Մունդիալ 2018-ի հայերը. ովքե՞ր են նրանք
Մի քանի օրից կմեկնարկի ֆուտբոլային աշխարհի ամենասպասված իրադարձությունը՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը չհաղթահարեց նախընտրական փուլը, սակայն այս համաշխարհային իրադարձությունը չի անցնի՝ առանց հայերի:
Ռուսաստանում անցկացվելիք Աշխարհի առաջնությունում ներկայացված հավաքականներում աշխատում են հայկական արմատներով երկու մասնագետներ:
Ֆաբիո Մահսերեջյան–Բրազիլիայի հավաքական–ֆիզիոթերապևտ
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ֆիզիոթերևապևտը հայազգի Ֆաբիո Մահսերեջյանն է, ով նաև ղեկավարում է ֆիզիոթերապևտների մեծ շտաբը:
Ֆաբիո Մահսերեջյանը պատասխանատու է բոլոր ֆուտբոլիստների ֆունկցիոնալ և ֆիզիկական պատրաստվածության համար:
Մահսերեջյանը ծնվել է Սան-Պաոլոյում, նրա մոր անունը Արաքսի է, իսկ հոր անունը՝ Ժիրայր:
Ֆաբիո Մահսերեջյանը 20 տարուց ավելի մասնագիտանում է ֆիզիոթերապիայում: Երկար տարիներ նա աշխատում է բրազիլական ակումբներում: Բրազիլիայի հավաքական նա հրավիրվել է 2010 թվականին՝ Մանո Նենզսի օրոք: Արդեն 8 տարի է՝ նա համարվում է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի ամենակարևոր անդամներից մեկը: Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնում Տիտեի նշանակումից հետո Մահսերեջյանը պահպանեց պաշտոնը: Նա և Տիտեն միասին աշխատել են նաև մի քանի բրազիլական ակումբներում, մասնավորապես՝ «Պալմեյրաս», «Ինտերնասիոնալե» և «Կորինտիաս»:
Ֆաբիո Մահսերեջյանը այն մարդն էր, որ օգնեց Ռոնալդոյին և Ադրիանոյին հաղթահարել ավելորդ քաշի հետ կապված խնդիրները;
2003 թվականին, երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել էր Սան-Պաոլո, Ֆաբիո Մահսերեջյանը հանդիպել է նրա հետ: Հենց Ֆաբիոն է ասել Մխիթարյանին, որ նա պետք է շեշտը դնի մկանային զանգված հավաքելու վրա:
Այս պահին Ֆաբիո Մահսերեջյանն անհատապես աշխատում է Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարի հետ, ով վերականգնվում է ծանր վնասվածքից:
Մարգար Աղաջանյան–Իրանի հավաքական– գլխավոր մարզչի օգնական
Մարգար Աղաջանյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ հայկական ընտանիքում: Իր առաջին ֆուտբոլային քայլեը նա արել է Թեհրանի «Արարատում»: Մարգար Աղաջանյանը պաշտպան է եղել և բավականին լավ կարիերա է ունեցել Իրանի առաջնությունում: Կարիերայի ավարտին նա 2 հանդիպում է անցկացրել Իրանի ազգային հավաքականում:
Կարիերայի ավարտից հետո Մարգար Աղաջանյանը հեռացել է ֆուտբոլից, սակայն 8 տարի անց վերադարձել և սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ:
Երբ իրանահայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը տեղափոխվել է Անգլիայի առաջնություն, Մարգար Աղաջանյանը մեկ ամսով գործուղվել է Անգլիա՝ աշխատելու Անդրանիկի հետ:
Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշն ինքն է առաջարկել Մարգար Աղաջանյանի թենածությունը՝ որպես գլխավոր մարզչի օգնական: Նրանք ծանոթացել են այն հյուրանոցում, որտեղ երկուսի թիմերն էլ ուսումնամարզական հավաք էին անցկացնում: Կեյրուշն ու Աղաջանյանը շփվել են իրար հետ, խոսել ֆուտբոլի մասին և շարունակել իրենց ֆուտբոլային զրույցները սուրճի սեղանի շուրջ: Աղաջանյանը Կեյրուշին է առաջարկել հավաքականի համար դիտարկել մի քանի երիտասարդ ֆուտոլիստների: Այդ ֆուտբոլիստները հիմա առանցքային են Իրանի հավաքականի համար:
«Ես համաձայնել եմ, քանի որ շատ բան եմ սովորել նրանից: Սկզբում միայն վերլուծություններ էի անում, բայց հետո դարձա մարզչական շտաբի լիարժեք անդամ: Դրանից առաջ ես փորձ ունեի Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ»,- հիշում է Աղաջանյանը:
Իրանական թիմերից մեկում Մարգար Աղաջանյանն աշխատել է Համլետ Մխիթարյանի հետ: Նրանք մինչ օրս ունեն ջերմ ընտանեկան հարաբերություններ: Մարգար Աղաջանյանը պատմել է, որ շատ ջերմ հարաբերությունների մեջ է մի շարք հայ ֆուտբոլիստների և մարզիչների հետ:
Սիրարփի Աղաբաբյան