Արեգ Կյուրեղյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Արեգ Կյուրեղյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Ողջունում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունում արդարության ու սահմանադրական կարգի շուտափույթ վերականգնում (հաստատում)։ Վստահ եմ, որ գործելու եք Հայաստանի Հանրապետության շահերից և ամեն ինչ անելու եք արդարացնելու Հայ ժողովրդի հույսերը, ամեն ինչ անելու եք պահպանելու աշխարհով մեկ սփռված հայության այս աննախադեպ միասնականությունը։
Պարոն Փաշինյան, հատկապես այս օրերին «Սասնա Ծռերի» գործողությունների վերաբերյալ հնչել են այլևայլ և տարաբնույթ կարծիքներ։ Ես վստահեցնում եմ Ձեզ և ի լուր աշխարհի, որ «Սասնա Ծռերը» գործել են բացառապես «Ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայ ժողովրդի»։ Վստահ եմ, որ անձամբ դուք չեք կասկածում և վստահ եք մեր նպատակների ազնվությանը։
«Հառաչող ազգերը ստրուկ, անիրավված, իրենց տառապանքին վերջտալու հույսով մի՛շտ էլ դիմել են հեղափոխության՝ որպես ծայրահեղ ևհերոսական միջոցի»։
Գարեգին Նժդեհ
Մեր խորին համոզմամբ «Սասնա Ծռերի» գործողությունները չեն գտնվում քրեական օրենքի դաշտում, վեր են դրանից և գտնվում են Իրավունքի սահմաններում ու Ազգային-ազատագրական պայքարի բարձունքին։ Հետևաբար մեր ապստամբությունը կարող է դատապարտել կամ արդարացնել միայն Հայ ժողովուրդը։
Պարոն վարչապետ, լինելով բանտում սահմանափակ տեղեկատվություն ստանալու պայմաններում, առանձին դեպքերում նույնիսկ կեղծ կամ աղավաղված տեղեկություններ ստանալու պայմաններում՝ դժվար է ճիշտ պատկերացում կազմել իրերի իրական դրությունից և ժամանակին արձագանքել, այնուամենայնիվ առկա իրավիճակում արձագանքելը համարում եմ անհրաժեշտություն, իսկ լռությունը՝ առավել վնասաբեր։
Պարոն վարչապետ, տեղեկացել եմ, որ դուք առաջարկել եք այս հարցի լուծումը գտնել հանրային քննարկումների արդյունքում։ Ես համաձայն եմ այդ առաջարկին, բայց խնդրում եմ ձեզ այդ քննարկումներին զոհված ոստիկանների հարազատների հետ միասին հրավիրեք անպայման նաև Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատներին, այս տարիների ընթացքում ոստիկանության բաժանմունքներում ծեծելով սպանված բոլոր քաղաքացիների հարազատներին, այս տարիների ընթացքում ինքնասպանության հասցված բոլոր քաղաքացիների հարազատներին, ծայրահեղ աղքատության մեջ սովից, ցրտից, հիվանդությունից մահացած բոլոր քաղաքացիների հարազատներին, երկրից վռնդված հարյուր հազարավոր բոլոր քաղաքացիների հարազատներին։
Ես չգիտեմ՝ առաջիկայում հնարավո՞ր է հրավիրել մի այսպիսի քննարկում, բայց ընդամենը մի քանի շաբաթ առաջ այսպիսի մի «քննարկում» արդեն իսկ տեղի է ունեցել։ Հանրապետության հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ պահանջում էր ձեզ ընտրել ՀՀ վարչապետ, հենց այդ նույն մի քանի հարյուր հազար մարդը վանկարկում էր «Սասնա Ծռեր», պահանջելով ազատություն, որը և վկայում է «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացիության մասին։
Մեզ համար մեր արդար լինելը վաղուց էր հաստատել հայ ժողովուրդը, իսկ այդ օրը, նաև ի լուր ողջ աշխարհի «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացման վճիռը վերահաստատեց։ Այլևս ոչ մի դատավորի, ոչ մի դատախազի, ոչ մի անհատի, խմբի, միության, կուսակցության կարծիք կարևոր չէ, մենք ունենք մեր գործողությունների արդարացման գերագույն վճիռը՝ Հայ ժողովրդի վճիռը։ Մենք արդեն գիտենք «թե ինչ կա կյանքից, մահից էլ անդին» (ի լուր Ա. Մեսչյանի)։
Պարոն Փաշինյան, ձեզ եմ ներկայացնում այս գերագույն արդարացման վճիռը՝ որպես հարցի լուծման բանալի, սա է ժողովրդի կամքը, սա է լուծման բոլոր հարցերի պատասխանը։ Արդարության իրականացումը թողնելով ՀՀԿ-ի մնացորդ նենգ, անարդար ու անբարոյական դատախազների ու դատավորների հույսին, այդ բանալին ունենալով իրենց ձեռքում, փորձում են հենց այդ բանալու միջոցով ճեղք գոյացնել Հայ ազգի՝ այս աննախադեպ միասնության «պատին», հույս ունենալով, թե հետագայում նաև կքանդեն։
Նամակիս վերջում առիթից օգտվելով շնորհավորում եմ Հայ ժողովրդին այս Մեծ Հաղթանակի առթիվ, շնորհավորում եմ նաև Ձեզ, պարոն Փաշինյան, Հայ ժողովրդի կամքին համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Ցանկանում եմ «Սասնա Ծռերին», նաև բոլոր քաղբանտարկյալներին և ընդհանրապես բոլոր բանտարկյալներին՝ Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։
Նուբարաշենի բանտից Արեգ Կյուրեղյան
22-ը մայիսի 2018թ.