժամկետ զենքի սպառազինությունը և քաղաքական համագործակցությունը ՌԴ-ի հետ շարունակելու տեսակետից»։

Ա. Աշոտյանի խոսքով՝ անվտանգության հարցերը չպետք է կախված լինեն առանձին պաշտոնյաների տեսակետներից, որքան էլ նրանք պոպուլյար և սիրված լինեն։ Նա կարծում է՝ մեր անվտանգային քաղաքականությունը բանաձևելու, բյուրեղացնելու տեսակետից կարևոր են հանրային ելույթները, բայց դրանք երկրորդական են, եթե չկա երկարաժամկետ ռազմավարություն։

Տեսանյութեր

Լրահոս